Այսօր՝ հունիսի 6-ին, կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «սևազգեստ խմբերին պետք է տեղորոշել, սև շորերի հարցը լուծել, ծաղկավոր, հնարավորինս վառ ծաղիկներով «բաբչկան» կապել և ճանապարհել բնականոն, քաղաքակիրթ, օրինական կյանքի»։ ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, անդրադառնալով վարչապետի այդ հայտարարությանը ասաց, որ իրավապահները զեկուցել են, թե ովքեր են «սևազգեստները», իսկ ինքը կարծում է, որ դա վերաբերում է հենց օրինազանցներին։ «Հաճախ՝ ինքս էլ հանդիպել եմ Ազատության հրապարակի տարածքում մեքենա վարողների, հոծ գծերի վրայով անցնողների և նկատել եմ, որ դա միտումնավոր է արվում։ Կարծում եմ, որ վարչապետը նկատի ունի նման խմբավորումներին, որոնք ուղղորդվում են մեկ կամ մի քանի տեղերից»,- ասաց նա։
Անդրադառնալով վարչապետի մեկ այլ հայտարարությանը, թե ատելության մթնոլորտ է ձևավորվում Հայաստանում, կազմակերպվում են ցույցեր, որտեղ բռնության կոչեր են հնչում, Հրաչյա Հակոբյանն ասաց․ «Վերջերս, Դաշնակցության մի քանի ներկայացուցիչներ հպարտանում են, թե իրենք են մարդ ծեծել, դա ինձ համար օտար երևույթ է։ Դա ինձ համար քաղաքականությունից հեռու մի գործընթաց է, և առհասարակ ինձ համար դա անբարոյականություն է։ Քաղաքական ուժի ներկայացուցիչը հպարտանա և ասի՝ այո, ես եմ ծեծել, դա առնվազն, անբարո արարք է։ Այն էլ ինչի համար են ծեծել, երբ մարդը հայտարարել է իր դիրքորոշումը, արտահայտել է իր քաղաքական մոտեցումը»,- ասաց Հրաչյա Հակոբյանը։
Հարցին, թե ինչպես են պատժվելու ցույցերի ընթացքում բռնության կոչեր անողները կամ ինչպես են արգելելու բռնության կոչերը, եթե ցույցերն ազատ կամքի դրսևորում են, իսկ քանի դեռ չի իրկանացվել, ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ կոչեր կհնչեն, պատգամավորը պատասխանեց․ «Հենց այսօր վարչապետը պարոն Օսիպյանին և պարոն Վանեցյանին հանձնարարական տվեց, որ հնարավորինս խիստ պատասխանատվության ենթարկվեն այդ մարդիկ և վստահ եմ, որ իրավապահ մարմինները հետամուտ կլինեն և մենք մոտ ապագայում կտեսնենք դա։
Վստահ եմ նաև, որ տեսանյութեր կլինեն, թե օրինազանց քաղաքացիներին «բաբոչկա» հագցնելով, չգիտեմ՝ ծաղիկ տալով, թե ինչով, բայց կարգի կհրավիրեն»,-ասաց պատգամավորը։
Մեր նկատառմանը, թե «բաբոչկա» կապելու կամ գունավոր հագցնելու վերաբերյալ տարբեր մարդիկ տարբեր ենթատեքստ կարող են փնտրել, ըստ իրեն, որն է վարչապետի իրական ասելիքը, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց․ «Ես չգիտեմ՝ ընդհուպ կարող են լինել քրեական գործեր, չեմ բացառում։ Ինչպես վարչապետը նշեց, գուցե կարիքը կա, որ Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնություն լինի։ Վարչապետը, մի քանի անգամ նաև ասել է, որ մեր օրենքի շրջանակներում գործելը չդիտեն որպես թուլություն, բայց նրանք դա թուլություն էին դիտարկում և ներկայացնում հանրությանը։ Ժամանակն է հասունացել, որ իրենք իրենց մաշկի վրա «բաբոչկայի», մի փունջ ծաղիկի տեսքով զգան մեր թուլությունը»,-եզրափակեց Հրաչյա Հակոբյանը։
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ