«Կխնդրեի, որ մեր կլասիկ պատգամավորը մինչեւ լայվ մտնելը զանգեր մեզ»․ Քաղավիացիայի նախագահի արձագանքը Էդմոն Մարուքյանին

INSPIRATION

Քաղավիացիան որոշումներ չի կայացնում ավիատոմսերի գների վերաբերյալ, դա մեր գործառույթների մեջ չի մտնում: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը:

Ռեւազյանի խոսքով՝ իրենք կանոնակարգում են օդային տրանսպորտի ոլորտի համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին: «Այսինքն, մեր հիմնական գործառույթը թռիչքային անվտանգությունն է»:

Ռեւազյանն ասաց, որ եթե միջազգային քաղավիացիայում փոփոխություններ են լինում, կոմիտեն է պատասխանատու, որպեսզի դրանք բերվեն հայկական շուկա. «Միաժամանակ ուզում եմ նշել, որ մենք ենք թույլտվությունը տրամադրում այս կամ այն ավիաընկերությանը, որը ցանկանում է ավիափոխադրումներ իրականցնել դեպի Հայաստան:

Մենք չենք համոզում, որ նրանք գան, չնայած որ դրանով ես զբաղվում եմ, ուղղակի մենք ուսումնասիրում ենք՝ կարողանում է արդյո՞ք այդ ընկերությունն ապահովել ամբողջ թռիչքային անվտանգությունը, թե՝ ոչ, կարողանո՞ւմ է անհրաժեշտ չափանիշերով աշխատել, թե՝ ոչ, որից հետո կայացնում ենք որոշում»,-ասաց քաղավիացիայի նախագահը:

Անդրադառնալով Ռուսաստանից Վրաստան եւ Վրաստանից Ռուսաստան ավիափոխադրումների չեղյալ համարելուն՝ Ռեւազյանն ասաց, որ դրանից հետո քննարկումներ են ունեցել ավիաընկերությունների հետ՝ համոզելու Հայաստանն օգտագործել որպես տարանցիկ չվերթների տարածք.

«Մենք ամեն ինչ արեցիք խոչընդոտներ չստեղծելու համար՝ թղթաբանությունից խուսափելու նպատակով: Ակտիվ աշխատանքի արդյունքն այն է, որ ավիաընկերությունները շատացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացել»: Ռեւազյանի խոսքով՝ Երեւան-Վրաստան ու Երեւան-Ռուսաստան չվերթները շատ շատ են ավելացել:

«Դրա համար կխնդրեմ, որ մեր «կլասիկ» պատգամավորը մինչեւ լայվ մտնելը զանգեր մեզ, որովհետեւ երբ ինքը լայվ մտավ, էդ նույն վայրկյանին մենք հարց էինք լուծում ու կարող էինք տեղեկատվություն տալ, թե ինչ քայլեր ենք անելու եւ ինչ արդյունքի դա կբերի»,- ասաց Ռեւազյանը՝ դիմելով ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

Ռեւազյանը ընդգծեց, որ մենք այն պետությունը չենք, որ աջ ու ձախ կարողանանք փող ծախսել եւ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք անվճար տեղեր գտնել տարբեր ավիացիոն դպրոցներում, համալսարաններում.

«Ու այն արդյունքը, որ ես շատ եմ ճանապարհորդել, բերել է նրան, որ, օրինակ, Սինգապուրի ավիացիոն ակադեմիան անվճար կրթություն է մեզ տրամադրում, Չինաստանի քաղավիացիան մեզ անվճար կրթություն է տրամադրում: Միաժամանակ, ես կարողացել եմ ներգրավել շատ ուժեղ մասնագետներ Հայաստանում»,- նշեց Ռեւազյանը՝ հավելելով, որ այդ մասնագետներից որոշներն այլ երկրներում խորհրդատվություն անցկացնելու համար կառավարությունից ստանում են տասնյակ հազարավոր դոլարներ, մինչդեռ Հայաստանի համար ամենը պատրաստ են անվճար անել:

«Ես այնպես եմ անելու, որ Հայաստանը ճանաչվի ամբողջ աշխարհում, քաղավիացիայի ոլորտում հիմնականում, եւ շատ հպարտ եմ, որ հիմա քաղավիացիայի պետ չկա, որ Հայաստանի տեղը չգիտի»,- ասաց Ռեւազյանը:

Տեսանյութը՝ ստորև․

(Visited 61 times, 61 visits today)
Оцените статью