Վատ լուրեր Տարոն Մարգարյանի համար

ANIMALI CELEBRI

Վատ լուրեր Տարոն Մարգարյանի համար

Վերջին օրերին իրավապահների տարածած կոռուպցիոն բնույթի բացահայտումների վերաբերյալ հաղորդագրություններից երկուսը վերաբերում են Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակահատվածում մայրաքաղաքում տեղի ունեցած չարաշահումներին:

Հաղորդագրություններից մեկով քրեական գործ է հարուցվել Երևան համայնքին պատճառված ավելի քան 5.3 մլրդ դրամի համար:

Մասնավորապես, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք 2013թ. և 2015թ. պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ են մտցրել «Սանիտեք Ինթերնեշնլ» ՍՊԸ-ի և «Սանիտեք SARL» ընկերությունների կողմից մասնագիտական փորձառություն, անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ և աշխատանքային ռեսուրսներ ունենալը հավաստող ապացույցների առկայության վերաբերյալ՝ հրավերով առաջադրվող որակավորման չափանիշներին ընկերությունների հայտի համապատասխանությունը գնահատելով բավարար: Դրա արդյունքում վերջիններիս հետ կնքվել են Երևան քաղաքում աղբահանության և սանիտարական մաքրման, ներառյալ ձմռան ամիսներին ծառայությունների մատուցման պայմանագրեր:

Ըստ գլխավոր դատախազության, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, սկսած 2014թ., չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, հսկողություն և վերահսկողություն չեն իրականացրել կատարված աշխատանքների և Երևան քաղաքի բյուջեով հատկացված միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման նկատմամբ: Դրա արդյունքում տարիներ շարունակ համայնքային բյուջեից վճարվել են Ընկերություններին փաստացի չկատարված աշխատանքների և չմատուցված ծառայությունների համար:

Այսպիսով, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, բանկային երաշխիքի բացակայությամբ համաձայնագրեր կնքելու, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում համայնքին պատճառվել է շուրջ 5.313.721.900 ՀՀ դրամի նյութական վնաս՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Մյուս քրեական գործը վերաբերում է «Խութ» հիմնադրամին, որը կապվում է նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի անվան հետ:

Ըստ Գլխավոր դտաախազության հաղորդագրության՝ 2013-2014թթ. ընթացքում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի առանձին պաշտոնատար անձինք անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ծառայողական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ձեռնարկել են առերևույթ ապօրինի ներգործության միջոցներ՝ վարչական շրջանում գործող «Խութ» բարեգործական հիմնադրամին քաղաքացիների կողմից գումարներ տրամադրելու ուղղությամբ:

Մասնավորապես, նշված վարչական շրջանում անհատական տների շինարարության իրականացման թույլտվություն տրամադրելու համար, բացի նոր շինարարության տրամադրման պետական տուրքի վճարումից, քաղաքացիներին պարտադրել են նաև գումարներ փոխանցել նշված բարեգործական հիմնադրամի հաշվեհամարին և ներկայացնել փոխանցումը հավաստող անդորրագիրը: Հակառակ դեպքում սպառնացել են չտրամադրել շինարարության իրականացման թույլտվություն:

Lragir.am

Rate article