Ուշադրություն․ Ուսուցիչները և աշակերտները փոխհատուցում կստանան․ ԿԳՄՍ նոր որոշումը

ANIMALI CELEBRI


ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը դեկտեմբերի 21-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը` համաձայն հավելվածի։ Հրամանն այսօր` դեկտեմբերի 25-ին, ուժի մեջ է մտնում:

ԿԱՐԳ․ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻՆ ԵՎ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի «12002.


Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման շրջանակներում հանրակրթական պետական ուսումնական հաստատությունների (այսուհետև՝ հաստատություն) մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման (այսուհետև՝ փոխհատուցում) պայմանները, ինչպես նաև չափի որոշման և տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Փոխհատուցում տրվում է Հայաստանի Հանրապետության մարզերում տեղակայված հաստատությունների. 1) այն ուսուցիչներին (նաև դասավանդող նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչներին (զինղեկներին), իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հետո՝ նաև ուսուցչի օգնականներին և հատուկ մանկավարժներին), որոնք հանդիսանում են իրենց փաստացի բնակության վայրից տարբերվող այլ բնակավայրում տեղակայված (որի հեռավորությունը իրենց բնակության վայրից ավելի է 5 կմ-ից) հաստատության ուսուցիչ 0.5 և ավելի հաստիքային դրույքով,

2) դպրոցահասակ երեխաներին, որոնք իրենց փաստացի բնակության վայրում (համայնքում, բնակավայրում) հաստատության բացակայությամբ պայմանավորված կամ առկա հաստատությունում տվյալ մակարդակի ծրագրի (հաշվի առնելով նաև լեզվային առանձնահատկությունները) բացակայությամբ պայմանավորված ուսումը ստանում են այլ բնակավայրում տեղակայված հաստատությունում:


3. Սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված ուսուցչի 0.5 և ավելի հաստիքային դրույքի սահմանափակումը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկված բնակավայրերում տեղակայված հաստատությունների ուսուցիչների, ինչպես նաև տվյալ հաստատությունում դասավանդվող տվյալ առարկայի գծով միակ ուսուցիչը հանդիսացող ուսուցիչների վրա։

4. Փոխհատուցման առավելագույն չափ է համարվում (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար).

1) միայն միկրոավտոբուսային երթուղի լինելու դեպքում` միկրոավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,

2) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիներ լինելու դեպքում` ավտոբուսային երթուղիների համար սահմանված սակագնի չափը,

3) միկրոավտոբուսային և ավտոբուսային երթուղիների բացակայության դեպքում՝ յուրաքանչյուր կմ-ի համար 25 ՀՀ դրամ, բայց ոչ պակաս 200 ՀՀ դրամը։ Ընդ որում, տվյալ բնակավայրից տվյալ դպրոց երթևեկող սույն կարգի 2-րդ կետում ընդգրկված ուսուցիչների և դպրոցահասակ երեխաների թիվը 4 և դրանից պակաս լինելու դեպքում վերջիններիս տրամադրվող փոխհատուցման չափը (հաշվարկված երկու ուղղությամբ` յուրաքանչյուր ներկա ստացած օրվա համար) 1000 ՀՀ դրամ է, որը բաշխվում է այդ ուսուցիչների և դպրոցահասակ երեխաների միջև հավասար չափերով։


5. Ամսական փոխհատուցման առավելագույն չափը յուրաքանչյուր ուսուցչի և դպրոցահասակ երեխայի համար չի կարող գերազանցել 20200 ՀՀ դրամը, իսկ երթևեկ օրերի թիվը՝

1) 1-ին և 2-րդ դասարանների աշակերտների դեպքում՝ տարեկան 160-ը,

2) հնգօրյա շաբաթական ուսուցում կազմակերպվելու դեպքում՝ տարեկան 170-ը,

3) վեցօրյա շաբաթական ուսուցում կազմակերպվելու դեպքում՝ տարեկան 204-ը։ 6. Ուսումնական հաստատությունը մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը և սեպտեմբերի 20-ը դպրոցի ըստ պատկանելիության կառավարման լիազոր մարմին է ներկայացնում տվյալ կիսամյակի ընթացքում սույն կարգին համապատասխան փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվություն՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորումներ և հաշվարկներ:

7. Մարզպետարանները սույն կարգի 6-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո դրանք ամփոփում և 5-օրյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ նախարարություն):


8. Նախարարության հանրակրթության վարչությունը Նախարարության ենթակայության հաստատություններից 6-րդ կետում նշված, ինչպես նաև մարզպետարաններից 7-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում ուսումնասիրում է փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունները և Նախարարության գլխավոր քարտուղարին է ներկայացնում նշված տեղեկատվության վերաբերյալ իր դիրքորոշումը և վերջնական ամփոփ ցուցակները, որը սահմանված կարգով մակագրվում է Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությանը:

9. Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունն ուսումնասիրում է սույն կարգի 8-րդ կետում նշված ցուցակները և առարկություն չունենալու դեպքում.

1) նախապատրաստում և ստորագրման է ներկայացնում նախարարության ենթակայության հաստատությունների հետ կնքվող պայմանագրերը,

2) առաջարկություն է ներկայացնում մարզպետարաններին իրենց ենթակայության հաստատությունների հետ պայմանագրեր կնքելու և ամենամսյա ֆինանսավորում իրականացնելու վերաբերյալ։

10. Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունը սույն կարգի 8-րդ կետում նշված ցուցակների վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում վերադարձնում է դրանք լրամշակման, և հաստատությունը պետք է եռօրյա ժամկետում լրամշակի ցուցակները և ներկայացնի նախարարություն:

11. Հաստատությունները, պայմանագրով սահմանված կարգով, յուրաքանչյուր ամիս իրենց կառավարման լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն նախորդ ամսվա փաստացի հաճախումների մասին՝ Ձև 1-ին համապատասխան։

12. Նախարարության հանրակրթության վարչության կողմից սույն կարգի 11-րդ կետում նշված հաշվետվությունների վերաբերյալ տրված դրական եզրակացության հիման վրա Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունը, առարկություն չունենալու դեպքում, օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է ամենամսյա ֆինանսավորում, իսկ առարկություններ ունենալու դեպքում՝ հաշվետվությունը վերադարձնում է լրամշակման կամ անհրաժեշտության դեպքում պահանջում է համապատասխան պարզաբանումներ: Հաստատությունը եռօրյա ժամկետում պետք է Նախարարություն ներկայացնի լրամշակված հաշվետվությունը կամ անհրաժեշտ պարզաբանումները:


13. Մարզպետարանները, սույն կարգի 11-րդ կետում նշված հաշվետվությունը ստանալուց հետո յուրաքանչյուր ամիս նախորդ ամսվա փաստացի հաճախումների արդյունքների մասին ստացված տեղեկատվության հիման վրա, օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են ամենամսյա ֆինանսավորում:

14. Տնտեսապես արդյունավետ լինելու դեպքում «1146. Հանրակրթության» ծրագրի «Հանրակրթական դպրոցների մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչ հանդիսացող մարմնի որոշմամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝ հաստատության կառավարման մարմնի որոշմամբ սույն կարգի 4-րդ և 5-րդ կետերով հաշվարկված գումարների շրջանակներում կարող են ձեռք բերվել նաև ուղեփոխադրման ծառայություններ՝ պայմանով, որ այդ ծառայություններից պետք է պարտադիր կարգով օգտվեն առնվազն սույն կարգի 2-րդ կետում նշված շահառուները։

Rate article