Աննախադեպ քայլ Երևանում. Ռուսաստանում շփոթված են

INSPIRATION

Ռոբերտ Քոչարյանին աջակցություն է հայտնել անձամբ Պուտինը, հետևաբար, մեր դեսպանն արտահայտել է Պուտինի աջակցությունը, Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ դեսպանի հանդիպումը մեկնաբանում է ռուսաստանցի փորձագետ Մոդեստ Կոլերովը:

Որքանով է այդ մեկնաբանությունն արտահայտում նաև Կրեմլի մոտեցումը, ասելը բավական բարդ է: Համենայնդեպս, առայժմ որևէ խողովակով կարծես թե արտահայտված չէ ՌԴ իշխանության դժգոհությունն այն փաստից, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է Հայաստանի ԱԳՆ՝ Քոչարյանի հետ հանդիպումից հետո, և նրա հետ զրույց է եղել ներքին գործերին չմիջամտելու համատեքստում:

Համենայնդեպս, Կոլերովի տրամաբանության մեկնաբանությունից ստացվում է, որ դժգոհություն հայտնելով դեսպանին, Երևանը, փաստորեն, Պուտինին է հայտնում ներքին գործերին չմիջամտելու համատեքստը՝ եթե դեսպանը արտահայտում է ընդամենը Պուտինի աջակցությունը:

Թե՞, այդուհանդերձ, գործ ունենք այլ իրավիճակի հետ, երբ Ռուսաստանի որոշ խմբեր իրենք են իրենց դժգոհությունը հայտնում Պուտինից, որ ՌԴ դեսպանին Երևանում արել են այդպիսի դիտողություն, իսկ Պուտինը՝ լուռ է:

Բանն այն է, որ այս խնդիրը առանցքային է երեք շերտում՝ հայ-ռուսական հարաբերություն, Ռուսաստանի ներքին իրողություններ, և աշխարհաքաղաքական իրավիճակ ու ռուսական ռեգիոնալ քաղաքականություն: Հայաստանում թավշյա հեղափոխությունից ի վեր ՌԴ նախագահը, համենայնդեպս հրապարակային մակարդակում, իրեն պահում է այդ հեղափոխության հանդեպ չափազանց լոյալ: Եղել է երկու շնորհավորանք Ռոբերտ Քոչարյանին, բայց դրան զուգահեռ, խոսնակի միջոցով ընդգծվել է, որ դրանք չեն կրել քաղաքական բնույթ, այլ եղել են զուտ անձնական:

Ռուսաստանի այդ պահվածքը տարակույսների տեղիք է տվել ոչ միայն Հայաստանում, որտեղ ընդհուպ սկսել են կասկածներ հայտնվել, թե Ռուսաստանն է հեռացրել Սերժ Սարգսյանին: Բայց եթե այդպես է, ուրեմն Ռուսաստա՞նն է դատում Ռոբերտ Քոչարյանին:

Բայց ամեն ինչ, իհարկե, այդ պարզունակ գնահատականների տիրույթում չէ: Եվ դա առավել լավ են հասկանում ռուսական տնտեսա-քաղաքական խմբերը, որոնք այդ երկրում պայքարում են իշխանության համար, իսկ այդ պայքարը սրվում է նրանց ոչ միայն աչքի առաջ, այլ նաև մաշկի վրա:

Իսկ Հայաստանը մինչև թավշյա հեղափոխություն մնացել էր Ռուսաստանի «մաշկին ամենամոտ», երևի թե, վերջին կտորը, ու երբ այդ կտորում տեղի են ունենում այսօրինակ փոփոխություններ և բազմաշերտ գործընթացներ, բնականաբար, լուրջ հարցեր են առաջանում նաև Ռուսաստանում՝ ի՞նչ է անում Պուտինը:

Իսկ ստանալ այդ հարցի պատասխանը, մեղմ ասած, բավական բարդ է ոչ միայն Հայաստանում, այլ հենց ռուսական շրջանակներում, որովհետև առնվազն ակնառու է դառնում, որ Հայաստանում խափանվել են ավանդական գործիքները, այլապես ինչպես կարող էր ՌԴ դեսպանը Երևանում ԱԳՆ հրավիրվել Քոչարյանին հանդիպելու համար: Առավել ևս, եթե Պուտինն էր այդ հանդիպման հետևում:

Ուրեմն, կամ հետևում Պուտինը չէր, կամ Երևանն այլևս այն չէ, ինչը ռուսական իսթեբլիշմենթի գիտակցության մեջ մեխվում է այն համատեքստում, որ այլևս այն չէ Պուտինը:

(Visited 38 times, 38 visits today)
Оцените статью