Եղանակը՝ ողջ հունվարին․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Հունվարը տարվա ամենացուրտ ամիսն է: Հանրապետության տարածքում օդի միջին ամսական ջերմաստիճանը -6.7⁰C է, իսկ ամսվա առավել ցուրտ ժամանակահատվածը երկրորդ տասնօրյակն է, երբ ինտենսիվ ցրտեր դիտվում են անտիցիկլոնային եղանակային պայմաններում` հատկապես հյուսիս-արևմուտքում և Շիրակի բարձրավանդակում:

Այս մասին տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Այդ շրջաններում հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է Գյումրիում -9⁰C, Պաղակնում -12⁰C (բացարձակ նվազագույնը դիտվել է 1961թ. հունվարի 24-ին Պաղակնում` -42.2⁰C): Բավական ցածր ջերմաստիճաններ են դիտվում լեռնանցքներում (Սիսիան, Որոտան) և Ապարանի բարձրավանդակում` -7…-9⁰C, իսկ բացարձակ նվազագույն ջերմաստիճանը այստեղ հասնում է -34⁰C:

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով | Armlur – Լուրեր Հայաստանից

Ցածր ջերմաստիճաններ են գրանցվում նաև ռելիեֆի ցածրադիր մասերում, որտեղ լեռներից գիշերային ժամերին ցած է իջնում սառը օդը, որը ձնածածկույթի առկայության դեպքում ավելի է սառչում: Երևանի գոգահովտում հունվարի միջին ջերմաստիճանը -3…-4⁰C է, սակայն դեպքերի 12%-ում հունվարի օրական միջին ջերմաստիճանները -10⁰C-ից ցածր են եղել: Հանրապետության ծայր հարավային և հյուսիս-արևելյան շրջաններում հունվարին տաք է` միջին ամսական ջերմաստիճանը` Բագրատաշենում` +0,3⁰C, Մեղրիում` +1,6⁰C: Այս շրջաններում նվազագույն ջերմաստիճանը -17…-20⁰0C-ից ցածր չի իջնում: Ամենացուրտ հունվարները հանրապետության տարածքում դիտվել են 1933, 1950, 1957, 1964, 1972, 1977, 1983, 2002, 2007, 2008թթ:

Բացառապես ցուրտ է եղել 1972թ. հունվարը, երբ միջին ամսական ջերմաստիճանը հունրապետության տարածքում տատանվում էր -5.1⁰C-ից (Բերդ) մինչև -17.5⁰C-ի (Պաղակն) սահմաններում, Երևանում բացարձակ նվազագույնը 1972թ. հունվարի 21-ին գրանցվել է -29.5⁰C, 2007թ., երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը տատանվել է -4…-11⁰C (Սյունիքի հովտային շրջաններում և Տավուշում -2…+4⁰C), 2008թ., երբ միջին ամսական ջերմաստիճանը տատանվել է -5…-13⁰C սահմաններում: Տաք հունվարներ դիտվել են 1963, 1966, 1987, 2003, 2004, 2010, 2014թթ., ընդ որում 1966թ. շատ շրջաններում հունվարի միջին ամսական ջերմաստիճանը եղել է դրական, իսկ հյուսիս-արևելյան և հարավ-արևելյան շրջաններում այն եղել է +6⁰C (Գորիս, Կապան), Մեղրիում` +9⁰C: Երևանում նույնպես այդ տարվա հունվարը բացառապես տաք էր` +5⁰C:

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հունվար ամսվա հարաբերական խոնավությունը հանրապետության տարածքում տատանվում է 65-80%-ի սահմաններում: Ընդհանուր առմամբ հանրապետությունում այդ ամսվա ընթացքում դիտվում է միջինը 42մմ տեղումներ` հիմնականում ձյուն: Տեղումների նվազագույն քանակը դիտվում է Արարատյան դաշտում, հանրապետության հյուսիս-արևելքում և Մեղրիում` մինչև 20մմ: Տեղանքի բարձրությունից կախված դրանց քանակն ավելանում է` նախալեռներում` 30-35մմ, լեռներում` 40-45մմ:

Հունվարին դիտվող վտանգավոր երևույթներից են առատ ձյունը (երբ ձյան ծածկույթի օրական աճը 20սմ և ավելի) ձնաբուքը, որը խաթարում է տրանսպորտի աշխատանքը, մառախուղը: Ձնաբքերի ժամանակ մեծանում է ձնային բեռնվածությունը տանիքների վրա: Ձնաբքերը հաճախակի երևույթներ են լեռներում և լեռնանցքներում: Այդ շրջաններում ձյան ծածկույթի օրական աճի առավելագույն արժեքների միջինը կազմում է 9-11սմ, իսկ առավելագույնը հասնում է մինչև 50սմ և ավելի: Շատ երկարատև առատ ձյուն է դիտվել Գյումրիում 1973թ. 62 ժամ, Երևանում` 1969թ. 47 ժամ տևողությամբ:

Մառախուղը հաճախակի դիտվում է Արարատյան դաշտում, Շիրակում, Սյունիքի հովիտներում և լեռնանցքներում: Երևանում և Գյումրիում դիտվել են տարիներ, երբ հունվարին ամեն օր եղել է մառախուղ: Երևանում 1971թ. հունվարին գրեթե 3 օր անընդմեջ (63ժամ) դիտվել է մառախուղ:

Օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով

Ամպամած օրերի թիվը տատանվում է 3-10 օր: Արևափայլի միջին տևողությունը հանրապետության տարածքում 120 ժամ է, Արարատյան հովտում` 80-100 ժամ: 1971թ. հունվարին Երևանում այն կազմել է ընդամենը 22 ժամ:

Գերիշխում է անդորրային եղանակ, իսկ հյուսիս-արևելյան շրջաններում դիտվում են թույլ քամիներ: Քամու միջին արագությունը` 2մ/վրկ է: Լեռնանցքներում և բարձր լեռնային շրջաններում այն հասնում է 6-8մ/վրկ: Սակայն հունվարին կարող են դիտվել ուժեղ քամիներ` մինչև 20մ/վրկ արագությամբ, իսկ լեռնանցքներում մինչև 40մ/վրկ և ավելի արագությամբ: Երևանում 1956թ դիտվել է քամի 34մ/վրկ արագությամբ:

Like this post? Please share to your friends:
NOUS ET NOS FAVORIS