Բացառիկ․ Հնդկահայկական համերգի բոլոր մանրամասները (լուսանկարներ)

Նախ՝ նրանց երեւանյան համերգը հետաձգվեց

(կազմակերպչական խնդիրներից ելնելով), այնուհետեւ` նրանց թռիչքը (Մումբայում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով), իսկ երեկ էլ նրանք երկու ժամ ուշացումով ժամանեցին ժամը 19:00-ին նախատեսված իրենց համերգին, բայց… հնդիկ աստղերի մասնակցությամբ հնդկահայկական համերգն, ի վերջո, կայացավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Ետնաբեմում ասում էին՝ արտիստների ուշացման պատճառը քաղաքի խցանումներն էին, սակայն դերասաններից Գուարավ Չոպրան կատակով խոստովանեց՝ աղջիկները պատրաստվում էին, արդյունքում՝ տղաներին էլ ուշացրին:

Համերգի ձգձգվելը սկզբում անհանգստություն ու խառնաշփոթ առաջացրեց երկրպագուների շրջանում, սակայն, երբ առաջին հայտնի հնդկուհին՝ «Թռիչք» հեռուստասերիալում Չակորին մարմնավորող Սպանդան Չատուրվեդին, դուրս եկավ բեմ, կրքերը կարծես, թե հանդարվեցին՝ վերածվելով բուռն ծափահարությունների, մանավանդ, երբ փոքրիկ դերասանուհին իր ելույթից հետո բեմից իջավ պարահրապարակ՝ ողջունելու երկրպագուներից մի քանիսին:

Երեկ կայացած հնդկահայկական համերգին ելույթ ունեցան նաեւ հնդկական սերիալներից հայտնի այլ աստղեր՝ «Մերժվածը» սերիալից Իչային մարմնավորող Թինա Դատան, Տապասիայի դերակատար Ռաշամի Դեսային, Ակաշին մարմնավորող Մրունալ Ջային, Ռաթորի դերակատար Գուարավ Չոպրան եւ «Թռիչք» հեռուստասերիալից Վիջայենդրա Կումերիան, որը հայտնի է Սուրաջի կերպարով:

Հայ արտիստներից ելույթ ունեցան Յանա Հովհաննիսյանը, Անդրանիկ Հարությունյանը, Գոռ Հակոբյանը, Ալլա Լեւոնյանը, Սոնա Շահգելդյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Քրիստինե Եղոյանը, Թինա Քեյը՝ պարի համույթի հետ եւ Վարդան Սարգսյանը, թեպետ նախկինում

նախատեսված է եղել նաեւ Միհրան Ծառուկյանի, Էրիկի, Արսեն Սաֆարյանի եւ Ռաֆայել Երանոսյանի մասնակցությունը, սակայն Վարդան Սարգսյանը տեղեկացրեց, որ քանի որ համերգի օրը փոփոխության էր ենթարկվել

(նախապես պլանավորված էր մայիսի 31-ին), արտիստներից շատերին աշխատանքային գրաֆիկի պատճառով չի հաջողվել մասնակցել հուլիսի 4-ի համերգին:

Վարդանի հետ ողջ երեկոն բեմում անցկացրեց հայաստանաբնակ հնդիկ հումորիստ՝ Stand Up Comedy-ից հայտնի Շաֆի Ալ Կապրիոն:

Ետնաբեմում ամենից հուզվածն ու լարվածը հենց Վարդան Սարգսյանն էր, որի ջանքերով էլ հնդիկ աստղերը վերջապես հասան իրենց հայ երկրպագեւներին: Ու չնայած զբաղվածությանը՝ երգիչ-հաղորդավարը լրատվամիջոցների հետ զրուցելու ժամանակ գտավ.

«Երեկ հրաշալի օր ենք անցկացրել, զբոսնել ենք քաղաքով: Այսօր ես չկարողացա նրանց միանալ, բայց նրանք հասցրեցին լինել Գառնիում ու, նույնիսկ, փորձել գաթա: Իհարկե, ամեն ինչ լավ է, բարի է, դրական, բայց շատ պահանջներ էլ կան նրանց կողմից, այնուամենայնիվ, ես վստահ եմ՝ նրանք շատ գոհ ու երջանիկ են եղել իրենց օրվանից:

Ափսոս, որ մի օր ուշացումով եկան, վաղն արդեն մեկնում են: Իմ ամբողջ էներգիան ծախսվեց այս համերգի վրա: Ամեն ինչ արեցի, որ այն կայանա: Եթե ավելի պարզ ասեմ՝ չլինեի ես, չէր լինի նաեւ այս համերգը, թեեւ կազմակերպիչը ես չեմ»,-անկեղծացավ Վարդանը, որը բացի վարելուց՝ ելույթ ունեցավ հայտնի կատարումներով:

Հնդիկ աստղերը երգերով հանդես չեկան, սակայն նրանք իրենց պարային համարներով ընկերակցեցին հայ կատարողներին, իսկ ելույթների ավարտին յուրաքանչյուրն իր սրտի խոսքն ասաց հայ երկրպագուներին:

«Չեմ ուզում հեռանալ Հայաստանից: Միշտ էլ ցանկցել եմ գալ, որովհետեւ այստեղ շատ երկրպագուներ ունեմ, որոնք ինձ նամակներ են գրում: Մեր հաջողությունն առանց ձեր սիրո չէր լինի»,-իր խոսքում նշեց Ռաշամի Դեսային, իսկ Թինան հավելեց. «Հաճելի օր ենք անցկացրել Գառնիում, իսկ ամենից անհավանականն այն էր, որ մեզ այնտեղ էլ բոլորը ճանաչում էին, նույնիսկ, գաթա են հյուրասիրել, որը շատ համեղ էր»:

Արտիստներից բոլորն էլ արժանացան բարձր ծափահարությունների, սակայն դահլիճն ամենից բուռն արձագանքեց «Մերժվածը» սերիալի Իչային եւ Տապասիային, որոնց դերակատարներ Թինա Դատան եւ Ռաշամի Դեսային ամենաանհասանելին էին նաեւ ետնաբեմում:

 

 

Փոխարենը մեդիայի եւ երկրպագուների հետ սիրով շփվեցին Սպանդանը, Գուարավն ու Մրունալը, որոնց հետ հարցազրույցները կներկայացնենք հաջորդիվ: Ի դեպ, Գուարավը նաեւ լրագրողների առաջարկով սովորեց «Քոչարի» պարել, ինչը նրա մոտ վատ չստացվեց:

Եթե բաց եք թողել հնդկահայկական համերգը, առաջարկում ենք երեկվա բոլիվուդյան տրամադրությունը բացահայտել մեր ֆոտոռեպորտաժի եւ տեսանյութի միջոցով:

Իչայի և Գևորգ
Մարտիրոսյանի թեժ կատարումը․
Տեսանյութ

(Visited 66 times, 66 visits today)

Like this post? Please share to your friends:
VOLRE DIVERTISSEMENT