Սեր՝ պատերազմից հետո․ Արցախից Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը 2 օրից կամուսնանան

ANIMALI CELEBRI

Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով Վանաձորում ապաստանած մարդիկ նաեւ սիրահարվում ու միմյանց հետ ընտանիք են կազմում: Կացարանը, որտեղ բնակություն են հաստատել 55-ամյա Հայկազն ու հասակակից Ռուզանը, դարձել է նրանց համատեղ կյանքի սկիզբը: Ռուզանի հանդեպ Հայկազի ուշադրությունը չի վրիպել կացարանում եւ ոչ մեկի աչքից: Տնօրեն Լիլիա Աբրահամյանը, նկատելով նրա՝ երիտասարդին վայել սիրահարվածությունը, զրուցել է նախ Հայկազի, այնուհետեւ արդեն՝ Ռուզանի հետ: Հարսնացուի համաձայնությունը ստացվելուց հետո հետո որոշվել է հարսանիքի օրը՝ կիրակի՝ դեկտեմբերի 6:

ՀԺ-ի հետ զրույցում փեսացուն՝ Հայկազը, պատմեց, մի քանի օր էր, ինչ բնակվում էր կացարանում, երբ ճաշարանում պատահական հանդիպեց Ռուզանին. «Ռուզանին տեսա, ոնց ասում են՝ աչքս կերավ, մոտեցա, առաջարկություն արեցի, մինչեւ էսօր էլ առաջարկություն էի անում, արդեն այսօր վերջին խոսքը համաձայնություն դարձավ»,- ասաց Հայկազը։ «Դե որ մի կինը միանգամից կհամաձայներ, կամաց-կամաց ստացվեց»,- հավելեց նա:

Խոսելով ապագայի ծրագրերի մասին՝ Հայկազն ասաց՝ դեռ հստակ ոչինչ չկա, կշարունակեն համատեղ ապրել կացարանում, մինչեւ որ կարողանան ֆինանսապես ինչ-որ չափով կայունանալ. «Մեր տնօրենի առաջարկով կիրակի որոշել ենք ամուսնանալ, հետագան էլ հետո կերեւա, ես փախստական եմ, ինքն էլ եկել է, ժամանակավոր այստեղ կապրենք, մինչեւ տեսնենք ինչ կլինի, հիմա հնարավորություն չունենք, որ ասեմ՝ կառանձնանանք»:

Հայկազը բնիկ երեւանցի է, ամուսնացել է Երեւանում, հետո բաժանվել, տեղափոխվել Վանաձոր, ավելի քան 12 տարի առաջ բնակություն է հաստատել Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում, տարբեր աշխատանքներ կատարել, բայց ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ վերադարձել է Հայաստան. «Հիմա այն տարիքս է, որ ուզում եմ ընտանիք ունենալ, մի հատ ջան ու ղուրբան ասող ունենալ, իմ ընտանիքի հետ նստեմ, երջանիկ հաց ուտեմ»:

Հայկազի ու Ռուզանի նախապատրաստվող ամուսնության լուրն իմանալուց հետո կացարանի ղեկավար Լիլիա Աբրահամյանի առաջարկով բազմաթիվ քաղաքացիներ լծվել են նրանց հարսանիքի օրը հնարավորինս գեղեցիկ կազմակերպելու գործին: Մեկը մատանիներ կնվիրի, մյուսը՝ հարսի քող, մեկ ուրիշը՝ վարսահարդարումը կապահովի, մյուսն էլ՝ հարսանեկան տորթը:

ՀԺ-ի հետ զրույցում կացարանի ղեկավարը ներկայացնելով Հայկազի ու Ռուզանի հանդիպումն ու նրանց հետագա կյանքը միմյանց հետ կապելու որոշումը, պատմեց. «Հայկազն ու Ռուզանը մեր կացարան եկան գրեթե միաժամանակ՝ մոտ 15 օր առաջ, Ռուզանը թեպետ Երեւանից է, սակայն տարիներ շարունակ ապրել ու աշխատել է Արցախում, եւ տղայի հետ միասին եկավ որպես Ստեփանակերտի բնակիչ, հետո եկավ Հայկազը՝ միայնակ՝ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղից: Հենց սկզբից նկատելի էր, որ Հայկազը ուշադիր է Ռուզանի նկատմամբ, մի օր կանչեցի, զրուցեցի հետը, ասաց, որ լավ կլիներ՝ ամուսնանային, քանի որ երկուսն էլ միայնակ են: Հայկազի ուշադրությունը Ռուզանի հանդեպ գնալով ավելի էր նկատվում, ճաշի ժամին գնում կողքն էր նստում, փորձում էր շփման առիթներ գտնել»,- պատմեց տիկին Լիլիան:

Հայկազի՝ Ռուզանի հանդեպ ուշադրությունը այսքանով չի սահմանափակվել: Օրերից մի օր առաջարկություն է արել Ռուզանին: Մի քանի օր մտածելուց հետո Ռուզանը վերջապես տվել է այդքան սպասված պատասխանը: Նրանց միությանը դեմ չի եղել նաեւ Ռուզանի տղան։

Տիկին Լիլիայի խոսքով՝ ամուսնության արարողությունը կփորձեն հնարավորինս գեղեցիկ կազմակերպեն՝ առանց ավելորդությունների. «Կփորձենք այնպես անել, որ նրանց միությունը հիշվի: Հայտարարությունից րոպեներ անց արդեն քաղաքացիները խոստացան լուծել ծաղկեփնջի, մատանիների ու տորթի հարցը: Հնարավորություն ու աջակցողներ որ լինեն, կցանկանայինք նաեւ փոքր հյուրասիրություն կազմակերպել կացարանի բնակիչների համար»։

Rate article