ԱՍՈՒՄ ԷԻ ՉԷ՞, ՈՐ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԵՍ ՌԱԶՄԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԾՆՆԴԱՏՈՒՆԸ 30 ԵՐԵԽԱ Է ՎԱՃԱՌԵԼ

ANIMALI CELEBRI

Դատական փորձագետ Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

ԱՍՈՒՄ ԷԻ ՉԷ՞, ՈՐ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԵՍ
ՌԱԶՄԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԾՆՆԴԱՏՈՒՆԸ 30 ԵՐԵԽԱ Է ՎԱՃԱՌԵԼ

«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, թե մանկաբարձական եւ խնամքի որ հաստատություններն են ներգրավված եղել երեխաների ապօրինի որդեգրումների գործընթացում։

Նոյեմբերի 14-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Իտալիայի քաղաքացիները Հայաստանում, մեր երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ, որդեգրել են ավելի քան 30 երեխաների: ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, այդ թվում եւ ՀՀ մի շարք գերատեսչություններում ու մանկատներում, ապօրինի կազմակերպել են երեխաների որդեգրումները:

Համաձայն ԱԱԾ հաղորդագրության՝ մանկաբարձական հաստատության աշխատակիցները երեխաների որդեգրման համաձայնություններ են ստացել դիտավորությամբ եւ շահադիտական դրդումներով: Նրանք 2016-2018 թթ. ընթացքում տարբեր պատճառներով հղիության ընդհատման համար ծննդատուն դիմած մեկ տասնյակից ավելի կանանց, առանձին դեպքերում հղիության փաստը բարձրաձայնելու սպառնալիքով, նորածնի հիվանդությունը չափազանցնելու, սուտ տեղեկություններով եւ հոգեբանորեն ճնշելու եղանակով, հակել են նրան, որ ծնողը հրաժարվել է երեխայից եւ տվել որդեգրման համաձայնություն: Ընդ որում, ծննդատանը որոշ դեպքերում չեն խորշել ծննդկաններից՝ մատուցած բժշկական ծառայությունների դիմաց որպես կաշառք գումար ստանալուց:

Մեր տեղեկություններով՝ այս ամենին մասնակից մանկաբարձական հաստատությունը Պերնատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտն է («Հանրապետական ծննդատուն»), իսկ բժշկական փաստաթղթերում ծննդատան նշած մտացածին ախտորոշումներն օգտագործած եւ ՀՀ քաղաքացիներին այդ երեխաների որդեգրումը խոչընդոտած հաստատությունները՝ «Երեւանի մանկան տուն» եւ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ները:

Հանրապետական ծննդատան տնօրինությունը երեկ ամեն գնով խուսափեց մեկնաբանություն տալ տեղի ունեցածի հետ իր առնչության վերաբերյալ։ Տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի ընդունարանում աշխատող գործավարուհին, լսելով, որ լրագրող ենք, շտապեց տեղեկացնել, որ Աբրահամյանը խիստ զբաղված է եւ տվյալ պահին տեղում չէ: Այնուհետեւ անմիջապես հայտնեց նրա դստերը՝ մանկաբարձ Գոհար Աբրահամյանին, որ լրագրող է եկել: Ապա Ռազմիկ Աբրահամյանի գործավարուհին մեզ ուղղորդեց Գոհար Աբրահամյանի աշխատասենյակ, որտեղ պարզվեց՝ դուռը փակ էր: Այնտեղից բուժքույրերն ուղղորդեցին դիմացի մասնաշենք: Մի քանի ժամ շենքերում պտույտ կատարելուց հետո ի վերջո մեզ մոտեցավ «Հանրապետական ծննդատան» հանրային կապերի պատասխանատու Վարդուհի Սիմոնյանը:

Նա չհերքեց, որ ԱԱԾ աշխատակիցները տեւական ժամանակ եղել են ծննդատանը, աշխատանքներ են կատարել, ապաեւ դրանք ամփոփել հայտնի հաղորդագրությամբ: Սակայն հանրային կապերի պատասխանատուն հավաստիացրեց, որ ստուգումներ են իրականացվել 30-ից ավելի բոլոր հանրապետական ծննդատներում, ուստի շտապեց ավելացնել, որ ոչինչ չի պատրաստվում ասել՝ մինչեւ նախաքննությունը չավարտվի: Սիմոնյանը կոչ արեց հետագայում էլ որեւէ սենսացիա չսպասել: Հանրային կապերի պատասխանատուն եւս մեկ անգամ կրկնեց, որ իրենք կատարվածի հետ որեւէ կապ չունեն եւ մեզ ուղղորդեց գնալ մանկատուն:

Rate article