Մենք զգոնության կոչ ենք անում, որ համախմբում լինի. մեր խնդիրն է աջակցել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի կարողանա կանխել այդ զարգացումները 02.06.2019lurer

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։

– Պարոն Մակեյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս իր համակիրների հետ հանդիպման ընթացքում խոսեց իր ապագա ծրագրերի մասին և նշեց, որ նախագահի պաշտոնը թողնելուց հետո մտածել էր հանգստի գնալ, մինչդեռ հիմա այդպես վարվել չի կարող։ Իրական ընդդիմության անելիքն այս փուլում ո՞րը պետք է լինի։

– Նախ՝ Քոչարյանը ստում է։ Եթե հիշում եք՝ մինչև հրաժարական տալը և դրանից հետո ասաց, որ չի պատրաստվում լինել երիտասարդ թոշակառու։ Ինքն ազնիվ չէ, այն ժամանակ պլանավորված էր, որ նա պետք է գնա վարչապետ, բայց Մարտի 1-ը հնարավորություն չտվեց դա։ Հիմա նրա այդ «նոր պայքար» ասածը հարաբերական կաշին փրկելու միջոց է․ ինչ-որ մարդկանց խումբ հավաքագրել են, ըստ տարածված լուրերի՝ մեծ մասը վարձկաններ են։

Նա նրանց օգտագործելու է անկայունություն սերմանելու, փողոցներ փակելու համար։ Նա քաղաքական գործընթացներ չի կարողանա տանել, որովհետև մերժված է հասարակության կողմից։ Մեր նման ուժերը, որոնք եղել են նախկին համակարգին ընդդիմություն, ավելի ակտիվացել են։

Զգալով վտանգը, որ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը հնարավոր է՝ ռևանշի դիմեն, մենք զգոնության կոչ ենք անում, որ համախմբում լինի, ու հնարավոր զարգացումների դեպքում թույլ չտանք, որ հին համակարգի վերադարձ լինի։ Կա նաև դրսի ազդեցությունը՝ հինգերորդ շարասյան ակտիվացումը, ու մեր խնդիրն է աջակցել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի կարողանա կանխել այդ զարգացումները։

Բայց նոր իշխանությունները ևս պետք է սթափվեն, որովհետև չափից դուրս անպատասխանատու վարքագիծ են դրսևորում, չեն գնահատում այն փաստը, որ մենք պատերազմական վիճակում ենք. այս ամենը չգնահատելն ու դրա փոխարեն պարգևատրումներ անելը, աշխատավարձեր բարձրացնելն ու ճոխության տրվելը մեզ համար ընդունելի չէ, և մտահոգիչ է։ Մեր նման ուժերը պետք է փորձեն զսպել իշխանություններին, որ հասկանան իրավիճակը ու թույլ չտան, որ նախկինները նորից վերադառնան։

– Դուք համագործակցության առաջարկ արե՞լ եք իշխանություններին, թե՞ մտահոգությունները պարզապես մամուլի միջոցով եք հայտնում։

– Մինչև ընտրությունները մեր կուսակցությունը փորձել է կոնտակտի դուրս գալ, բայց չի ստացվել։ Դրանից հետո մենք, բնականաբար, նման փորձ չենք արել ու տրամադրված էլ չենք անելու։ Իշխանությունն ինքը պետք է հասկանա, թե ինչ պետք է անի։ Մենք փորձում ենք հրապարակային, մամուլի միջոցով մեր ասելիքը տեղ հասցնել։ Եթե չհասկանան վտանգը, ու դանակը հասնի ոսկորին, մենք էլ մեր ասելիքը կասենք։

– Դանակը ոսկորին հասցնողը կարո՞ղ է Քոչարյանը լինել։

– Ինչո՞ւ միայն Քոչարյանը, բա Սերժ Սարգսյա՞նը, բա նրա փեսան՝ նրա ամբողջ լրատվական համակարգը։ Նայում ես՝ մարդկանց ուղեղները լվանում են, ու այդ պրոցեսը տանելու ժամանակ վտանգներ են։ Հեղափոխությունից հետո էյֆորիան նստում է, հարմար պահի նրանք համախմբվելու են և գործեն։ Եթե հաշվի առնենք, որ կա նաև հյուսիսից շահագրգռվածություն, ապա այդ համախմբումը լուրջ խնդիրներ կարող է ստեղծել։ Չհաշված որ համակարգն ինքը դեռևս նախկին համակարգն է ու սպասում է նախկին իշխանությունների վերադարձին։

– Այս պրոցեսներում Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին պետք է միասնակա՞ն դիտարկել։

– Նրանք, այո՛, ունեցել են փող աշխատելու ավելի շատ հակումներ, բայց, մեծ հաշվով, սիամական զույգեր են՝ մեկի չգոյությունը վտանգելու է մյուսի գոյությունը։ Նույնիսկ այն պահին, երբ տպավորություն է ստեղծվում, որ կա հակասություն, նրանք չեն կարող իրար դեմ դուրս գալ։

https://hay-life.ru/

(Visited 9 times, 9 visits today)

 

Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT