«Երկիրը փրկելու համար միայն մտածելն անբավարար է»․ Սենոր Հասրաթյան

ANIMALI CELEBRI
«Երկիրը փրկելու համար միայն մտածելն անբավարար է»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը․ «Իմ կարծիքով, երեկվա հանրահավաքի դրական կողմերից մեկը, և գուցե ամենադրականն այն էր, որ հազարավոր մարդիկ հրապարակ էին եկել ներքին համոզմունքից ելնելով, ասել է թե՝ մտածելով, այլ ոչ թե արտաքին ուժերի կողմից ներդրված տարաբնույթ քարոզչական տեխնոլոգիաների կիրառման կամ չմտածող զանգվածներին ականջահաճո խոստումներ շռայլելու արդյունքում: Դա անգամ նկատելի էր հավաքված մարդկանց հայացքներից, նրանց պարկեշտ պահվածքից և, որ ամենակարևորն է՝ Երկրի հեղինակությանը որևէ կերպ չվնասելու ներքին մղումից: Սա խոսում է այն մասին, որ հավաքված մարդիկ, ի տարբերություն երեկվա «հեղափոխական» գաղափարներներով ոգևորված, սակայն պետության նավն անվտանգ առաջ տանելու կարողությունից զուրկ պոպուլիստների, գիտակցում են իրենց կողմից կատարվող քայլի լրջությունը… Գիտակցում են, որ իրենք պայքարի են ելել ոչ թե ցանկացած գնով հասնելու իշխանության, այլ փրկելու կործանման եզրին հայտնված Հայրենիքը:
Հ.Գ.- Ակնհայտ և ուրախալի է, որ Հայոց երկրում նման գիտակից և մտածող քաղաքացիներն անհամեմատ շատ են, սակայն անհասկանալի և տխուր է, որ երեկ հրապարակում նրանց թիվը սպասվածից քիչ էր… Երկիրը փրկելու համար միայն մտածելն անբավարար է, մտածածը կյանքի կոչելու համար գործել է պետք…»։

Rate article