Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այո՛, էս երկրում ԲԱՆ չի փոխվել քանի դեռ սեփական քթից ու կաշվից էն կողմ բան չես տեսնում:
Բան չի փոխվել, քանի դեռ ամեն օր «բորդյուրին» պպզած «սեմուշկա» ես չրթում, սիգարետի բիչոկ ես կտցնում էդ սիգարետից արդեն դեղնած մատներովդ ու դիմացովդ անցնող կնոջ կամ աղջկա հետևից «կեղտոտ» բերանովդ «ռեպլիկ» ես թողնում՝ անտեսելով նույնիսկ նրա ձեռքը բռնած երեխային:
Բան չի փոխվել, քանի դեռ բազմոցին փռված հեռուստացույցի «պուլտի» վրա դաշնամուր ես «նվագում», քանի դեռ ամեն օր բիսեդկում խաղաքարտ ես ճտացնում:
Բան չի փոխվել, քանի դեռ անօրինականության համար ոստիկանություն ահազանգողը բարոյական որակներից զուրկ է քեզ համար, իսկ սեփական իրավունքների համար պայքարող քաղաքացին՝ շարքային ԳՈՐԾ ՏՎՈՂ:
Բան չի փոխվել, քանի դեռ քեզ համար հերոս են մարդ ծեծող դեպուտատը, թալանչի գեներալը, ընտրակեղծիքով ընտրված նախագահը ու քրեական հեղինակությունը, որոնց «սխրանքների» մասին պարտքդ ես համարում ամեն օր դոշդ ծեծելով ու հպարտությամբ պատմել շրջապատիդ:
Բան չի փոխվել, քանի դեռ երեխայիդ «պամպերսի» համար գումար ես խնդրում թոշակառու մորիցդ, քանի դեռ սպասում ես, թե Երոպայի կամ Ամերիկայի որ բարեկամդ ինչքան գումար կուղարկի քեզ ապրելու համար, քանի դեռ տունդ եկած բարեկամին, հարազատին ու հարևանին շտապում ես վիզդ ծուռ դարդերդ պատմել ու սեփական անգործությունդ արդարացնել` «ԳՈՐԾ ՉԿԱ»:
Բան չի փոխվել, քանի դեռ մինչև էսօր տանն անգործ նստած սպասում ես, թե երբ են Սաշիկին, Միշիկին, Սերժիկին ու Ռոբիկին բռնելու, գողացածը վերադարձնելու ու քեզ «փայ» հանելու:
Բան չի փոխվել, քանի դեռ մեքենա վարելիս հոծ գիծը կտրելը, քաղաքում մինիմում 120-ի տակ քշելը, խաչմերուկում մեքենադ ճռցնելը, ուրիշի դեմը կտրելը ու իջեցրած ապակուց ձեռքդ դուրս պարզելով «ՔՖՈՒՐ» տալը համարում ես հանապազօրյա պարտքդ:
Բան չի փոխվել, քանի դեռ առիթ ես ման գալիս 70-ամյա թոշակառու կնոջ նման բամբասելու, բոլորից դժգոհելու, մատդ թափ տալու ու սպառնալու, որ թողնելու ես գնաս էս երկրից:
Բան չի փոխվել, քանի դեռ անօրինականությամբ ուզում ես օրինականություն հաստատել, անբարոյականությամբ՝ բարոյականություն: Քանի դեռ պատրաստ ես 10.000-ի կամ մի «փոր» հացի դիմաց ծախել սեփական ձայնդ, միտքդ, խիղճդ, սիրտդ, հոգիդ ու ամենակարևորը՝ երեխայիդ ապագան:
Բան չի փոխվել, քանի դեռ պահանջում ես երկրից, կառավարությունից, իշխանությունից ու ազգից՝ մոռանալով, որ պահանջելուց առաջ նախ պետք է տալ:
Բա՜ն չի փոխվել ու քեզ համար երբեք էլ չի փոխվի: