«Ռոբի կանտորան» ու թեյավճարով գրչակները․․․

INSPIRATION

Հնարավոր է զարմանալի թվա, բայց ներքաղաքական կյանքում Քոչարյանի ակտիվացումը ինչ-որ իմաստով նաև դրական նշանակություն ունեցավ: Իրավամբ, երկրորդ նախագահը որպես գործոն չափորոշիչի և նույնիսկ փորձաքարի կարգավիճակ ունի:

Նրա միջոցով մերկացվում և առաջնային պլան են մղվում հասարակական-քաղաքական կյանքի այն զանգվածները, որոնք հանուն փողի պատրաստ են վաճառել նույնիսկ իրենց հոգիները: Խոստովանենք, որ եթե «քոչարյանական» գործոնը չլիներ, ապա հասարակական լայն շրջանակներն այդպես էլ գլխի չէին ընկնի այդ մարդկանց ծախու էության մասին:

Թերևս ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ երկրորդ նախագահը հսկայական ռեսուրսներ է ծախսում ֆեյսբուքում և այլ սոցիալական ցանցերում իր նկատմամբ դրական վերաբերմունք ձևավորելու համար: Հարյուրավոր կեղծ էջեր և օգտատերեր են ստեղծվել քարոզչություն իրականացնելու նպատակով: Բառի բուն իմաստով, նրանք զբաղված են մարդկանց առուվաճառքով: Այսպիսի պայմաններում ոչ բոլորն են կարողանում դիմանալ փողի գայթակղությանը՝ դառնալով ստրուկը «քոչարյանական» քարոզչության:

Մի փոքր խոսենք 7or.am կայքի մասին, որի ոչ պաշտոնական խմբագիրն է քաղաքագետ հորջորջվող ոմն Անդրանիկ Թևանյանը: Վերջինս «քոչարյանական» կանտորայի առաջնային գործիքներից մեկն է և իր օրվա ապրուստը վաստակում է ֆեյսբուքում «հերոս» նախագահի մասին հերոսական ստատուսներ, իսկ նրա հակառակորդների մասին էլ վարկաբեկող հոդվածներ գրելով:

Թևանյանի մասին խոսելիս չենք կարող ասել, թե նա նոր է հոգին վաճառել երկրորդ նախագահին, քանի որ նրա հոգին ի սկզբանե պատկանել է Քոչարյանին, ավելի ճիշտ՝ դրամապանակի մանր-մունր թեյավճարներին: Այո՛, իսկապես այդպես է. Թևանյանը՝ որպես կենդանի և առողջ սնվող օրգանիզմ, պատկանում է Քոչարյանի դրամապանակի թեյավճարներին: Այս տրամաբանությամբ է աշխատում նաև 7or.am կայքը: Եթե թեյավճարներ կան, ապա աշխատում է նաև կայքը, իսկ եթե չկան, ապա կայքն էլ չի աշխատում: Ի դեպ, հեղափոխությունից առաջ այն մատնվել էր անտերության՝ մնալով առանց ֆինանսավորման:

Պետք է փաստենք նաև, որ Քոչարյանին քրեական հետապնդման ենթարկելու փաստը մեծ նվեր է Թևանյանի ու նրա նմանների համար: Բանն այն է, որ հեղափոխության պարտության դեպքում Քոչարյանը ակտիվանալու որևէ շանս չէր կարող ունենալ, ինչի հետևանքով էլ «թևանյանները» նորից մատնվելու էին անտերության ու գործազրկության: Իսկ հիմա կայուն գործ ունեն և հոգու խորքում շնորհակալ են հեղափոխությանը, որը նրանց աշխատելու ու փող հայթայթելու հնարավորություն է ընձեռել:

Իրականում «թևանյանները» թքած ունեն երկրորդ նախագահի ճակատագրի վրա, և հենց այստեղ է թաքնված Քոչարյանի ողբերգականությունը: Նրա կողքին չկա գեթ մեկը, որը պատրաստ կլինի առանց փողի ու շահախնդրության պայքարել հանուն գաղափարի: Եթե երկրորդ նախագահը գոնե մեկ օրով դադարեցնի թեյավճարներ տրամադրել, ապա Անդրանիկ Թևանյանն ու նրա նմանները անմիջապես կանհետանան՝ ապաստանելով այնտեղ, որտեղ վճարում են: Եթե Նիկոլ Փաշինյանը վճարի, ապա նրանք թունդ հեղափոխական կդառնան, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, ապա՝ մոլի «լևոնական»: Եվ հենց այս պատճառով մարդկային այդ տեսակը շահագրգռված է Քոչարյանի դատական գործով, քանի որ դրանից է կախված իրենց եկամտի աղբյուրը:

Ահա այս տեսակի հետ գործ ունենք մենք, ահա սրանք են Ռոբերտ Քոչարյանի իրական «կողմնակիցներն» ու «գաղափարակիցները», հանուն թեյավճարի հոգիները վաճառած գորտերը, որոնք գլուխները բարձրացրել են հետադիմության տիղմի միջից՝ իրենց աղմուկ-աղաղակով աղտոտելով Հայաստանի մաքուր օդը:

Վերջաբանի փոխարեն անհրաժեշտ է նկատել, որ քարոզչական բոլոր այս ջանքերն անօգուտ են ու անարդյունավետ: «Անդրանիկթևանյանները» դատապարտված են ձախողման, քանի որ ոչ ոք նրանց լուրջ չի վերաբերվում: Կարծես թե իրենք էլ իրենց լուրջ չեն վերաբերվում և այդպիսի նպատակ էլ չկա, քանի որ կարևորը աշխատավարձն է:

Բացի դրանից՝ պարոն Քոչարյանին ուզում ենք զգուշացնել, որ իր ենթականերն ու կլիենտները քամուն են տալիս իր փողերը: Իրականում սոցիալական ցանցերում կեղծ լայքեր հավաքելը դատարկ զբաղմունք է, քանի որ ֆեյսբուքը ոչ մի կերպ չի արտահայտում ու արտացոլում այն իրականությունը, որը կա հանրապետությունում, հատկապես՝ գյուղերում ու հեռավոր քաղաքներում: Իսկապես ֆեյսբուքը կեղծ իրականություն է:

Վստահ եմ, նույնիսկ չնչին քաղաքական ակտիվություն ցուցաբերելու դեպքում երկրորդ նախագահը մերժվելու է ու քաղաքական դիակի կարգավիճակով դուրս շպրտվելու ներքաղաքական իրականությունից: Այդ գործը նախաձեռնելու են հենց ՀՀ քաղաքացիները, ի դեպ՝ փողոցում, այլ ոչ թե՝ սոցիալական ցանցերում:

Ինչ-որ փակ տիրույթում՝ 5000 հոգու միջավայրում, շրջանառվող քոչարյանական քարոզչությունը գործում է փակ շղթայի տրամաբանությամբ: Այն օր օրի դառնում է էլ ավելի մարգինալ ու անշարժ:

Ֆեյսբուքի կեղծ իրականություն լինելու հանգամանքն ապացուցվում է այն փաստով, որ տարիներ շարունակ ՀՀԿ-ի քարոզիչներն այդ տիրույթում արհեստական հասարակական կարծիք էին ձևավորում, իբրև թե՝ Սերժ Սարգսյանը պետականության հիմնասյունն է, մեծ շախմատիստ, որը կարող է ապահովել Արցախի անվտանգությունն ու անկախությունը:

Կարծես թե շատերն էին սկսել համաձայնել դրան, նույնիսկ Սարգսյանին քննադատելն էլ այլևս նորաձև չէր: Բայց հեղափոխության առաջին իսկ թավշյա հարվածից հետո քարոզչական կեղծիքն այս անմիջապես պայթեց՝ հիմնավորելով այն ճշմարտությունը, որ ֆեյսբուքյան նորաձևությունն ու իրական կյանքը ոչ միշտ են նույնական ու համապատասխան:

Նույնը լինելու է նաև պարոն Քոչարյանի հետ, եթե նա շարունակի վճարել «թևանյաններին»:

(Visited 43 times, 43 visits today)
Оцените статью