Վարչապետի խորհրդավոր լռությունը, որը համաձայնության նշան ․․․

ANIMALI CELEBRI

«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է,

որ խմբակցությունը դեռևս չունի Սահմանադրական դատարանի իրավիճակի վերաբերյալ հստակ դիրքորոշում:

Դա զարմանալի էլ չէ: Հստակ դիրքորոշում ունենալու համար խմբակցությունը պետք է տիրապետեր ծավալվող ամբողջ քաղաքական գործընթացին: Անկասկած է, որ խմբակցությունը դրան չի տիրապետում:

Եվ, իհարկե, չի էլ կարող, քանի որ այն ամբողջական չէ որպես քաղաքական թիմ, մի շարք օբյեկտիվ պատճառներով: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանի համար բոլոր առումներով նպատակահարմար չէ քաղաքական գործընթացներում խմբակցությունը ներգրավել անմիջականորեն: Դա այլ հարց է:

Մյուս կողմից, Սահմանադրական դատարանի հարցը շարունակում է մնալ առկախված և ինքնին հատկանշական է, որ դիրքորոշում չի ցուցաբերում նաև Նիկոլ Փաշինյանը: Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանին, որն առաջադրել է Վահե Գրիգորյանին որպես դատավորի թեկնածու և, փաստորեն, կամա թե ակամա, սկսել գործընթացը,

ապա Սարգսյանը, անկասկած, իր գործը համարում է կատարած՝ նա չի առաջացրել քաղաքական ճգնաժամ, առաջադրել է Վահե Գրիգորյանին՝ անգամ նախկին իշխանությունից սուր թիրախավորման գնով, և առճակատման մեջ չի մտել վարչապետ Փաշինյանի հետ:

 

Ինչ է արել վարչապետ Փաշինյանը: Նրա խորհրդական Վահե Գրիգորյանը դարձել է դատավոր և արել հայտարարություն, որն առաջացրել է այդ վիճակը: Նիկոլ Փաշինյանը լռում է: Այս լռությունը չի կարող լինել համաձայնության նշան, որովհետև բավականին անհարմար վիճակում է նաև Վահե Գրիգորյանը:

Նա արել է բավական միարժեք հայտարարություն, որ ստանձնում է դատարանի նախագահի պաշտոնը, սակայն չի ստանձնել այն, մնացել է կես ճանապարհին և ավելին, լուծումների համար դիմում է պետական այլ գերատեսչությունների: Եթե դա այդպես էր, ապա էլ ինչո՞ւ հայտարարել, որ ստանձնում է դատարանի նախագահի պաշտոնը:

Բանն այն է, որ միարժեք այդ հայտարարությունը պետք է ենթադրեր նաև հետագա քայլեր, որոնք բխում էին այդ տրամաբանությունից: Բայց այդ քայլերը չկան, իսկ դա էլ առաջացնում է հարցեր, և Փաշինյանի լռությունն այդ պայմաններում ամենևին Վահե Գրիգորյանի օգտին չէ: Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ վարչապետը դժգոհ է Գրիգորյանի քայլից,

նրա մոտեցումները եղել են անակնկալ նաև իր համար, կամ էլ վարչապետին ներկայացվել է իրադարձությունների զարգացման մի տրամաբանություն, սակայն ստացվել է, որ այդ տրամաբանությունն այդքան էլ կուռ չէ:

Այդ ընթացքում Սահմանադրական դատարանը քննարկելու է Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը կամ, համենայնդեպս, պատրաստվում է քննարկել, ինչը միայն անձեռնմխելիության հարց չէ, այլ, մեծ հաշվով, ներքաղաքական զարգացումների մի ամբողջ կոնցեպտի:

(Visited 171 times, 179 visits today)
Rate article