Ինչու որոշ զինծառայողների մոտ հունիսի վերջում աշխատավարձի բարձրացում չեղավ. որն է պատճառը.

INSPIRATION

«Հայկական ժամանակ»-ը ահազանգ է ստացել զորամասերից մեկից, ըստ որի՝ հունիսի վերջում զինծառայողների աշխատավարձի նախատեսված բարձրացումը չի եղել:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեր զրույցում ասաց, որ դա կախված է զինծառայողների մարտական հերթափոխի կատարման ցուցանիշներից. «Հունիսի մարտական հերթափոխի կատարման հաշվարկը տեղի է ունենում հուլիս ամսին»:

Հարցին՝ փաստորեն ստացվում է, որ հուլիսի վերջո՞ւմ է նրանց աշխատավարձը բարձրանալու, Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո, մանավանդ այն տեղերում, որտեղ մարտական հերթապահություն են իրականացնում, իրենց հունիսի վերջանահաշվարկները լրավճարներով տրվում են հուլիսին»:

Հարցին՝ իսկ եթե մարտական հերթապահություն չիրականացնող զորամասե՞ր են, Հովհաննիսյանն արձագանքեց. «Այդտեղ պետք է, որ ստացած լինեն, չնայած այնտեղ ստացածի ավելացումը նշանակալի շատ չի, ավելի շատ առաջնագծում են ստանում»:

Դիտարկմանը, որ ընդհանուր 10 տոկոս բարձրացման մասին էր խոսվել, Հովհաննիսյանն արձագանքեց. «Ընդհանուր 10 տոկոս չէ: Միջին օղակը շատ ավելի քիչ է ստանալու»:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ որոշ տեղերում աշխատավարձի բարձրացում չլինի, Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե զինծառայող է՝ չի կարող: Քաղծառայողի դեպքում չեմ կարող ասել»:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին կառավարության նիստում որոշում ընդունվեց, ըստ որի՝ հունիսի 1-ից նախատեսված էր բարձրացնել զինծառայողների աշխատավարձերը: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ զինծառայողների դրամական ապահովության չափերը բարձրանում են միջինը 10 տոկոսով։

Оцените статью