«Այլապես կուշանաք, ընկերներ». Ստյոպա Սաֆարյան

INSPIRATION

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերստին վարչապետի հերքած «իզմ»-երի մասին. երբ իմ շատ հարգելի ու սիրելի Նիկոլ Փաշինյանին, անցած տարվա ամռանից, հրապարակավ ու այլ կերպ բացատրում էինք, որ ««իզմ»երի դարաշրջանն ավարտված է»-ն հակաքաղաքագիտական ու հակաքաղաքական միտք է, հավանաբար, միմյանց չէինք հասկանում, ու մենք էլ չէինք հասկացվում։ Հարցը նա է, որ բոլոր գաղափարախոսությունները, ըստ էության, պատասխանում են երկու հնամենի, վաղնջական փիլիսոփայական հարցի՝ «ո՞վ է կառավարում, ինչպե՞ս է կառավարում»։ Ժամանակակից ժողովրդավարական աշխարհում ու գաղափարախոսությունների ձևակերպման փուլում այդ հարցերը բերվեցին պետական իշխանություն-քաղաքացի-հասարակություն առանցք՝ պատասխանելով, թե գաղափարախոսություններից ո՞ր մեկն ինչպես է տեսնում պետության կարգավորիչ դերն անհատի, հասարակության, շուկայի կարգավորման գործում՝ շա՞տ, թե՞ քիչ կամ զրոյական։ Անգամ հիշում եմ՝ Երևանի ավագանու ընտրություններից հետո, հարցազրույցներից մեկում, մեկ պարզ օրինակ բերեցի. պատկերացնենք Երևանի ավագանին քննարկում է աղբահանության ու այդ պարտադիր լիազորության պատվիրակման հարցը․ ավելի ձախականները պետք է դեմ լինեն պատվիրակմանն ու ազատականացմանը, իսկ աջերը հակառակը (իհարկե, եթե ընդունում ենք, որ ավագանու անդամները խիստ գաղափարախոսական դիրքերից են հանդես գալիս)։ Ու նախազգուշացրեցի, որ նման հիմնարար խնդիրների շուրջ որոշումներ ընդունելը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ «Իմ քայլի» համար՝ ունակ լինելով պառակտել խմբակցությունները։ Հույսս այն էր, որ գոնե ԱԺ ընտրություններից առաջ թիմը ձևավորելիս կամ Փաշինյանը, կամ որևէ այլ մեկը պատգամավորության բոլոր թեկնածուների հետ կպարզի ու կհմաձայնեցնի առանցքային հարցերում ներթիմային կոնսենսուսը։ Այդպիսիք համարել ու համարում եմ հետևյալները․

-Արցախյան խնդիր․ եթե ՔՊ-ն ուներ հստակ հայեցակարգ, պետք է բոլորը համաձայնեին դրա հետ, իսկ եթե չուներ, հենց այդ ժամանակ համաձայնեցնեին, եթե փոխզիջումներով լուծում, ապա ինչպիսի՞՝ սիմետրիկ /տարածք-տարածք, Ադրբեջանի կարգավիճակ-Արցախի կարգավիճակ/, թե՞ ասիմետրիկ (տարածքներ խաղաղության, ստատուսի դիմաց), ինքնորոշո՞ւմ, Հայաստանի հետ միավորո՞ւմ, թե՞ անկախ երկու պետություն, խաղապահ ուժեր, ու այսպես շարունակ՝ հայտնի փաթեթի 6 խնդիրներով։

-Ժողովրդավարություն+ազատականությո՞ւն, սոցիալ-դեմոկրատիա՞, թե՞ ինչ։ Ժողովրդավարության և ազատությունների բացարձականությո՞ւն, թե՞ սահմանփակելիություն, ըստ որում՝ կոնսերվատիզմի կամ որևէ այլ ռեժիմի տիրույթներում:

-Ազատ շուկա, մոնոպոլիաներ․ առանց մոնոպոլիաների տնտեսություն, թե՞ բնական մենաշնորհներ թույլատրելի են, ու այսպես շարունակ․․
-Ինքնիշխանություն․ այն բացարձակ է, թե՞ կարելի գնալ սահմանափակման ու փոխկախվածությունների ավելացման․․․

Այլ հարցեր էլ կարող եմ առաջադրել, բայց շարունակենք վերը բերված օրինակներով։

Արդեն Արցախի կամ մարդու իրավունքների խնդրով ականատես ենք լինում, թե ինչպես են «Իմ քայլը» խմբակցության ներսում տարբեր «իզմ»-եր աշխատում՝ ձախական-ազգայնականները vs. աջական-ազատականների։ Ու սրանք խնդիրներ են, որոնք ֆիքսել է նաև Փաշինյանի հակառակորդը։ Անցած ամիսներին Արցախի խնդրով շահարկումները, այժմ էլ՝ կանանց դեմ բռնության ու ընտանեկան բռնության կանխարգելման ԵԽ կոնվենցիան հակառակորդների կողմից չի շահարկվում միայն ու միայն հասարակության մեջ նոր իշխանությունների «ապազգային», «պարտվողական-հանձնողական» կերպարը ձևավորելու ու հանրայի էմոցիաները թռցնելու համար։ Այն նաև օգտագործվում է «Իմ քայլի» ներսում խժդժությունները մեծացնելու, տարբեր թևեր ձևավորելու համար։ Իսկ դա «իզմ»-երն են անում․ պետք չէ մտածել, թե «Իմ քայլի» համապատասխան թեևրից հակառակորդը պատգամավորներ է առնում։ Նրանք ուղղակի իրենց բնական-աշխարհաճանաչողական կարգավորումներով (settings) ընդամենը շախմատային ֆիգուրներ են դառնում, որոնց սցենարիստը դնում է իր ցանկալի դաշտում․․․ Այժմ, առավել քան երբևէ, նկատելի է, որ «Իմ քայլը» դաշինքը շատ անհամասեռ է՝ թաքնված «իզմ»-երով, ու դա շատ պայթյունավտանգ է լինելու, եթե առանցքային խնֆդիրներ բերվեն օրակարգ։ Արդ, վարչապետը կամ որևէ մեկը թեկուզև հետահայաց պետք է զբաղվեն առանցքային հարցերով համաձայնեցումներ ու կոնսենսուսներ ձեռք բերելու խնդրով։ Այլապես կուշանաք, ընկերներ»։

Оцените статью