«Ձեզնից ո՞ր մեկը կմտնի պոլիկլինիկայի ռենտգեն կաբինետ, եթե իմանա, որ իրենից առաջ տուբերկուլոզով հիվանդ է մտել». հակատուբերկուլոզային դիսպանսերի բժիշկներ

ANIMALI CELEBRI

«Ձեզնից ո՞ր մեկը կմտնի պոլիկլինիկայի ռենտգեն կաբինետ, եթե իմանա, որ իրենից առաջ տուբերկուլոզով հիվանդ է մտել». հակատուբերկուլոզային դիսպանսերի բժիշկներ

Երևանի քաղաքային հակատուբերկուլոզային դիսպանսերի աշխատակիները գործադուլ են անում: Պատճառն այն է, որ առողջապահության նախարարությունը որոշել է դադարեցնել բուժհիմնարկի ստացիոնար հատվածի ֆինանսավորումը: Հիվանդանոցի բուժգծով փոխտնօրեն Նելլի Մարգարյանն ասաց, որ պետության կողմից հիվանդանոցին տրամադրվում էր 46 մլն դրամ՝ ամբուլատոր, 97 մլն դրամ էլ՝ ստացիոնար ծառայությունների համար: Օրերս առողջապահության նախարարությունը քաղաքապետարան նամակ է հղել, որով ծանուցել է, որ տուբերկուլոզի բուժման համար այլևս գումար չեն հատկացնելու: Դիսպանսերը քաղաքապետարանի ենթակայության է: Նախարարությունն առաջարկում է ախտորոշումները կատարել կամ պոլիկլինիկաներում, կամ՝ Աբովյանի հակատուբերկուլոզային հիվանդանոցում:

Ինչպես նշեց ստացիոնար բաժնի վարիչ Կատարինա Գյուլնազյանը, դա սխալ տարբերակ է, որովհետև պոլիկլինիկաները չունեն համապատասխան բուժսարքավորումներ: Բացի այդ՝ տուբերկուլոզով հիվանդը չպետք է սովորական պոլիկլինիկա մտնի՝ ախտորոշման համար, որովհետև դա իր մեջ ռիսկ է պարունակում՝ վարակի տարածման առումով: Բժիշկներից մեկն ասաց, որ 1 հիվանդը կարող է մինչև 10 մարդու վարակել:

«Ես ձեզ հարցնում եմ՝ ձեզնից ո՞ր մեկը կմտնի պոլիկլինիկայի ռենտգեն կաբինետ, եթե իմանա, որ իրենից առաջ այդտեղ տուբերկուլոզով բացիլյար հիվանդ է մտել»,- ասաց բժիշկներից մեկը՝ պնդելով, որ նման հիվանդներին պետք է ընդհանուր ցանցից տարանջատել:

Ինչ վերաբերում է Աբովյանի դիսպանսերին, ապա հիվանդների համար այնտեղ հասնելը բարդություններ կարող է հարուցել: Մինչդեռ իրենց հիվանդանոցը հագեցած է և՛ արդիական սարքավորումներով, և՛ որակյալ բուժանձնակազմով:

Հիվանդանոցի աշխատողներն ասացին, որ իրենք դիմել են նախարարություն, բացատրել որոշման բացասական հետևանքները, սակայն ստացել են այսպիսի պատասխան՝ ամեն բան արվում է՝ բյուջեի տնտեսումներ անելու համար:

Բուժաշխատողները նշեցին, որ Երևանի քաղաքապետարանը ևս կողմնակից չէ ֆինանսավորումը կրճատելուն: Դա հանգեցնելու է նրան, որ բուժհիմնարկը չի կարողանալու գոյատևել և ի վերջո փակվելու է: Բուժանձնակազմը գրավոր նամակով դիմել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և սպասում է պատասխանի: Աշխատակիցները պնդեցին, որ գործադուլ են անելու մինչև հարցի լուծումը:

Rate article