Դաշնակները, Էդոն ու Ռոբերտ Քոչարյանը. ԲՀԿ ամոթալի պահվածքը

ANIMALI CELEBRI

ոբերտ Քոչարյանին Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրանք առաջադրելու կապակցությամբ հայտարարություն է տարածել ՀՅ Դաշնակցությունը, որում ողջուներով օրինականության հաստատման եւ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, մասնավորապես ասվում է. «մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և օրվա իշխանությունների այլ ներկայացուցիչների՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը խիստ մտահոգիչ է և կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք»։

Դաշնակցությունը երկար ճանապարհ է անցել Քոչարյանի հետ: Հայաստանում Քոչարյանի իշխանության գալուց հետո բանտերից ազատվեցին դաշնակցականները, կուսակցությունը ներգրավվեց պետական իշխանության մեջ, ստանալով նաեւ տնտեսական քվոտաներ: ՀՅԴ-ն իր հերթին պաշտպանել է Քոչարյանին նախագահական ընտրություններում:

Դաշնակցության հայտարարությունը տարբեր կերպ է ընկալվում, նշվում է նաեւ, որ ՀՅԴ-ն մտել է նոր կառավարություն, բայց խոսում է քաղաքական հալածանքի մասին: Մյուս կողմից, ՀՅԴ ղեկավարության վերջին տարիների պահվածքի, հատկապես թավշյա հեղափոխությունից հետո ՀՀԿ-ին արագ լքելու եւ նոր իշխանությանը հարելու ֆոնին ՀՅԴ այս հայտարարությունը գնահատելի է: ՀՅԴ-ն վերջապես քաղաքական կեցվածք դրսեւորեց, ընդ որում՝ ակտուալ, առանց կոնյունկտուրայի:

Ի տարբերություն ՀՅԴ-ի, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հայտարարություն չի արել: Այս կուսակցությունը ստեղծել է Ռոբերտ Քոչարյանը իր հետնախագահական քաղաքական ծրագրերի համար, սակայն տապալվեց 2007-ի խորհրդարանական ընտրությանը: Բացի այդ, Քոչարյանը Գագիկ Ծառուկյանին դարձրեց թիվ մեկ օլիգարխը Հայաստանում:

«Հարցը գտնվում է իրավական տիրույթում, այս պահին մենք ձեռնպահ կմնանք որևէ քաղաքական գնահատական հնչեցնելուց”, ասել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Մեկ այլ պատգամավոր՝ Միքայել Մելքումյանն էլ ասել է, որ ԲՀԿ-ն շահագրգռված է, որ օրենքի տառին հակառակ գործընթացները բացահայտվեն: “Կմնանք իրավական դաշտում, որովհետև դեռ ժամանակ է պետք, միանգամից չի պարզաբանվելու ամեն ինչ: Մեր հանրապետությունում բոլորը օրենքի առաջ պետք է հավասար լինեն”, հավելեց Մելքումյանը:

ԲՀԿ-ն ձեռնպահ է մնում «որեւէ քաղաքական գնահատական հնչեցնելուց»: Բայց մի քանի օր առաջ ԲՀԿ-ն ստորագրահավաք էր սկսել Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդոյին ազատ արձակելու համար, ում ձերբակալել են մի քաղաքացու ծեծելու համար: Ընդ որում, ԲՀԿ պատգամավորները հայտարարել են, որ Էդոյի գործում քաղաքական հալածանքի տարրեր են տեսնում:

Հնարավոր է իհարկե, որ Քոչարյանի պարագայում ԲՀԿ-ն լուրջ խնդիր ունի. բացի այն, որ Քոչարյանն է ստեղծել այդ կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանի անունն էլ «շողշողում» էր հայտնի ցուցակում:

Rate article