ՀՀ-ում երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման մասին.

INSPIRATION

Ինչպես գիտենք՝ 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսազերծման գինը բարձրանալու է մի քանի անգամ: 2015 թվականի հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը եւ քանի որ ԵԱՏՄ-ում ապրանքների մաքսային դրույքաչափերն էապես ավել էին Հայաստանում գործող դրույքաչափերից, Հայաստանն իր անդամակցության առաջին տարիների համար շուրջ 780 ապրանքատեսակների մասով ստացավ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի ներդրման տարաժամկետում:

Տարաժամկետումների զգալի մասը 5 տարով էր, եւ ԵԱՏՄ դրույքաչափերն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի հունվարից: Բարձրացումներից մեկը վերաբերում է թեթեւ մարդատար ավտոմեքենաների ներմուծման դրույքաչափին, որն էապես ավելանալու է: Ամենաշատը թանկանալու են 5 տարուց ավելի հին մեքենաները: 7 տարուց ավելի հին մեքենաների թանկացումն է՛լ ավելի մեծ է լինելու: Վերջերս հրապարակումներ եղան այն մասին, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերին Հայաստան նախատեսված այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս հարցին նույնպես կանդրադառնա:

ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հանձնաժողովում տեխնիկական կանոնակարգերի ընդունման հետ կապված քննարկումներ եղել են: «Քննարկումները պարբերաբար շարունակվում են, ուղղակի այստեղ մի հարց կա, քանի որ Հայաստանը նախապես ստանձնել է այդ պարտավորվածությունը եւ այս 5 տարիները եղել են արտոնյալ ժամանակահատված, հիմա այդ հարցը մենք բարձրացնում ենք, բայց կառավարությունների մակարդակով շատ իրատեսական չեմ համարում դա: Չնայած մեր կառավարությունը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի որոշակի փոփոխություն լինի: Ես դա քիչ հավանական եմ համարում՝ պայմանավորված նրանով, որ պարտավորվածություն կա ստորագրված, բայց ամեն դեպքում մենք խնդիրը գիտենք եւ բարձրացնում ենք այդ հարցը»:

Հարցին՝ 5 տարի առաջ այդ պարտավորվածությունները ստանձնելը արդյո՞ք ճիշտ էր, քանի որ դրանով ավտոներկրողները լուրջ խնդրի առաջ են կանգնելու, Փամբուխչյանը պատասխանեց. «ԵԱՏՄ-ի համագործակցության տրամաբանությունը հենց նրանում է կայանում, որ պետք է որոշ բաներ ընդհանուր լինեն՝ կանոնակարգեր, տեխնիկական կանոնակարգեր: Ու այդ տրամաբանության մեջ այստեղ հարցը ոչ թե ճիշտ եւ սխալն է, այլ մեր մասնակցությունը: Կարծում եմ, որ նախկին բանակցությունների ժամանակ պետք է այդ հարցերը բարձրացվեին: Մեր ղազախ գործընկերներն էլ շատ լավ տիրապետում են այս իրավիճակին եւ ասում են, որ այդ արտոնություններով փաստացի հայկական մեքենաներն ամբողջությամբ տեղափոխվում են Ղազախստան»:

Անդրադառնալով հարցին, թե Փաշինյան-Պուտին՝ հոկտեմբերին Հայաստանում սպասվող հանդիպման ժամանակ հնարավո՞ր է այս թեմային անդրադարձ կատարվի, Փամբուխչյանը պատասխանեց. «Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ դա այդ մակարդակի հարց է: Կարծում եմ, որ օրակարգում ավելի լուրջ հարցեր կլինեն, բայց նաեւ չեմ բացառում, որ միգուցե այդ մասով քննարկումներ տեղի ունենան»:

Հարցին՝ գների բարձրացումը հնարավո՞ր էր ավելի մեղմացնել, որպեսզի մի քանի անգամ չբարձրանար, Փամբուխչյանը պատասխանեց. «Անհնարին միայն այն կլիներ, եթե մենք ընդհանրապես չմիանայինք ԵԱՏՄ-ին: Մնացածը հարցերը քննարկելի են: Բայց հիմա մենք ունենք փաստ եւ չենք կարող չհամակերպվել այդ փաստի հետ»:

Оцените статью