Նիկոլ Փաշինյանը լուրջ խնդրի առաջ է

ANIMALI CELEBRI

Այսօր տեղի է ունեցել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստ, որի ժամանակ քննարկվել է Երեւանի ավագանու ընտրության մասնակցության ձեւաչափի եւ քաղաքապետի թեկնածուի խնդիրը: Որոշում չի կայացվել, թեեւ նախապես ասվում էր, որ նիստը որոշակիացնելու է այդ խնդիրները:

Երեւանի ավագանու ընտրությունը նոր իրավիճակում եւ նոր իշխանության օրոք առաջին ընտրությունն է լինելու: Թեեւ այն ՏԻՄ ընտրություն է, սակայն հաշվի առնելով Երեւանի տեղն ու դերը Հայաստանի քաղաքական ու տնտեսական կյանքում, դրա քաղաքական նշանակությունը հավասարազոր է համապետական ընտրությանը:

Բացի այդ, մի շարք հանգամանքներ ավելի են արժեւորում այդ ընտրությունը: Նոր իշխանությունը խոստացել է ազատ ու արդար ընտրություններ, եւ սա առաջինն է լինելու իշխանության համար: Այդ առումով, Երեւանի քաղաքապետը լինելու է նոր իրավիճակում առաջին ընտրված պաշտոնյան, հանրային ու պետական լեգիտիմությամբ:

Այս իրավիճակում մեծանում է իշխանության պատասխանատվությունը թե պետական խնդիրների, թե սեփական կուսակցության մասնակցության առումով: Երեւանի նոր քաղաքապետն, ի տարբերություն կառավարության, որը փաստացի ժամանակավոր է եւ կարող է իրեն թույլ տալ նաեւ կադրային որոշակի փորձարկումներ, լինելու է «մշտական» եւ պետք է լուծի Երեւանի բարդ ու բազմաբնույթ խնդիրները:

Այս առումով, իշխանության համար կարեւոր է թե ավագանու ցուցակը, թե առաջին համարի՝ քաղաքապետի թեկնածուի հարցը: Երեւանի խնդիրների լուծումը պահանջում է ոճ, համարձակություն ու կառավարչական ունակություններ: Այս խնդիրներն իրենց ազդեցությունն են ունենալու առաջիկա համապետական ընտրության ժամանակ:

Ըստ ամենայնի, այս խնդիրների հետ է կապված ՔՊ որոշման բացակայությունը:

աղբյուր

Rate article