Ուշագրավ․ ՄԻԵԴ աննախադեպ պատասխանը Ռոբերտ Քոչարյանին

INSPIRATION

Մարդու իրավունքի եվրոպական դատարանը կայացրել է որոշում, որով Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել է ավելի քան 1 միլիոն 600 հազար եվրո վճարել Հայաստանի քաղաքացի Յուրի Վարդանյանին:

Դատարանի այդ վճիռը պայմանավորված է նրանով, որ խախտվել է դիմումատուի արդար դատաքննության եւ սեփականության պաշտպանության իրավունքը: Խոսքը Բուզանդի 13 հասցեի մասին է, որտեղ բնակվել է դիմումատուն եւ որը դեռեւս Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում վերցվել է քաղաքացուց՝ պետական գերակայության ներքո:

Խոսքը այդ տարիներին իրականացվող լայնամասշտաբ շինարարության ընթացքում ծագած հանրահայտ խնդիրներից մեկի մասին է, որոնց բախված քաղաքացիները հայտնի են «պետական կարիքների զոհեր» բնորոշմամբ:

Այդ տարիներին կառավարությունը նրանցից վերցնում էր սեփականությունը եւ իրականացնում կառուցապատում: Քաղաքացիները դժգոհում էին պայմաններից, սակայն նրանց դժգոհությունը բախվում էր դատական համակարգի որոշումներին:

Այդ որոշումների մի հսկայական քանակ վիճարկվում է ՄԻԵԴ-ում, դրանց մի մասի վերաբերյալ արդեն կայացվել են որոշումներ, որով Եվրոպական դատարանը համարել է, որ կառավարությունն այդ ժամանակ խախտել է մարդու իրավունքը եւ պետք է փոխհատուցի: Սակայն փոխհատուցման այս վճիռը աննախադեպ է իր ծավալով եւ գերազանցում է նախորդ վճիռների հանրագումարն անգամ:

Նախորդ իշխանության կատարած անօրինությունների եւ խախտումների համար պետք է վճարի Հայաստանի Հանրապետության հարկատուն: Միեւնույն ժամանակ, ներկայում ՄԻԵԴ-ում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործերը, այդ թվում ՍԴ վարույթ ընդունված:

Նրա հանդեպ իրավական գործողությունների առումով ՄԻԵԴ են դիմել փաստաբանները, նաեւ նրա գործի այսպես ասած սահմանադրականության քննության խորհրդատվության համար ՄԻԵԴ է դիմել Սահմանադրական դատարանը:

Ստացվում է իրապես խորհրդանշական պատկեր՝ այսօր իր հանդեպ անօրինականությունից բողոքող Ռոբերտ Քոչարյանը դիմում է ՄԻԵԴ, որը արդեն մի քանի տարի շարունակ կայացնում է վճիռներ գործերով, որոնք վերաբերում են Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում քաղաքացիների հանդեպ գործած իշխանական ապօրինություններին:

Ինչ խոսք, երկրորդ նախագահը կարող է ասել, որ կապ չունի այդ ամենի հետ, տեղյակ չի եղել այդ անօրինականություններից, տեղյակ չի եղել դատական համակարգի քայլերից եւ այլն: Առավել եւս, որ նա որդեգրել է պաշտպանական այդ տակտիկան նաեւ մարտիմեկյան գործի առումով:

Այդուհանդերձ, կա իրողության հանրային-քաղաքական ընկալումը, եւ շատ դժվար է պատկերացնել Հայաստանի իշխած համակարգին շատ թե քիչ ծանոթ մեկին, ով կարող է հավատալ, թե բուրգի գագաթը կարող էր տեղյակ չլինել խորքային տնտեսական գործընթացներին, որում շրջանառվում էին միլիարդների շահեր: Առավել եւս, երբ բուրգի գագաթը դա չէր էլ թաքցնում:

Ստացվում է, որ քաղաքական իմաստով ՄԻԵԴ որոշումը պատասխան է Ռոբերտ Քոչարյանի դիմումներին: Իհարկե, բարդ է ասել, դա կանխորոշո՞ղ պատասխան է՝ դիմումներին ուղղակի տրվելիք պատասխանների իմաստով, թե ոչ:

Սակայն պատասխան է նաեւ օրինակ այն մասին, թե ինչպիսի դատական համակարգ է գոյություն ունեցել Հայաստանում եւ դատական անկախության միջամտության մասին ինչ խոսք կարող է լինել ներկայում:

(Visited 57 times, 57 visits today)
Оцените статью