Ինչպես կոշիկ ընտրել, որպեսզի պահպանվի ոտքերի առողջությունը․ վերտեբրոնյարդաբանի խորհուրդներ

STORIE DI VITA

Ինքնամեկուսացման ընթացքում մենք հետ ենք սովորել քայլելուց, շատերի ոտքերը սկսում են ցավել նույնիսկ չափավոր երկար զբոսանքից: Այս իրավիճակում կօգնեն ճիշտ ընտրված կոշիկները, ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում բացատրել է Ռուսաստանի վաստակավոր բժիշկ Անդրեյ Կաբիչկինը:

Կոշիկ ընտրելիս պետք է հաշվի առնել ոչ միայն դրանց տեսքը, այլեւ ֆունկցիոնալությունը: Միեւնույն ժամանակ պարտադիր պետք է հատուկ ուշադրություն դարձնել ներբաններին՝ չափազանց կոշտ կամ չափազանց հարթ ներբանները չեն պաշտպանում կրունկները գետնին հարվածելուց, եւ դա կարող է հանգեցնել լուրջ խնդիրների, ասում է վերտեբրոնյարդաբան, մանուալ թերապեւտ, ռեֆլեքսաթերապեւտ Անդրեյ Կաբիչկինը:

«Մտավախություն է առաջացնում հաստ կաշվե ներբաններով կոշիկը, որը չի չի ամորտիզացնում կրունկի, ոտնաթաթի ծանրաբեռնվածությունը եւ առաջացնում է ցավի հետ կապված խնդիրներ: Ներբանն ունի լայն բարակ շերտ, որը ծածկում է ոտնաթաթի տակ ամբողջ մասը, այն խիտ թաղանթով ամրանում է կրունկի ոսկորին: Եվ եթե կոշիկի ներբանը չի ամորտիզացնում ծանրաբեռնվածությունը, ապա շատ հաճախ 35-40 տարի անց սկսում է հայտնվել կրունկի ոսկրակոշտուկ կամ պլանտար ֆասցիիտ` բորբոքում ֆասցիայի կցորդման տեղում»,- նշել է բժիշկը:

Կրունկի ոսկրակոշտուկից կարելի է ազատվել, բայց դա կպահանջի բժշկական միջամտություն, հնարավոր է՝ վիրահատություն:

«Այս հիվանդությունը բավական արդյունավետորեն բուժվում է հարվածաալիքային թերապիայի միջոցով: Բայց եթե հիվանդությունը ամրանում է, ապա միանգամայն պարզ է, որ պետք է դիմել բժշկի: Երբեմն ոսկրակոշտուկը վիրահատում են՝ վիրահատության էությունը տեսանելի ոսկրային գոյացության մաքրումն է` շրջապատող հյուսվածքների վնասվածքի հավանականությունը նվազեցնելու համար»,- բացատրել է Կաբիչկինը:

Բժշկի խոսքերով՝ կոշիկի կրունկներն այս իմաստով նույնքան վտանգավոր են, որքան հարթ ներբանը: Նաեւ չի կարելի շատ ոտաբոբիկ քայլել բնակարանում, եթե տան հատակը շատ կոշտ է:

«Կոշիկի կրունկը նույնպես չի ամորտիզացնում հարվածային ծանրաբեռնվածությունը, ուստի առաջացնում է տհաճ հիվանդություններ: Այստեղ մենք ունենք ասֆալտ, բետոն, սալիկ: Ռիսկի են դիմում այն մարդիկ, ովքեր տանը սալիկապատ կամ բետոնե մակերեւույթների վրա ոտաբոբիկ են քայլում։ Փայտը այսպիսի հիվանդություններ չի խթանում: Եթե մանրահատակ է, դա լավ է: Իսկ լամինատը, սալիկը, կերամոգրանիտը կարող են հրահրել այս հիվանդությունը: Ոչ բոլոր տնային հողաթափերն են օգտակար: Շաքարախտով տառապող մարդկանց չի կարելի տափակ հողաթափերով քայլել կոշտ մակերեսի վրա, ոտնաթաթը պետք է ծալվի»,- հավելել է Անդրեյ Կաբիչկինը:

Ընդ որում, բժիշկը դեմ չէ բարձրակրունկ կոշիկներին՝ նա խոստովանում է, որ այն կարող է գեղեցիկ լինել, սակայն կոչ է անում դրանք հագնել ոչ ավելի, քան օրական 2-3 ժամ: Հատկապես, ըստ նրա, դա վերաբերում է շատ բարձր՝ ավելի քան 7 սանտիմետրանոց կրունկներին:

Rate article