Հայ հայտնիներ, ովքեր վարակվել են կորոնավիրուսով

ANIMALI CELEBRI


Ամբողջ աշխարհում լայն տարածում գտած կորոնավիրուսը շարունակում է մնալ այս օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկը: Վարակը չի խնայում ոչ քաղաքական գործիչներին, ոչ մարզիկներին, ոչ էլ դերասաններին ու երգիչներին: Մինչ շատերը թերահավատորեն են վերաբերվում վիրուսի գոյությանը, օրեցօր ավելանում է այն հայտնիների թիվը, ում վարակը չի շրջանցել:

Tert.am Life-ն առանձնացրել է հայ հայտնիներին, ովքեր վարակվել են կորոնավիրուսով և բարձրաձայնել այդ մասին: Կան նաև մարդիկ, որոնք չեն ցանկացել բարձրաձայնել այդ հարցը։ Հարգելով նրանց ցանկությունը՝ նրանց անունները չենք հրապարակում։

ՀՀ ժողովրդական արտիստ Սոֆի Դևոյանը Tert.am Life-ի հետ զրույցում ասել էր, որ վարակվել է տան աշխատողից, մեկուսացած է եղել իր սենյակում և կարողացել է այնպես անել, որ ընտանիքի մյուս անդամները չվարակվեն։

Մայիսին Ռուսաստանում կորոնավիրուսով է վարակվել ու ապաքինվել Women’s club-ից Մաշա Մաթևոսյանը: «Ընտանիքով վարակվել էինք, բացի հայրիկիցս, բոլորս տան պայմաններում ենք բուժում ստացել: Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, մենք ապաքինվեցինք»,-ասել է նա:

Դերասան Գոռ Համբարձումյանը հունիսին էր վարակվել կորոնավիրուսով։ «Եթե վիճակս ծանր լիներ, գուցե չհաղթահարեի վարակվելու հանգամանքը, բայց քանի որ ինձ լավ եմ զգում, ոչ մի խնդիր չկա»,-ընդգծել էր նա:

«Կինստագրամ», «Ֆուլ Yere 1» նախագծերից հայտնի դերասանուհի Լիանա Վանոյանի համար հիվանդության ընթացքը բավականին ծանր էր եղել, քանի որ ունեցել էր բարձր ջերմություն, ուժեղ գլխացավ: Այնուամենայնիվ, դերասանուհին բուժումը ստացել էր տան պայմաններում: «Վատ վիճակս շարունակվեց չորս օր, թուլությունից կորցրել էի նաև խոսելու ունակությունս»,- Tert.am Life-ի հետ զրույցում խոստովանել էր Լիանան:

Երգչուհի Մարի Ավանեսյանը նույնպես հունիսի վերջին վարակվեց կորոնավիրուսով: Նա այդ մասին հարցազրույցներ տալ խուսափում էր, բայց ինստագրամյան էջում ակտիվ հրապարակումներ էր անում հիվանդության ընթացքի մասին և խորհուրդներ տալիս հետևորդներին: Երգչուհին բուժումը ստացել էր տան պայմաններում և նշել, որ երբ ապաքինվի, հավելյալ մի քանի օր մեկուսացած կմնա։ «Ես գիտեի, որ 14 օր հետո կարելի է տանից դուրս գալ, բայց պարզվում է` 20-30 օր հետո ես համարվում առողջ»,-գրել էր Մարին:

Մարիամ Խաչատրյան

Rate article