Հայաստանում առաջին անգամ լյարդի փոխպատվաստում. 20 ամյա աջիկը դոնոր է դարձել 56 ամյա մոր համար

INSPIRATION

56-ամյա կինը՝ լյարդի ցիռոզով, որն առաջ էր եկել հեպատիտ С-ի պատճառով, դարձավ Հայաստանում առաջին պացիենտը, որին դոնորական լյարդ փոխպատվաստվեց։ Դոնորը նրա 20-ամյա աղջիկն է։ Իսկ վիրահատող բժիշկներն աշխատել են Բուռնազյանի անվան պետական գիտական կենտրոնի (Մոսկվա) փորձառու գործընկերների հետ միասին։

Վերջին 3 տարվա ընթացքում պացիենտը հետազոտվել է «Աստղիկ» ԲԿ-ում։ Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է բուժող բժիշկ, հեպատոլոգ Վիոլետա Սարգսյանը, կինը բուժվում էր հեպատիտ С-ից, որը փոքր-ինչ բարելավել էր նրա վիճակը, բայց քանի որ նրա լյարդը անդառնալիորեն հիվանդ էր ցիռոզով, պահանջվում էր լյարդի պատվաստում. առանց դրա կնոջ կյանքի տեւողությունը շատ կարճ կլիներ։

Վիրահատությունը երկար նախապատրաստությունից հետո իրականացվեց 2019 թվականի ապրիլի 24-ին։ Այն տեւեց մոտ 8 ժամ, աշխատում էր մասնագետների մեծ խումբ, որի մեջ էին 6 վիրաբույժ, անեսթեզիոլոգներ, ռեանիմատոլոգներ, լաբորատորիայի աշխատակիցներ եւ շատ այլ մասնագետներ։

«Այս վիրահատությունը հաջող անցավ շնորհիվ գերկարգապահ թիմի կազմակերպված աշխատանքի»,- ասացին բժիշկները։

Ինչպես պատմեց Բուռնազյանի անվան գիտական կենտրոնի ղեկավար Սերգեյ Ոսկանյանը, լյարդի պատվաստումը ամենաբարդ վիրաբուժական միջամտություններից մեկն է. այն ավելի դժվար է, քան անգամ սրտի պատվաստումը։ Նման վիրահատությունների անցկացման համար, մասնագետների խոսքով, անհրաժեշտ է հասնել բժշկության զարգացման շատ բարձր մակարդակի։

Մասնագետի խոսքով՝ վիրահատությունից առաջ հարկավոր է մի շարք հետազոտություններ անցնել եւ բացառել բոլոր ռիսկերը դոնորի համար. դոնորի անվտանգությունը շատ կարեւոր է։ Ինչպես նշեց բժիշկ Ոսկանյանը, դոնորից վիրահատության ընթացքում վերցնում են լյարդի մի մասը եւ պատվաստում ռեցիպիենտին՝ պատվաստվողին։ Հետաքրքիր է, որ դոնորի համար դա ոչ մի վտանգ չի ներկայացնում. եթե դոնորի լյարդն առողջ է, շատ կարճ ժամկետում՝ տառացիորեն մեկ-մեկուկես ամսում այն հասնում է նախկին չափին եւ շարունակում կատարել իր ֆունկցիաները։ Ճիշտ նույն կերպ էլ աճում է նաեւ ռեցիպիենտի լյարդի մի մասը։

Հիմա թե՛ դոնորը, թե՛ ռեցիպիենտը լավ են զգում։ Այսօր դոնորին վերականգնողական բաժանմունքից կտեղափոխեն սովորական հիվանդասենյակ, իսկ ռեցիպիենտի հետ դեռ երկար աշխատանք կա կատարելու։ Առաջիկա շաբաթներին նա պետք է մնա բժիշկների հսկողության տակ, իսկ երբ նրան դուրս գրեն հիվանդանոցից, նա պետք է ընդունի դեղեր, որոնք թույլ չեն տա նրա օրգանիզմին չընդունել պատվաստված օրգանը։ Այդ դեղերը նա կարող է ստանալ պետպատվերի շրջանակում։

Ինչպես նշեց «Աստղիկ» ԲԿ բժիշկ Ասատուր Ասատրյանը, Հայաստանում լյարդի առաջին փոխպատվաստումը հենց այս բուժկենտրոնում դեռեւս 2 տարի առաջ հավակնոտ ծրագիր էր, որն այսօր իրականություն դարձավ։ Հիմա բուժկենտրոնում մտածում են հաջորդ՝ ոչ պակաս հավակնոտ ծրագրի մասին, այն է՝ սրտի առաջին փոխպատվաստումը Հայաստանում։

աղբյուր

(Visited 17 times, 17 visits today)
Оцените статью