Անտառներում թաքնված ու երեկ ողջ գտնված Դավիթը մայրիկից առաջինը մանդարին ու իր կիթառն է ուզել. ի՞նչ է պատմել Դավիթը

ANIMALI CELEBRI

Ստեփանակերտի հիվանդանոցում այս պահին գտնվող 70 օր անհետ կորած համարվող Դավիթ Սահակյանն իր մայրիկի հետ հեռախոսազրույցում առաջինը մանդարին է խնդրել ու կիթառը։

Հոկտեմբերի 15-ից վեր որդուց ոչ մի լուր չունեցող մայրը վերջին մեկ օրում նրա հետ երկու անգամ հեռախոսով է զրուցել։

Ալինա Եգորովան որդու գտնվելը հրաշք է համարում։ Այս ողջ ընթացքում համոզված է եղել՝ Դավիթ ողջ է, մայրական բնազդով զգում էր՝ որդին նեղության մեջ է, մրսում է, սոված է…

«Ես հարյուր տոկոսով գիտեի, զգում էի, որ ինքը ողջ է։ Գիտեի, որ ինքը դիսկոմֆորտ է ապրում, մրսում է։ Ես երազում իրեն ճաշ էի տալիս։ Ինքը ջուր էր ուզում։ Ես գիտեի, որ ողջ է»,- Panorama.am-ին պատմում է տիկին Ալինան։

Երևանում գտնվող մայրը ֆինանական ու այլ խնդիրների պատճառով դեռ չի կարողացել Արցախ մեկնել, որդուն գրկել, ցրտահարված ոտքերն ափերի մեջ առնել։

Մեկ այլ գտնված զինծառայողի մոր հետ դիմել են պաշտպանության նախարարություն՝ իրենց Արցախ հասնելու հարցում աջակցելու համար։ Մոր խոսքով, նախարարությունից պատասխանել են՝ աջակցության նման ծրագիր չունեն։

Ստեփանակերտում ապրող իր ծանոթին խնդրել է մանդարին հասցնել որդուն։ Կիթառն ինքը կփոխանցի։

«Սա հրաշք էր ուղղակի, գիտե՞ք մենք ինչքան ենք կանգնել ՊՆ-ի դիմաց, խնդրել, աղաչել։ Երեխեն զանգել էր, ասել էր՝ մենք օգնության կարիք ունենք, մենք վիրավոր ունենք»,- պատմում է տիկին Ալինան։

Դավիթն ուսի հատվածում հրազենային վիրավորում ունի, գտնված բոլոր վեց տղաների ոտքերը խոր ցրտահարված են, ցավեր ունեն, քայլել դժվարանում են։ Զինվորը դեռ վիրահատության կարիք ունի։ Մայրը չգիտի՝ որտեղ ու երբ կվիրահատեն նրան։

19-ամյա Դավիթը Ռուսաստանում է ապրել։ Ընտանիքը վերջերս է տեղափոխվել Հայաստան։ Մայրն ասում է՝ Արցախի տեղն էլ չգիտեին։

«Ինքը ծառայել է Ջաբրայիլում, հետո հայտնվել են Հադրութի անտառներում։ Մինչև այդ 16 հոգով թաքնված են եղել Վանք գյուղի տներից մեկի նկուղում։ Ծանր վիրավորներ են ունեցել։ 7 հոգի։ Նրանցից երկուսը սկզբում են մահացել։ Երեխաները հենց այդ տան բակում են ընկերներին թաղել։ Գրպաններում զապիսկա են դրել, անուններն են գրել։ Այս վերջերս իմացա, որ ծնողները գտել են այդ երկու երեխայի մարմինները։ Տանտիրոջ անունը Ապրես է եղել։ Նկուղում ղաուրմա է եղել, դա են գտել, կերել, տակառով պանիր, պահածոներ։ Նկուղը լքելուց առաջ իրենց հետ ուտելիք են վերցրել, ապա թաքնվել անտառում։ Թե հետո ոնց են սնվել, ապրել, չգիտեմ։ Մանրամասն չխոսեցի։ Բժիշկ մտավ սենյակ։ Հիմա տեսնենք, ինչ կորոշեն, կտեղափոխե՞ն Երևան, թե՞ կմնա այնտեղ»,- պատմում է մայրը։
Տիկին Ալինան այսօր էլ չի հասկանում, ինչպե՞ս կարող էին մի քանի օրվա ծառայողին տանել առաջին գիծ։ Դավիթը զորակոչվել էր այս տարվա օգոստոսի 19-ին, մոտ մեկ ամիս մնացել է Ասկերանում, կարանտին էր։ Սեպտեմբերի 19-ին տեղափոխել են Ջաբրայիլ։

«Սեպտեմբերի 27-ին հանել են առաջին գիծ, դիրքեր։ Երեխեքը մի քանի գիշեր անցկացրել են պոստերում, հինգ օր եղել են սոված։ Մի հատ տուշոնկան վեց հոգով են կերել։ Երեք օր եղել են առանց ջուր։ Դրանից հետո հայտնվել են Հադրութում՝ շրջափակումների մեջ, փախնելով հասել են անտառներ»,- պատմում է մայրն ու կրկին փառք տալիս Աստծուն՝ որդին ողջ է։

Հիշեցնենք, որ 70 օր անհայտության մեջ մնալուց հետո երեկ ողջ են գտնվել ու հիվանդանոց տեղափոխվել վեց զինծառայողներ՝

Այվազյան Արսեն Կարենի
Սահակյան Դավիթ Գեղամի
Ստեփանյան Նիկոլայ Սեյրանի
Հարությունյան Արթուր Գարիկի
Արմաղանյան Արման Արշակի
Թումանյան Ռուսլան Սարգիսի։

Rate article