Հայտնի են դպրոցական արձակուրդների օրերը

ANIMALI CELEBRI

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հուլիսի 20-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022–2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները՝ համաձայն ներկայացված հավելվածի։

Իրավաբան․net-ը ներկայացնում է հրամանը՝ ամբողջությամբ։

I. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ, ՀԱՏՈՒԿ) ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԸ ՍԿՍԵԼՈՒ, ԱՎԱՐՏԵԼՈՒ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ 2021-2022 ԵՎ 2022–2023 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

1. 2021-2022 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում (այսուհետ՝ Հաստատություն) սկսվում են 2021թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2022թ. մայիսի 27-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 30-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

2. 2021-2022 ուսումնական տարում՝

1) Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռային՝ 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 9-ը ներառյալ, գարնանային՝ 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:

2) Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ, գարնանայինը՝ 2022թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ:

3) Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2021թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ և գարնանայինը՝ 2022թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:

3. 2022–2023 ուսումնական տարվա ուսումնական պարապմունքները Հաստատությունում սկսվում են 2022թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում` 2023թ. մայիսի 26-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում և մայիսի 27-ին` 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։

4. 2022–2023 ուսումնական տարում՝

1) Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2022թ. հոկտեմբերի 24-ից 30-ը ներառյալ, ձմեռային՝ 2022թ. դեկտեմբերի 26-ից 2023թ. հունվարի 8-ը ներառյալ, գարնանային՝ 2023թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:

2) Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2022թ. հոկտեմբերի 17-ից 30-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2022թ. դեկտեմբերի 26-ից 2023թ. հունվարի 22-ը ներառյալ, գարնանայինը՝ 2023թ. մարտի 20-ից ապրիլի 2-ը ներառյալ:

3) Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2022թ. հոկտեմբերի 24-ից 30-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2022թ. դեկտեմբերի 26-ից 2023թ. հունվարի 22-ը ներառյալ և գարնանայինը՝ 2023թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը ներառյալ:

5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն), տարածքային կառավարման լիազոր մարմնի (Երևանի քաղաքապետարանի) (այսուհետ՝ Լիազոր մարմին) ենթակայության հաստատությունների համար արձակուրդների ժամկետներում Լիազոր մարմնի կողմից կարող են կատարվել փոփոխություններ՝ Հաստատության առաջարկությամբ: Լիազոր մարմինը (մարզպետը, Երևանի քաղաքապետը) փոփոխությունները առնվազն 5 աշխատանքային օր առաջ համաձայնեցնում է Նախարարության հետ:

6. Հաստատությունը անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագիրը իրականացնել հեռավար ձևով՝ ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի 20.05.2020թ. N 09-Ն հրամանի համաձայն:

7. Նախարարությունը անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցերում: Սույն փոփոխությունները կարող է կատարել նաև Հաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու, ինչպես նաև ըստ Հաստատության ենթակայության՝ Լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով:

8. Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում Հաստատության դիմումի հիման վրա Լիազոր մարմինը (մարզպետը, Երևանի քաղաքապետը) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով Նախարարությանը:

9. Նախարարության ենթակայության հաստատություններում արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև Հաստատության կողմից լրացուցիչ արձակուրդի նախատեսումը կատարվում է Հաստատության նախաձեռնությամբ, Նախարարության համաձայնությամբ:

10. Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով Նախարարությանը:

II. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ, ՀԱՏՈՒԿ) ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

11. Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության (այսուհետ՝ Հաստատություն) օրինակելի ուսումնական պլանները (այսուհետ` Ուսումնական պլան) ունեն երկու` պետական և դպրոցական (մասնագիտացված դպրոցներում՝ մասնագիտական, հատուկ դպրոցներում՝ զարգացնող, հատուկ մանկավարժական) բաղադրիչ։ Պետական և դպրոցական (մասնագիտացված դպրոցներում՝ մասնագիտական, հատուկ դպրոցներում՝ զարգացնող, հատուկ մանկավարժական) բաղադրիչները պարտադիր են և պետական ուսումնական հաստատություններում ֆինանսավորվում են պետական բյուջեից: Հաստատությունը Ուսումնական պլանի հիման վրա դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ հաստատում է տվյալ ուսումնական տարվա իր ուսումնական պլանը(ները)։

12. Մասնագիտացված դպրոցի Ուսումնական պլանը կազմվում է նրա կողմից իրականացվող մասնագիտացված ծրագրերի (ռազմագիտության, սպորտի, արվեստների, արհեստների, գիտության որևէ բնագավառի) հիման վրա:

13. Հաստատության Ուսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների և հանրակրթական պետական ծրագրի նորմատիվային ծավալը (սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը)` ըստ դասարանների:

14. Պետական բաղադրիչով սահմանված ժամաքանակում փոփոխություն կարող է կատարվել Նախարարության համաձայնությամբ`

1) արտակարգ ընդունակություններ ունեցող սովորողների ուսուցումն առավել բարենպաստ պայմաններում կազմակերպելու համար,

2) բազմահամակազմ կամ թերբեռնված դասարանների առկայության դեպքում,

3) Նախարարության կողմից տվյալ Հաստատության համար երաշխավորված այլընտրանքային ծրագրերով ու մեթոդներով ուսուցում իրականացնելու դեպքում:

15. Հաստատությունում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպվում է Հաստատության կողմից հաստատված ուսումնական պլանների հիման վրա` յուրաքանչյուր սովորողի համար, ըստ անհրաժեշտության, կազմելով անհատական ուսուցման պլան (ԱՈՒՊ):

16. Անհրաժեշտության դեպքում՝

1) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների՝ բացառությամբ ինտելեկտուալ (մտավոր) հետամնացություն՝ միջին, ծանր, խորը խանգարումներ ունեցող երեխաների, ինչպես նաև տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող երեխաների անհատական ուսուցումը իրականացվում է «Տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող երեխաների անհատական ուսուցման ուսումնական պլան»-ով՝ համաձայն սույն Հավելվածի գլուխ 3-ի Աղյուսակ 6-ի:

2) Տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող, ինտելեկտուալ (մտավոր) հետամնացություն՝ միջին, ծանր, խորը խանգարումներ ունեցող երեխաների ուսուցումը իրականացվում է «Տնային և հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժվող միջին, ծանր և խորը մտավոր ֆունկցիայի խանգարում ունեցող երեխաների անհատական ուսուցման ուսումնական պլան»-ով՝ համաձայն սույն Հավելվածի գլուխ 3-ի Աղյուսակ 16-ի:

17. Ուսումնական պլանի պետական պարտադիր և դպրոցական բաղադրիչներն ուղղված են Հանրակրթության պետական չափորոշչով, առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և արժեքների ձևավորմանը։

18. Հաստատությունում (2-12-րդ դասարաններ) գործում է սովորողների գնահատման 10 միավորային սանդղակ։

19. Գիտելիքների ստուգումների, հիմնական և միջնակարգ կրթության ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման այլ սանդղակները բերվում են գնահատման 10 կամ 20 միավորային գրանցման։

20. Ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում են կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների (գնահատականի) հիման վրա՝ տարեկան գնահատականները՝ բացառությամբ սույն գլխի 12-րդ կետով նախատեսված դեպքի:

21. Սովորողների ընթացիկ գնահատումն իրականացվում է բանավոր հարցման, գործնական աշխատանքի, թեմատիկ աշխատանքի և կիսամյակային ամփոփիչ աշխատանքի ձևերով։ Թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ աշխատանքներն իրականացվում են գրավոր եղանակով, իսկ անհնարինության դեպքում՝ բանավոր, աշխատանքի ամբողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։ Բանավոր հարցումների, գործնական աշխատանքների, թեմատիկ աշխատանքների նվազագույն թիվը կիսամյակի ընթացքում սահմանում է Հաստատությունը՝ մանկավարժական խորհրդի որոշմամբ, առաջնորդվելով Նախարարության կողմից հաստատված առարկայի ծրագրով, գնահատման մեթոդաբանությամբ և մեթոդական ցուցումներով։ Կիսամյակային ամփոփիչ աշխատանքն իրականացվում է կիսամյակի ընթացքում մեկ անգամ՝ կիսամյակի վերջում։

22. Առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով (ձևավորող գնահատում): Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով կազմվում է յուրաքանչյուր սովորողի կրթական զարգացման բնութագիրը` համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի` 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 846-Ն հրամանով հաստատված կարգի:

23. Ինտելեկտուալ (մտավոր) հետամնացություն ունեցող սովորողների գիտելիքների ստուգումը կատարվում է՝ համաձայն անհատական ուսուցման պլանի (ԱՈւՊ):

24. Այն սովորողների համար, որոնք կրթական կարիքի գնահատման արդյունքում չեն կարող յուրացնել ուսումնական որևէ առարկայի բովանդակության պարտադիր նվազագույն ծավալը, Ուսումնական պլանով այդ առարկային հատկացված ժամերը տրամադրվում են սովորողի ընդունակություններին և հնարավորություններին համապատասխան՝ ԱՈՒՊ-ով սահմանված տվյալ առարկայական ծրագրից ընտրված և տվյալ սովորողին հարմարեցված բովանդակային բաղադրիչների ուսումնասիրմանը:

25. Հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի (մեկ ակադեմիական դասաժամի) տևողությունը 45 րոպե է: Դասերի սկիզբը և դասամիջոցների տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 28.03.2017թ. N 12-Ն հրամանի 77-րդ կետի պահանջները։

26. Տարրական դպրոցում յուրաքանչյուր դասաժամի միջնամասում որոշակի ժամանակ հատկացվում է լիցքաթափող և վերականգնող վարժություններին ու խաղերին` Նախարարության մեթոդական ցուցումների համաձայն:

27. Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգ.

1) Դպրոցական (մասնագիտական) բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է Ուսումնական պլանի պետական բաղադրիչով տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում նախատեսված և (կամ) Նախարարության կողմից երաշխավորված լրացուցիչ առարկայացանկում ընդգրկված առարկաներին, հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերի իրականացմանը և (կամ) սովորողների նախասիրություններին, ուսումնական հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով:

2) Մասնագիտացված ուսումնական հաստատության ուսումնական պլանի դպրոցական (մասնագիտական) բաղադրիչում ընդգրկված ռազմագիտության, սպորտի, արհեստների, արվեստների, գիտության որևէ բնագավառի (ճյուղի) մասնագիտացված ծրագրերը (ենթածրագրերը) ներկայացվում են մի քանի առարկաների (դասընթացների) միջոցով:

3) Նախարարության կողմից հաստատված ծրագրերով երաշխավորվում է «Կիրառական տնտեսագիտություն» (9-րդ դասարան), «Կյանքի հմտություններ» (2-8-րդ դասարաններ), «Բնապահպանություն» (7-8-րդ կամ 8-9-րդ դասարաններ), «Էկոլոգիա» (8-9-րդ դասարաններ), «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» (7-րդ կամ 8-րդ դասարան), «Ֆերմերային գործ» (11-12-րդ դասարաններ), «Տրամաբանություն» (11-րդ դասարան), «Գրաբար» (7-րդ կամ 8-րդ և 11-րդ դասարաններ), «Հայոց եկեղեցու պատմություն» (2-4-րդ դասարաններ), «Հայկական հարցի պատմություն» (11-րդ դասարան), «Հոգեբանություն» (7-8-րդ դասարաններ), «Մշակույթի պատմություն» (7-9-րդ դասարաններ), «Տնտեսագիտություն» (10-11-րդ դասարաններ), «Ձեռնարկատիրական կրթություն» (10-11-րդ դասարաններ) առարկաների ուսուցումը: Նշված առարկաների ուսուցումը այլ դասարաններում Հաստատության կողմից կարող է իրականացվել դրանց առարկայական ծրագրերը սահմանված կարգով Նախարարության կողմից հաստատվելուց հետո: Հաստատությունը կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ)՝ դրանց ծրագրերը Նախարարության կողմից հաստատվելուց հետո:

4) Հաստատության ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը կատարվում է մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ ելնելով Հաստատության, դասարանի պատրաստվածությունից, մանկավարժներով, ծրագրերով, դասագրքերով և երաշխավորված լրացուցիչ առարկայացանկի որևէ առարկայի լիարժեք ուսուցման կազմակերպման նպատակով Նախարարության կողմից հանրակրթական ուսումնական հաստատությունների համար երաշխավորված այլ ուսումնական գրականությամբ ապահովվածությունից և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ այլ պայմաններից, ինչպես նաև Նախարարության հանձնարարականներից։

5) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը պարտադիր է:

6)Դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի շրջանակում դասավանդվող առարկայացանկը ամրագրվում է Հաստատության ուսումնական պլանում և դասացուցակում։

28. Զարգացնող, հատուկ մանկավարժական ժամաքանակի տնօրինման կարգ.

1) Զարգացնող, հատուկ մանկավարժական պարապմունքներն անցկացվում են խմբային կամ անհատական պարապմունքների ձևով՝ ելնելով սովորողների կարիքներից: Պարապմունքներն ամրագրվում են դասացուցակում կամ առանձին կարգացուցակում: Անհատական պարապմունքների դեպքում զարգացնող, հատուկ մանկավարժական պարապմունքներին հատկացվող ժամաքանակը բաշխվում է շաբաթվա օրերի միջև՝ ամրագրվելով դասացուցակին կից կարգացուցակում:

2) Զարգացնող, հատուկ մանկավարժական խմբային պարապմունքի միջնամասում որոշակի ժամանակ հատկացվում է լիցքաթափող և վերականգնող վարժություններին ու խաղերին` ելնելով սովորողների կարիքներից:

29. Սույն Հավելվածի գլուխ 3-ի 12-րդ, 13-րդ, 15–րդ աղյուսակներով ներկայացված ուսումնական պլաններով առաջնորդվող հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում՝ յուրաքանչյուր 4 դասարանի համար նախատեսվում է մեկ հատուկ մանկավարժ` երեխայի զարգացման առանձնահատկությանը բնորոշ կարիքներին նպատակաուղղված հատուկ մանկավարժական խմբային և անհատական գործընթացի իրականացման, ԱՈՒՊ-ով նախատեսված աշխատանքների ապահովման, ինչպես նաև սովորողների սոցիալական հմտությունների զարգացման նպատակով:

30. Սույն Հավելվածի գլուխ 3-ի 14-րդ աղյուսակով ներկայացված ուսումնական պլանով առաջնորդվող Հակասոցիալական վարք ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունում՝ անձի ձևավորման, նրա սոցիալ-հոգեբանական հմտությունների և նախասիրությունների զարգացման նպատակով յուրաքանչյուր դասարանի համար կազմակերպվում է 1 (մեկ) խմբակ: Խմբակները կոմպլեկտավորվում են` ըստ երեխաների նախասիրությունների:

31. Հաստատության դասարանները կազմավորվում են «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 30.08.2018թ. N 954-Ն որոշման համաձայն:

32. Լսողության, տեսողության խանգարում ունեցող երեխաների Հաստատության տարրական դպրոցում (1-4-րդ դասարաններ) «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» առարկաների դասաժամերին կարելի է դասարանը բաժանել երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 12 և ավելի է:

33. Լսողության, տեսողության խանգարում ունեցող երեխաների Հաստատության Հայոց լեզու (7-9-րդ դասարաններ), «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» (5-9-րդ դասարաններ), «Ինֆորմատիկա» (6-9-րդ դասարաններ՝ համակարգչային դասարանների առկայության դեպքում) առարկաների պարապմունքներին դասարանը բաժանվում է երկու խմբի, եթե դասարանում սովորողների թիվը 15 և ավելի է:

34. Տեսողության, լսողության խանգարումներ, մտավոր հետամնացություն ունեցող սովորողների հանրակրթական հատուկ հաստատություններում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան փոխարինվում է «Անվտանգ կենսագործունեություն» առարկայով:

35. Ուսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում.

1) 12-րդ դասարանի առաջին կիսամյակում ուսումնասիրվող հանրակրթական պետական ծրագրի Ուսումնական պլանի նորմատիվային ծավալը սահմանվում է շաբաթական 34 դասաժամ` ապահովելով 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների ուսումնասիրությունը:

2) Հաստատության 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջում՝ կիսամյակային (տարեկան) գնահատականով և (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ (ստուգարքով, պետական ավարտական քննությամբ): «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից երկրորդ կիսամյակում ուսումնասիրության համար ընտրված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի վերջում՝ տարեկան գնահատականով և (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ (ստուգարքով, պետական ավարտական քննությամբ):

3) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի շաբաթական ուսումնական բեռնվածությունը ձևավորվում է պարտադիր ուսումնասիրության «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ, 1 ժամ) առարկայի և սովորողի ընտրությամբ առնվազն երեք առարկայի ուսումնառության համար հատկացված ժամաքանակից` ապահովելով առնվազն 31 դասաժամ:

4) Նորմատիվային 34 դասաժամի և սովորողի ուսումնական պարտադիր բեռնվածության 31 դասաժամի տարբերությունից մնացած 3 դասաժամը տնօրինում է սովորողը:

5) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաներին Հաստատության ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը տրվում է այդ առարկաների ուսումնական նյութի կրկնությանը: Ուսումնական նյութի կրկնությունը ինքնուրույն աշխատանքի միջոցով կարող է իրականացվել հեռավար կրթության տեխնոլոգիաների կիրառմամբ՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 20.05.2020թ N 09-Ն հրամանով հաստատված «Հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգի» համաձայն:

6) 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում ուսումնասիրության համար իրենց կողմից ընտրված ուսումնական առարկաների ցանկը Հաստատության սովորողները ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում մինչև դեկտեմբերի 1-ը գրավոր հայտնում են Հաստատության տնօրենին: Միասնական քննություններ հանձնող սովորողները ցանկում ներառում են նաև միասնական քննական առարկաները:

7) Եթե Հաստատության ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկա(ներ) դասարանի սովորողներից ոչ մեկը չի ընտրել, ապա այդ առարկային(ներին) ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը վերաբաշխվում է տվյալ դասարանի սովորողների կողմից ընտրված ուսումնական առարկաներին, և կազմվում է տվյալ դասարանի 2-րդ կիսամյակի ուսումնական պլանը:

8) Դասարանի ուսումնական պլանին համապատասխան` կազմվում է տվյալ դասարանի դասացուցակը:

9) Մեկից ավելի դասարանների առկայության դեպքում կարող են ձևավորվել միևնույն առարկան ուսումնասիրող զուգահեռ դասարանների սովորողներից կազմված ուսումնական խմբեր: Այդ դեպքում տվյալ ուսումնական առարկայից անհրաժեշտ գրանցումները կատարվում են էլեկտրոնային դասամատյանում:

10) 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաների ուսումնական նյութի կրկնությունը կազմակերպվում է դասարանային (դասացուցակին համապատասխան) և արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներով:

11) Սովորողը մասնակցում է միայն իր ընտրած առարկաների դասարանային ուսումնական պարապմունքներին:

12) Եթե սովորողի կողմից ընտրած ուսումնական պարապմունքների ժամաքանակը շաբաթվա ընթացքում պակաս է 31 դասաժամից, ապա պակաս ժամերի չափով սովորողը մասնակցում է արտադասարանային ուսումնական պարապմունքներին:

13) Սովորողի արտադասարանային պարապմունքներին մասնակցության տևողությունը որոշվում է 31 ժամի և սովորողի դասացուցակային բեռնվածության տարբերությամբ:

14) Արտադասարանային պարապմունքներին սովորողի(ների) մասնակցությունը հաշվառվում է և գրանցվում համապատասխան մատյանում դասղեկի կողմից:

15) Արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներ են՝ ուսուցիչների կողմից տրված հանձնարարությունների կատարումը, լրացուցիչ ուսումնական գրականության և այլ աղբյուրների ուսումնասիրումը, գործնական և փորձնական աշխատանքների կատարումը, ուսումնական նախագծերի իրականացումը, հիմնահարցերի հետազոտումը, ստեղծագործական աշխատանքը, տեխնիկական սարքերով և գործիքներով աշխատանքների կատարումը, գրավոր աշխատանքները, նոր տեխնոլոգիաների, համակարգչային ծրագրերի կիրառումը, անհատական և խմբային, ինքնուրույն և համագործակցային աշխատանքների կատարումը, ուսումնական էքսկուրսիաների անցկացումը և այլն:

16) Սովորողն իր տնօրինմանը հատկացված 3 ժամը կարող է օգտագործել կրթական այլ ծառայություններ ստանալու նպատակով` տվյալ Հաստատությունում կամ այլ հաստատություններում:

36. Օտար լեզվի ընտրության կարգ.

1) Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում դասավանդվում է երկու օտար լեզու, որոնցից առաջինը ռուսերենն է, երկրորդը` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ Նախարարության կողմից երաշխավորված ծրագիր ունեցող այլ լեզու:

2) Հաստատության ընտրությամբ երրորդ օտար լեզու (բացի ռուսերենից և մյուս օտար լեզվից) կարելի է դասավանդել դպրոցական բաղադրիչի ժամաքանակի հաշվին՝ 5-9-րդ դասարաններում (շաբաթական 1.5 կամ 2 ժամ) և 10-12-րդ դասարաններում (շաբաթական 2 ժամ)՝ Նախարարության կողմից հաստատված չափորոշիչների և ծրագրերի, ուսումնական գրականության հիման վրա, ուսուցման համար անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում:

3) Նախարարության կողմից՝ Հաստատության մանկավարժական խորհրդի և ըստ Հաստատության ենթակայության լիազոր մարմնի առաջարկությունների հիման վրա, կարող է փոխարինվել Հաստատությունում դասավանդվող երկրորդ օտար լեզուն (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն) այլ օտար լեզվով, ինչպես նաև որոշվել նոր հիմնադրված Հաստատությունում դասավանդվող երկրորդ օտար լեզուն:

37. Մասնագիտացված կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում դասարանները ձևավորվում են Մասնագիտացված դպրոցի կանոնադրության համաձայն:

38. Տարրական դպրոցում «Ռուսաց լեզու» և «Օտար լեզու», միջին դպրոցում և ավագ դասարաններում «Հայոց լեզու», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա» (համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե սովորողների թիվը 20 և ավելի է:

39. Դասարանը նույն կարգով կարելի է բաժանել երկու խմբի նաև Նախարարության երաշխավորած «Գրաբար» (7-րդ կամ 8-րդ, 11-րդ դասարաններ) առարկայի պարապմունքների ժամանակ՝ դպրոցական բաղադրիչի ժամաքանակը այդ առարկային տրամադրելու դեպքում։

40. «Տեխնոլոգիա» առարկայի (5-7-րդ դասարաններ) պարապմունքներին դասարանը բաժանվում է երկու խմբի՝ սովորողների ընտրությամբ՝ անկախ սովորողների թվից։ Խմբերում ուսուցումը կազմակերպվում է Նախարարության կողմից հաստատված և յուրաքանչյուր խմբի համար Հաստատության կողմից ընտրված առարկայական ծրագրով։

41. Անհրաժեշտության դեպքում Հաստատությունն իրավասու է վերաբաշխելու առարկայի ուսուցմանը Ուսումնական պլանով հատկացված ժամերը` պահպանելով տվյալ առարկայի տարեկան ընդհանուր ժամաքանակը:

42. 8-11-րդ դասարաններում Նախարարության կողմից երաշխավորված ծրագրի և ուսումնական նյութերի հիման վրա դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որին յուրաքանչյուր դասարանում տարեկան տրամադրվում է 14 դասաժամ:

1) «Առողջ ապրելակերպ» դասընթացին տրամադրված ժամաքանակը ձևավորվում է «Ֆիզկուլտուրա» առարկայի տարեկան ժամաքանակից առանձնացված 14 դասաժամի հաշվին:

2) «Ֆիզկուլտուրա» առարկայի ծրագրով նախատեսված ուսումնական նյութերը ենթարկվում են թեմատիկ վերաբաշխման` պահպանելով տվյալ դասարանի համար Նախարարության հաստատած ծրագրային ամբողջ ծավալը:

3) «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդվում է ուսումնական պարապմունքների ընթացքում:

4) «Առողջ ապրելակերպ» դասընթացի ընթացիկ գնահատում չի կատարվում:

5) Դասամատյանում դասընթացի գրանցումները կատարվում են առանձին էջում:

43. 6-7-րդ դասարաններում «Կերպարվեստ» և «Երաժշտություն» առարկաներից «Երաժշտություն» ուսումնական առարկան դասավանդվում է առաջին, իսկ «Կերպարվեստ» ուսումնական առարկան` երկրորդ կիսամյակում՝ ապահովելով Հաստատության ուսումնական պլանով սահմանված՝ տվյալ առարկայի տարեկան ընդհանուր ժամաքանակի պահպանման պահանջը: «Կերպարվեստ», «Երաժշտություն» և «Ֆիզկուլտուրա» առարկաների ժամերը կարող են դասացուցակում բաշխվել շաբաթվա նույն օրը այնպես, որ այդ առարկաների` ուսումնական պլանով սահմանված շաբաթական կամ ամսեկան ժամերը իրականացվեն այդ օրվա ընթացքում։

44. Հաստատությունում, ըստ կրթական ծրագրերի աստիճանների, տարրական, միջին և ավագ դպրոցներում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների համար «Ֆիզկուլտուրա» առարկայի ուսուցումը կարող է իրականացվել «Հանրակրթական դպրոցի հատուկ բժշկական խմբերի «Ֆիզկուլտուրա» առարկայի 1-12-րդ դասարանների ծրագրով», Հաստատության խմբակների համար նախատեսված ժամաքանակի շրջանակում կամ տվյալ դասարանի «Ֆիզկուլտուրա» առարկայի դասաժամերին՝ անհատական ծրագրով:

45. Հաստատությունում հատուկ բժշկական խմբերում ընդգրկված սովորողների գնահատում «Ֆիզկուլտուրա» առարկայից չի կատարվում:

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾՈՂ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

46. Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող առանձին գործող ավագ դպրոցի (այսուհետ` Ավագ դպրոց) օրինակելի ուսումնական պլանները սահմանում են հոսքային ուսուցման ծրագրեր իրականացնող Ավագ դպրոցում միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը՝ ըստ տարբերակված հոսքերի, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների և սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը` ըստ դասարանների:

47. Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարաններում, ֆինանսական միջոցների առկայության դեպքում, Հաստատությունը կարող է առաջնորդվել «Հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող առանձին գործող ավագ դպրոցի օրինակելի ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումների» 46-րդ կետի պահանջներով:

48. Ավագ դպրոցում երաշխավորվում են հոսքերի հետևյալ խմբերը`

1) հիմնական – հումանիտար, բնագիտամաթեմատիկական, արհեստագործական,

2) ընդհանուր:

49. Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանների ուսպլանները ըստ հոսքերի տրված են.

1) ընդհանուր հոսքը` «Հաստատության ուսումնական պլան»-ում (համաձայն սույն Հավելվածի Գլուխ 3-ի Աղյուսակ 1-ի),

2) հումանիտար հոսքը` «Հանրակրթական ավագ դպրոցի հումանիտար հոսքի X-XII դասարանների ուսումնական պլան»-ում (համաձայն սույն Հավելվածի գլուխ 4-ի Աղյուսակ 1-ի),

3) բնագիտամաթեմատիկական հոսքը` «Հանրակրթական ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի X-XII դասարանների ուսումնական պլան»-ում (համաձայն սույն Հավելվածի գլուխ 4-ի Աղյուսակ 2-ի),

4) արհեստագործական հոսքը` «Հանրակրթական ավագ դպրոցի արհեստագործական հոսքի X-XII դասարանների ուսումնական պլան»-ում (համաձայն սույն Հավելվածի Գլուխ 4-ի Աղյուսակ 3-ի):

50. Հոսքային ուսուցման առարկաների դասերին ֆինանսական միջոցների առկայության դեպքում դասարանի խտությունը կարող է սահմանվել 12-14 սովորող` ոլորտը կարգավորող սանիտարական և շինարարական նորմերի և կանոնների պահպանմամբ:

51. Ավագ դպրոցի միևնույն դասարանի(ների) սովորողները ընդհանուր հանրակրթական բաղադրիչի շրջանակում ուսումնասիրվող երկրորդ օտար լեզվի (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն կամ որևէ այլ լեզու) դասաժամին խմբավորվում են ըստ իրենց կողմից հիմնական դպրոցում ուսումնասիրված օտար լեզվի` անկախ սովորողների թվից, բայց ոչ ավելի, քան երեք օտար լեզվի (բացի ռուսերենից) համար:

52. Օրինակելի ուսումնական պլանների կառուցվածքը.

Հոսքային (խորացված) ուսուցման Ուսումնական պլանները կազմված են ընդհանուր հանրակրթական, հոսքային (արհեստագործական հոսքում` մասնագիտական) և դպրոցական բաղադրիչներից:

1) Ընդհանուր հանրակրթական բաղադրիչը ներառում է հանրակրթական ուսումնական առարկան(երը) և յուրաքանչյուր առարկայի համար նախատեսված շաբաթական ժամաքանակները՝ ըստ դասարանների: Ընդհանուր հանրակրթական առարկաները պարտադիր են տվյալ հոսքի (ենթահոսքի) համար:

2) Հոսքային բաղադրիչով սահմանված ժամաքանակը տրամադրվում է խորացված ուսուցմամբ առարկաների դասավանդմանը, իսկ արհեստագործական հոսքում` մասնագիտական դասընթացներին: Հոսքային բաղադրիչում ընդգրկված առարկաները (դասընթացները) ուղղված են սովորողի հետագա մասնագիտական կրթության հիմքերի ստեղծմանը և հանրակրթությունից մասնագիտական կրթության անցման շարունակականության ապահովմանը, իսկ արհեստագործական հոսքի պարագայում` նախնական մասնագիտական կրթության որոշակի որակավորումների շրջանակում համապատասխան հմտությունների ձեռքբերմանը:

3) Նախարարությունը, հաշվի առնելով տվյալ Ավագ դպրոցի առանձնահատկությունները, խորացված ուսուցմամբ առարկաների ցանկում կատարում է փոփոխություններ՝ տվյալ հոսքի խորացված ուսուցման առարկաներին ավելացնելով նոր առարկա(ներ)՝ Ավագ դպրոցի առաջարկության և սահմանված կարգով հաստատված առարկայական ծրագրի(երի) առկայության դեպքում:

4) Դպրոցական բաղադրիչն ընդգրկում է հոսքային ուսուցման բովանդակությունը լրացնող ընտրովի (լրացուցիչ) առարկաները, դասընթացները և դրանց ուսուցման համար ըստ դասարանների նախատեսված ժամաքանակները: Այս բաղադրիչը տնօրինում է դպրոցը` ղեկավարվելով Նախարարության կողմից հաստատված լրացուցիչ առարկայացանկով:

5) Ավագ դպրոցը Ուսումնական պլանների հիման վրա ընդհանուր հանրակրթական, հոսքային և դպրոցական բաղադրիչների տնօրինմամբ մշակում է յուրաքանչյուր հոսքի` տվյալ ուստարվա ենթահոսքերի իր ուսումնական պլանները: Ենթահոսքերի ուսումնական պլանները կազմելիս դպրոցն ընդհանուր հանրակրթական և հոսքային բաղադրիչներով նախատեսված ժամաքանակի բաշխումից հետո մնացած ժամաքանակը հատկացնում է դպրոցական բաղադրիչին:

6) Ընդհանուր հանրակրթական, հոսքային և դպրոցական բաղադրիչները ֆինանսավորվում են պետական բյուջեից:

7) 10-11-րդ դասարաններում և 12-րդ դասարանի առաջին կիսամյակում շաբաթական ուսումնական պարտադիր բեռնվածությունը բոլոր հոսքերում սահմանվում է 34 դասաժամ:

53. Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգը հոսքային ուսուցմամբ դասարաններում

1) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը տրամադրվում է Նախարարության կողմից հաստատված լրացուցիչ առարկայացանկի, ինչպես նաև տվյալ հոսքային ուսուցմամբ դասարանի ընդհանուր հանրակրթական և հոսքային ուսուցման բաղադրիչների առարկաներին:

2) Ավագ դպրոցի խորացված ուսուցմամբ հոսքերի համար կարող են երաշխավորվել լրացուցիչ հետևյալ՝ «Գրաբար» (11-րդ դասարան), «Արտասահմանյան գրականություն» (11-րդ դասարան), «Բանահյուսություն» (հին և միջնադարյան շրջան, 11-րդ դասարան), «Ճարտասանություն» (11-րդ դասարան), «Արևմտահայերեն» (10-րդ կամ 11-րդ դասարան), «Պետության և իրավունքի հիմունքներ» (11-րդ դասարան), «Հայկական հարցի պատմություն» (11-րդ դասարան), «Հնագիտություն» (10-րդ դասարան), «Ազգագրություն» (10-րդ դասարան), «Հայաստանի հարակից երկրների պատմություն» (11-րդ դասարան), «Կրոնի պատմություն» (11-րդ դասարան), «Արվեստի պատմություն» (10-11-րդ դասարաններ), «Հայոց եկեղեցու պատմություն» (բնագիտամաթեմատիկական հոսք, 10-11-րդ դասարաններ), «Քրիստոնեական բարոյագիտություն» (12-րդ դասարան), «Բարոյագիտություն» (10-րդ դասարան), «Տրամաբանություն» (11-րդ դասարան), «Թվային համակարգեր» (10-րդ դասարան), «Երկրաչափության հիմունքներ» (12-րդ դասարան), «Դիսկրետ մաթեմատիկայի տարրեր» (11-րդ դասարան), «Աստղագիտություն» (10-11-րդ դասարաններ), «Ռադիոէլեկտրոնիկա» (11-րդ դասարան), «Բնօգտագործման և բնապահպանության հիմունքներ» (10-11-րդ դասարաններ), «Էկոլոգիայի և կայուն զարգացման հիմունքներ» (10-11-րդ դասարաններ), «Կիրառական քիմիա» (11-րդ դասարան), «Գիտական ճանաչողության հիմունքներ» (11–րդ դասարան), «Բնական գիտությունները և մաթեմատիկան» (10-րդ դասարան), «Բնագիտական մտքի պատմություն» (11-րդ դասարան), «Երկրագիտություն» (ուսումնասիրվող օտար լեզվով), «Քերականություն և բառագիտություն» (ուսումնասիրվող օտար լեզվով), «Գրականություն» (ուսումնասիրվող օտար լեզվով), «Մասնագիտական կողմնորոշում» (10-րդ կամ 11-րդ դասարան), «Տնտեսագիտություն» (10-11-րդ դասարաններ), «Ձեռնարկատիրական կրթություն» (10-11-րդ դասարաններ) առարկաների ուսուցումը՝ դրանց առարկայական ծրագրերը Նախարարության կողմից հաստատվելուց հետո:

3) Հաստատությունը կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ)՝ դրանց ծրագրերը սահմանված կարգով Նախարարության կողմից հաստատվելուց հետո:

54. 10-11-րդ դասարաններում Նախարարության կողմից երաշխավորված ծրագրի և ուսումնական նյութերի հիման վրա դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» դասընթացը, որին յուրաքանչյուր դասարանում տարեկան տրամադրվում է 14 դասաժամ:

1) «Առողջ ապրելակերպ» դասընթացին տրամադրված ժամաքանակը ձևավորվում է «Ֆիզկուլտուրա» առարկայի տարեկան ժամաքանակից առանձնացված 14 դասաժամի հաշվին:

2) «Ֆիզկուլտուրա» առարկայի ծրագրով նախատեսված ուսումնական նյութերը ենթարկվում են թեմատիկ վերաբաշխման` պահպանելով տվյալ դասարանի համար Նախարարության հաստատած ծրագրային ամբողջ ծավալը:

3) «Առողջ ապրելակերպ» դասընթացը դասավանդվում է ուսումնական պարապմունքների ընթացքում:

4) «Առողջ ապրելակերպ» դասընթացի ընթացիկ գնահատում չի կատարվում:

5) Դասամատյանում դասընթացի գրանցումները կատարվում են առանձին էջում:

մանրամասներ այստեղ

Աղբյուր

Rate article