Այսօրվա դատական իշխանությունը զրո տոկոս հեղինակություն ունի. Նիկոլայ Բաղդասարյան Քաղաքական

INSPIRATION

Օրեր առաջ, ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ի պաշտոնե իրավունք չուներ ՀՀ-ում ստորագրել անձնական երաշխավորության փաստաթուղթ: Մեր դիտարկամանը` փաստացի՝ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ դատարանն ազատ թողեց Ռոբերտ Քոչարյանին` փոխելով նրա կալանքը որպես խափանման միջոց և ըստ նրա` դատավորի կոռումպացված լինելու հանգամանքն է այստեղ խոսում, Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց. «Չեմ կարծում, թե կոռումպացված լինելու հանգամանքն է, ճիշտ կլինի դատարանին հարցնեք: Ես գիտեմ օրենք, իսկ թե որքանով էր ճիշտ դատարանը՝ դատավորը պիտի ասի»,— ասաց պատգամավորը:

Հարցին, թե որքանով է համարում դատարանի դռները փակելը՝ որպես դատաիրավական համակարգի վերանայման ճանապարհին լավագույն տարբերակ, և արդյո՞ք այսօրվա դատական համակարգը կարող է համարվել հակահեղափոխական օջախների հենարան, պատգամավորը պատասխանեց. «Դատական համակարգը միանշանակ պիտի փոխվի, ես դրանում համոզված եմ, որովհետև այս դատական համակարգով առաջ գնալ հնարավոր չէ: Չեմ կարող պատասխանել այն հարցին, թե որքանով հակահեղափոխության հենարան կհանդիսանա, բայց որ այսօրվա դատական իշխանությունը զրո տոկոս հեղինակություն է վայելում՝ փաստ է»,- ասաց նա:

Անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա կոչերը հակասահմանադրական են, պատգամավորը նկատեց. «Պիտի ներկայացնեն, թե սահմանադրության որ նորմն է խախտել պարոն Փաշինյանը և եթե նման բան կա, համապատասխան գործողություն թող անեն: Սահմանադրությունը մի փաստաթուղթ է, որն իր մեջ ներառում է պետության պարտավորությունները քաղաքացիների նկատմամբ: Համապատասխան գործընթաց կա, եթե ասեն, թե քաղաքացիների որ իրավունքներն է խախտվել: Իսկ ինչ վերաբերում է դատարանի դռները փակելուն, ապա դա կոչ էր բնակչությանը` ներգրավված լինելու դատաիրավական համակարգի բարեփոխմանը»,- եզրափակեց Նիկոլայ Բաղդասարյանը` ընդգծելով, որ անցումային արդարադատությունն անհրաժեշտ է և ինքն ունի համապատասխան մեխանիզմների մասին իր պատկերացումները:

 

Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ

Оцените статью