Ադրբեջանը որպես դիվերսանտ է ներկայացնում Հայաստանի ԶՈՒ սպա Գուրգեն Ալավերդյանին, որն ըստ Հայաստանի ՊՆ հաղորդագրության՝ հենակետերի ստուգայց իրականացնելիս մոլորվել է խիստ անբարենպաստ եղանակի պատճառով:
Այն, որ Ադրբեջանը Գուրգեն Ալավերդյանին փորձում է ներկայացնել իբրեւ դիվերսանտ, հայտարարելով, թե գերեւարել են նրան հայկական զինուժի դիվերսիան հետ մղելիս, «ավանդական» հնարք է: Բաքուն այդպիսով նախ փորձում է քարոզչական դաշտում փոքր ինչ «դեմք ստեղծել» Տավուշի ռազմական գործողություններում ստացած ապտակից հետո:
Դրան զուգահեռ, Ադրբեջանն ունի «հավերժական խնդիր»՝ ստեղծել իրավիճակ, որպեսզի ի վերջո իրականացվի իր «հայտնի» դիվերսանտների վերադարձը: Խոսքը Քարվաճառում դիվերսիոն ներթափանցում իրականացրած, 17-ամյա քաղաքացուն սպանած Ասքերովի եւ Գուլիեւի մասին է, որոնք հայտնաբերվեցին եւ դատապարտվեցին Արցախում: Նրանք ներկայում ազատազրկված են Արցախի հանրապետությունում:
Ադրբեջանն արդեն տարիներ շարունակ փորձում է ստանալ իր դիվերսնատներին: Սակայն նրանք այսպես ասած շարքային դիվերսանտներ չեն: Օրինակ, գնդապետ Դիլհամ Ասքերովը նաեւ ՌԴ քաղաքացի է: Ավելին, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը դեռեւս 2015 թվականի հունվարին հայտարարեց, թե Երեւանի հետ քննարկում են Ասքերովի հարցը:
Ընդ որում, ավելորդ չէ թերեւս հիշատակել այն, որ 2015-ի հունվարը հայ-ադրբեջանական շփման գծում խիստ թեժ էր, եւ հունվարի առաջին երկու-երեք շաբաթներին ադրբեջանական սադրանքների եւ դիվերսիաների հետեւանքով հայկական կողմը ունեցավ մոտ տասնյակի հասնող մարդկային կորուստ:
Ասքերովի ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքը անկասկած չէր կարող գաղտնի լինել Ադրբեջանի հատուկ կառույցների համար, որոնց աշխատակից էր նա: Ավելին, եղան տեղեկություններ, որ Ասքերովը Դաղստանում մասնակցել է հատուկ օպերացիաների, այդ թվում ռուսական հատուկ ծառայությունների հետ համատեղ:
Այն, որ Բաքուն փորձում է հետ ստանալ իր դիվերսանտներին, թերեւս լոկ «պատվի» հարց չէ, թեեւ կասկած չկա, որ նրանք հերոսացնելու են ինչպես Սաֆարովին: Այն, որ նրանք սովորական մարդասպան դիվերսանտներ չեն, Բաքվին պահում է թերեւս նյարդային ասեղի վրա՝ որ «ոչ սովորականները» հայկական կողմի ձեռքում են:
Երեւանն այդ առիթով պարբերաբար հայտարարել է, որ դրանց հարցը Բաքուն կարող է քննարկել միայն պաշտոնական Ստեփանակերտի հետ: Իսկ ու՞մ հետ էր 2015 թվականին քննարկում Լավրովը, երբ հայտարարում էր, թե խոսում են Հայաստանի հետ:
Ամբողջ հարցն այն է, որ հայկական զինուժի սպան Ադրբեջանի ձեռքում է հայտնվում եւ իբրեւս կասեցված դիվերսիայի մասնակից ներկայացվում մի շրջափուլում, երբ նախատեսվում է Մոսկվա-Բաքու որոշակի ինտենսիվությամբ շփում: Մասնավորապես, օգոստոսի 25-ին Բաքու է այցելելու ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն, իսկ օգոստոսի 26-ին Մոսկվա է այցելելու Ադրբեջանի նոր արտգործնախարար Բայրամովը:
Ահա այս այցերի ֆոնին հայկական կողմի ամար ցավալի անակնկալ՝ հայ սպան մոլորվել է եւ հայտնվել ադրբեջանական գերության մեջ, ներկայացվելով իբրեւ դիվերսանտ: