Լավ լուր․ 100,000-130,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով աշխատատեղեր կբացվի․ մանրամասներ

INSPIRATION

Գործադիրը բավարարել է «Մանուկյան կոնյակի գործարան»

ՍՊԸ ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ:

Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են խաղողի և մրգային գինիների, կոնյակի և մրգային օղիների արտադրության մեջ (Կոտայքի մարզ)։

Արդեն իսկ իրականացվել է 1 մլրդ 540 մլն ՀՀ դրամի ներդրում, նախատեսվում է ևս 1.3 մլրդ ՀՀ դրամի ներդրում` սարքավորումների ձեռքբերման և շինարարական աշխատանքների համար:

Ներկայումս առկա է 4 աշխատատեղ, կստեղծվի ևս 42 նոր աշխատատեղ՝ 260,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.3 մլրդ ՀՀ դրամ, որից 300 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 500 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 400 մլն ՀՀ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 276,953,600 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 26,446,932 ՀՀ դրամ:

Կառավարության որոշմամբ նույն արտոնությունից կօգտվի նաև «Ռոյալ գլաս գրուպ» ՍՊԸ-ն: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է նոր պտղատու այգիներ հիմնելու համար (Կոտայքի մարզ)։ Արդեն իսկ իրականացվել է 700,000,000 ՀՀ դրամի ներդրում, կիրականացվի ևս 250,000,000 ՀՀ դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման և շինարարական աշխատանքների համար: Ներկայումս առկա է 12 աշխատատեղ, արդյունքում կստեղծվի 20-30 նոր աշխատատեղ՝ 100,000-130,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 860 մլն ՀՀ դրամ, որից 180 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 680 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում:

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 30 մլն ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1.8 մլն ՀՀ դրամ:

Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվի նաև «Քանաքեռի կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ն: Ներմուծվող հումքն ընկերությունն օգտագործելու է հագուստի արտադրության մեջ (ք. Երևան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 350 մլն ՀՀ դրամի ներդրում՝ սարքավորումների ձեռքբերման և շինարարական աշխատանքների համար: Ներկայումս առկա է 204 աշխատատեղ` 110,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, կստեղծվի 12 նոր աշխատատեղ՝ 130,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 753,180,000 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 934,080,000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 81,582,000 ՀՀ դրամ:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ներդրումները խթանելուն ուղղված արտոնությունների կիրառման արդյունքներին: «Վերջին շրջանում շատ է քննարկվում Հայաստանում ներդրումային միջավայրի հետ կապված հարցերը: Կառավարությունը ներդրումները կոնկրետ խրախուսելու առնչությամբ ունի այս գործիքները, երբ արտոնություն ենք տալիս ընկերություններին՝ ավելացված արժեքի հարկի վճարումը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու համար: Այսինքն՝ այս գործիքներով մենք նաև որոշակի ազդակներ ենք ստանում, թե ինչ է տեղի ունենում տնտեսության մեջ: Այս գործիքների կիրառման արդյունքում եկեք համեմատենք, թե ինչ ունենք անցած տարվա 5 ամիսների և ինչ ունենք այս տարվա 5 ամիսների կտրվածքով: Անցած տարի՝ այս գործիքակազմով կառավարությունը հաստատել է 11 ծրագիր՝ 35,3 մլն դոլար ներդրման պայմանով և 502 աշխատատեղով: Այս տարվա հունվար-մայիսին ունենք 25 ներդրումային ծրագիր՝ 254 մլն դոլարի ներդրման պայմանով և 2379 աշխատատեղով: Այսինքն՝ ներդրումների մասով այս տարի՝ առաջին 5 ամիսներին նախորդ տարվա 5 ամիսների նկատմամբ ունենք 7 անգամ աճ, աշխատատեղերի մասով՝ 4 անգամ աճ»:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը վերլուծել է տրված արտոնությունների ուղղությամբ իրականացված աշխատանքները և պարզել, որ այդտեղ շոշափելի, էական ռիսկեր չկան. «Այսինքն՝ մարդիկ իրենց պարտավորությունները, ըստ էության, դեպքերի 90 և ավելի տոկոսով ճշգրիտ կատարում են, չկատարումները կապված են հետաձգումների հետ: Մենք ոչ մի դեպք չենք արձանագրել, որ ինչ-որ չարամտություն կա այս համատեքստում: Նկատի ունեմ, որ սրանք կոնկրետ Հայաստանի Հանրապետությունում այսօր տեղի ունեցող իրադարձություններ են: Եվ այս առումով շատ նշանակալի է «Ադամյան» հեռուստացույցների արտադրության հետ կապված պատմությունը: Երբ կառավարությունն արտոնություն էր տալիս, շատ մեծ աղմուկ էր բարձրանում, որ դա «ֆեյք» ներդրում է և իրականում ոչ մի բան չկա: Ւսկ այսօր ՀՀ քաղաքացիները կարող են Երևանի և հանրապետության խանութներից գնել հայկական արտադրության «Ադամյան» հեռուստացույցներ: Հիմա էլ կա այլ քննադատություն, որ այդ հեռուստացույցի բաղադրիչները բերում և այստեղ հավաքում են: Իհարկե, այդպես է: Երբ ասում ենք տեխնոլոգիայի զարգացում, դա միանգամյա գործողություն չէ, սկզբում պետք է տեղի ունենա այդ քայլը, հետո՝ հաջորդ քայլը»,-ասել է վարչապետը:

(Visited 73 times, 73 visits today)
Оцените статью