Ո՞ւմ «սպանեց» Պուտինը, կամ ինչո՞ւ է Փաշինյանը մերժում «իզմ»-երը

INSPIRATION

Ներքաղաքական դրամատիկ զարգացումները հաճախ մեր ուշադրությունից դուրս են թողնում աշխարհում կատարվող ոչ պակաս կարևոր իրադարձությունները։

Երեկ Ճապոնիայում մեկնարկել է G20-ի գագաթաժողովը, որին ընդառաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծավալուն հարցազրույց է տվել հեղինակավոր Financial Times պարբերականին։ Ընդ որում, սա «եվրոպական դարձից»(ռուսական վարկածով) կամ «եվրոպական ուրացումից»(շատ եվրոպացիների կարծիքով) հետո Պուտինի առաջին հարցազրույցն է, որը բացահայտել է Ռուսաստանի նախագահի ցինիզմին հասնող ինքնավստահությունը։ Թերևս դրա պատճառն այն է, որ ԵԽԽՎ-ն օրեր առաջ վերականգնել է ռուսաստանյան պատվիրակության կարգավիճակը, ինչի հետևանքով Պուտինը միանգամայն լեգիտիմացված է համարում իր ավտորիտար կառավարումը։ Այս «կապիտուլյացիան» շախմատի աշխարհի նախկին չեմպիոն, ոռւսաստանցի վտարանդի գործիչ Գարի Գասպարովը համեմատել է 1938-ի Մյունխենի հետ, երբ եվրոպական առաջնորդներն, ըստ էության, լեգիտիմացրեցին Հիտլերի զավթողական քաղաքականությունը։

Սակայն վերադառնանք Պուտինի հարցազրուցին, որի առնվազն մի դրվագը երեկ ակտիվորեն քննարկվում էր ամբողջ աշխարհում՝ դառանալով բուռն վեճերի ու քննարկումների նյութ, մանավանդ Ռուսաստանի նախագահը ոչ միայն խոսել է, այլ հեռվից ղեկավարել է իր երկրում տեղի ունեցած մի օպերացիա։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելը, ինչպես նաև Եվրոպայով մեկ ազգայնական-պոպուլիստական շարժման տարածումն ազդարարեցին արևմտյան լիբերալիզմի «մահը»։

«Լիբերալներն այլևս չեն կարող իրենց ուզածը թելադրել բոլորին, ինչպես որ անում էին վերջին տասնամյակներում: Լիբերալիստական գաղափարն այլևս հնացած է: Այժմ այն հակասում է բնակչության ճնշող մեծամասնության շահերին»,-ասել է Պուտինը: Ընդ, որում Պուտինը դիմել է ակնհայտ մանիպուլյացիայի ու «լիբերալիզմը» նույնացրել է սպանության, թալանի բռնության հետ։ Ավելորդ է նշել, որ լիբերալիզմի հիմքը liberalis՝ ազատ, լատինական բառն է, լիբերալիզմը փիլիսոփայական ու հասարակական-քաղաքական հոսանք է, որը գերակա է համարում մարդու իրավունքներն ու ազատությունները՝ դառնալով ժամանակակից աշխարհի առանցքը։ Թերևս այս ճշմարտությունը Պուտինին հասու է բոլորից լավ ու պատահական չէ, որ Ռուսաստանի նախագահը՝ մինչև Ղրիմի ու Դոնբասի անեքսիան, 2014-ի հունվարին, դարձյալ միջազգային լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր, որ ինքը «իսկական լիբերալ է ու դավանում է լիբերալ արժեքներ»։

Մինչև Ղրիմը Պուտինը ֆորմալիստական առումով փորձում էր ինտեգրվել աշխարհին, համենայն դեպս ճգնում էր իր «մենթալիտետային ժողովրդավարությունը» չհակադրել համաշխարհային համատեքստին։ Հիմա Ռուսատանի նախագահն իրեն համարում է համաշխարհային օրակարգ ձևավորողներից մեկը՝ չնայած Ուկրաինան ու Սիրիան միայն արտաքուստ են ռուսական հզորության խորհրդանիշներ, իսկ իրականում ավելի ու ավելի են ռուսական կայսերապաշտությունը սահմանափակել ժամանակի ու տարածության մեջ։

Համաշխարհաին ֆինանսական ճգնաժամը, սոցիալական անհավասարությունը, Բրեքզիթը, Չինաստանի ազդեցության հարաճուն աճը, Դոնալդ Թրամփի ընտրությունը, Էմանուել Մակրոնի պոպուլիզմը՝ սրանք իրապես նշաններ են, որ լիբերալիզմը անցած տարիներին ճգնաժամ է ապրել, մյուս կողմից՝ Եվրախորհրդարանի վերջին ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ լիբերալիզմի գահավիժման գործընթացը կանգ է առնում ու այս հարթության վրա Պուտինի մտքի երկվա «գոհարները» մասամբ կորցրել են իրենց ակտուալությունը։

Պատահական չէ, որ ՌԴ նախագահի պնդմանը երեկ կոշտ արձագանքել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«Ես ընդհանրապես համակարծիք չեմ այն տեսակետի հետ, որ լիբերալիզմն այլևս հնացած է: Նա, ով նման բան է ասում, ուրեմն նաև պնդում է, որ հնացած են լիբերալ ժողովրդավարությունը, ազատությունները, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները: Սակայն մեզ համար Եվրոպայում սրանք հավիտենական արժեքներ են, որոնք պահպանվելու են: Մինչդեռ ինձ համար հնացած են բռնապետությունը, անձի պաշտամունքը, օլիգարխիայի գերակայությունը»,-ասել է Տուսկը:

Տուսկի բառերը պատահական չեն, որովհետև ճիշտ այն րոպեներին, երբ Ռուսաստանի նախագահը «թաղում» էր լիբերալիզմը, Ռուսաստանում բառի ուղիղ իմաստով իրականություն էին դարձնում նրա «ցարական» հրահանգը։ Երեկ ФСБ-ն վերացրել է ռուսական լիբերալիզմի վերջին խորհրդանիշներից մեկը՝ խոշորագույն ավտոդիլլեր հանդիսացող «Рольф» ընկերությունը, որի սեփականատիրոջ՝ Սերգեյ Պետրովի միակ «մեղքն» այն է, որ նա 2011-12թթ-ին եղել է ընդդիմադիր պատգամավոր ու մինչև հիմա հավատում է լիբերալ արժեքներին, այլ խոսքով՝ չի պատրաստվում դառնալ Պուտինի բեմականացրած «հուղարկավորության» մասնակիցը։

Սակայն գլոբալ համատեսքստից անդին ու գուցե՝ առաջին հերթին, ինձ այլ բան է մտահոգում՝ ավելի կենսական, մեզ վերաբերող։ Դա, այսպես կոչված, պուտինիզմի գաղափարական ազդեցությունն է Հայաստանի, անգամ մեր հեղափոխության, նրա առաջնորդի քաղաքական մտածողության վրա։ Պուտինը կարող էր ձևավորել Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի քաղաքական այցեքարտը, բայց խորթ է հաշտվել իրականությանը, երբ մեր հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մերժում է «իզմերը»՝ փաստորեն ամբողջովին տեղավորվելով Պուտինի վերջին հարցազրույցի «իզգոյ» արժեքային-գաղափարական համատեքստում։

Փաշինյանի ելույթը ՔՊ վերջին համաժողումում այլ համատեքստում էր, բայց «իզմի» մերժումը հենց նախապատրաստում է այն վակուումը, որն արագ լցվելու է պուտինականությամբ, ռուսական կամ եվրասիական «առանձնահատկությամբ»։ Փաշինյանը ենթագիտակցորեն կոմպրոմիսի է գնացել Պուտինի մտածողության հետ ու դա տխրեցնում է, որովհետև հեղափոխությունը չի կարող սահմանափակվել «եվրասիական օազիսում»։ Պուտինի համակարգը ժողովրդավարական «օազիսներ» չի հանդուրժում։

(Visited 90 times, 90 visits today)
Оцените статью