Ադրբեջանն այդ հարվածից հետո ուշքի չէր գալիս․ Հայկական զինուժը փակել է Ալիևի ճանապարհը. փակուղին խորանում է

ANIMALI CELEBRI

Տավուշի ուղղությամբ հայկական կողմը կանխել է ադրբեջանական դիվերսիայի փորձ, ինչի հետևանքով հակառակորդը կրել է կորուստ և թողնելով զենք և ականորսիչ տեխնիկա, դիմել փախուստի: Տեղեկությունը տարածել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Հայկական կողմից կորուստ բարեբախտաբար չկա, կա թեթև վիրավոր: Ադրբեջանական դիվերսիայի փորձերը վերջին շրջանում խիստ հազվադեպ են, հատկապես 2017-ի փետրվարի 25-ին Արցախում ստացած ուժգին հարվածից հետո, երբ ադրբեջանական հատուկ ստորաբաժանման դիվերսիոն խումբը այսպես ասած կես ճանապարհին էր մնացել՝ թողնելով հինգ դի չեզոք գոտում:

Ադրբեջանն այդ հարվածից հետո ուշքի չէր գալիս դեռ շատ երկար ժամանակ, ինչից հետո Բաքուն այլևս ձեռքը չէր տանում դիվերսիային, բացառությամբ մեկ-երկու դեպքի: Ի՞նչ է կատարվել Տավուշում, որի ուղղությամբ ադրբեջանցիները կրակում են արդեն մի քանի օր: Դա ռուս-թուրքական իդլիբյան բախման մետաստա՞զն էր, թե՞ պարզապես Ալիևը փորձում էր «պղտոր ջրում ձուկ որսալ»: Անկասկած է, որ չափազանց բարդ է գնահատել Ադրբեջանի նախագահի «մտքով անցածը», հաշվի առնելով նաև այն, որ խոշոր հաշվով նա փակուղում է դեռևս 2016-ի ապրիլից և օգտվելով Հայաստանի իշխանության լեգիտիմության բացակայությունից փակուղուց դուրս գալու նրա ակնկալիքը «օրորոցում խեղդվեց» Հայաստանի թավշյա հեղափոխության արդյունքում:

Փակուղում հայտնված Ալիևը կարող է փնտրել դրանից դուրս գալու ամենատարբեր ելքեր, անգամ ամենաանհավանական, օգտագործելով անշուշտ նաև միջազգային խնդրահարույց կամ փակուղային իրավիճակները, ինչպիսին ռուս-թուրքական իդլիբյան բախումը: Բանն այն է, որ փակուղին Ադրբեջանի նախագահի համար այլևս լոկ արտաքին խնդիր չէ: Բանն այն է, որ արցախյան հարցը նրա համար եղել է ներքին հարցերի առանցքային գործիք, ըստ այդմ դրանում եղած փակուղին Ալիևին փակուղի է մտցնում նաև ներսում:

Դրա մասին է վկայում թերևս նաև այն, որ Ադրբեջանի նախագահը անցնող օրերին ներքին սպառման «պասաժներ» է անում այդ երկրի կյանքում, մեկ փորձելով համեստ երևալ և հրաժարվել բազկաթոռից՝ հանդիպումների ընթացքում նախընտրելով սովորական աթոռ, մեկ խոսում կոռուպցիայի դեմ անխնա պայքարի մասին, հայտարարում, թե ինչպես կարող է հիվանդանոցի գլխավոր բժիշկը հարստանալ: Իհարկե ադրբեջանցիները այդ ընթացքում թերևս մտածում են, թե ինչպես կարող է միլիարդատեր դառնալ պետության նախագահը:

Իսկ նրանց այդ հարցում օգնում են միջազգային կոռուպցիոն օֆշորային սկանդալները, որոնցում Ալիևի ընտանիքի անունը ստացել է «մշտական» կարգավիճակ: Այդ ամենն անշուշտ Ալիևի մոտ առաջացնում է ցայտնոտի զգացումը, որից ելք փնտրելիս նա իհարկե կանգ չի առնելու անգամ իր զինվորների կյանքը վտանգելու առաջ:   Հայկական կողմի համար այդ առումով անհրաժեշտ է չափազանց զգոնություն, Ալիևին «մեր ուղղությամբ» որևէ ելք չթողնելու համար: Այլ ուղղությամբ ելքեր նրան գրեթե չեն մնացել, իշխանությունը թողնելուց բացի:

Rate article