Նիկոլ Փաշինյանը գնում է Սերժ Սարգսյանի պատճառով. անհարմար իրավիճակ

ANIMALI CELEBRI

Հուլիսի 26-ին Նիկոլ Փաշինյանը մեկնում է Սանկտ-Պետերբուրգ, որտեղ կմասնակցի ԵՏՄ վարչապետների հավաքին: Այս իրադարձությունը Հայաստանում տվել է որոշակի հակասական ընկալումների տեղիք, միանգամայն հասկանալի պատճառներով:

Բանն այն է, որ Հայաստանի խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում պետության ղեկավարը, Առաջին դեմքը վարչապետն է: ԵՏՄ մյուս երկրների պարագայում վարչապետները պետության երկրորդ կամ երրորդ դեմք են, ինչպես Հայաստանում էր մինչեւ 2018-ի ապրիլ:

Այդպիսով, երբ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է ԵՏՄ Վեհաժողովին, ապա այստեղ ընկալման խնդիր չկա: Երբ Փաշինյանը լինելով պետության Առաջին դեմք, մասնակցում է ԵՏՄ մյուս անդամների երկրորդ կամ երրորդ դեմքերի հավաքին, ապա այստեղ իրավիճակը դառնում է փոքր ինչ տարօրինակ:

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառումով պարզաբանել է իրավիճակը, ասելով, որ վարչապետի մակարդակով ԵՏՄ Վեհաժողովներին՝ Առաջին դեմքերի հանդիպմանը մասնակցելու խնդիրը Հայաստանի Սահմանադրությամբ կարգավորված է, իսկ ահա վարչապետների հավաքին մասնակցության հարցը՝ ոչ: Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի պարզաբանման համաձայն, եթե Հայաստանից չի մասնակցում վարչապետը, ապա նրա փոխարեն որեւէ այլ պաշտոնյա մասնակցելու դեպքում չունի ԵՏՄ վարչապետների հավաքի որոշումների կայացմանը մասնակցելու իրավունք: Իսկ եթե Հայաստանը չմասնակցի որոշումների կայացմանը, ապա հնարավոր չի լինի դրանք կայացնել, քանի որ պետք է լինի կոնսենսուս:

Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն ամենեւին չունի ԵՏՄ աշխատանքները, այդ թվում վարչապետների հավաքները տապալելու, կաթվածահար անելու նպատակ եւ այդ իսկ պատճառով մեկնում է Սանկտ-Պետերբուրգ այդ հավաքին մասնակցելու:

Փաշինյանի պարզաբանումից առաջ մամուլում եւ տարբեր այլ հարթակներում աշխույժ խոսակցություն էր, որ Ռուսաստանն է պահանջել, որ մասնակցի հենց Փաշինյանը, քանի ոչ չեն ցանկանում առնչություն ունենալ նրանից ցածր պաշտոնյայի հետ, այսպես ասած չվստահելով կամ ուղղակի համարելով այդ պաշտոնյաներին անպատրաստ, այդ թվում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Բանն այն է, որ Հայաստանում դե ֆակտո վարչապետի կարգավիճակը՝ նախագահական մոդելին համարժեքության մասով, առաջին փոխվարչապետինն է:

Օրինակ, հենց Արարատ Միրզոյանը մի քանի շաբաթ առաջ Հայաստանը ներկայացրեց ԱՊՀ վարչապետների հավաքին, դրա շրջանակում հանդիպելով նաեւ ՌԴ վարչապետի հետ: Ի դեպ, այդ կապակցությամբ տարածվել էին խոսակցություններ, որ հենց այդ հանդիպումից ստացած վատ տպավորության պատճառով Ռուսաստանը հրաժարվում է աշխատել առաջին փոխվարչապետի հետ:

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պարզաբանմումը փաստորեն այն մասին է, որ հարցն ընդամենը իրավական կարգավորումներն են՝ այն էլ հայաստանյան դաշտում, եւ չեն ուզում դրա պատճառով խնդիրներ առաջացնել ԵՏՄ վարչապետների հավաքի համար, երբ հնարավոր չի լինի կայացնել որոշումներ:

Մյուս կողմից, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վաղուց է քննադատության տարափի տակ, հնարավոր ու անհնար առիթներով: Այդ ամենը սկսվեց հենց Դուշանբե այցից, որը տեղի էր ունեցել վարչապետի օդանավով: Վերջին աղմուկն ու քննադատությունն ամերիկյան՝ Վաշինգտոն այցի հետ էր կապված, թեեւ հետո այդ քննադատության պատճառները կամ փաստարկները զգալիորեն հերքվեցին, եւ պարզվեց, որ մեղադրանքների կամ քննադատության մի մասը եղել է մտացածին կամ ուղղակի ընդդիմախոսների անտեղյակության հետեւանք:

Մտացածի՞ն են խոսակցությունները, Ռուսաստանը հրաժարվե՞լ է աշխատել Միրզոյանի հետ, թե՞ Նիկոլ Փաշինյանի պարզաբանումն ուղղակի խնդիրը ծածկելու փորձ է:

Վերջին հաշվով, եղել են դեպքեր, երբ օրինակ Ղազախստանի նախագահը, կամ Բելառուսի նախագահը չեն մասնակցել ԵՏՄ վեհաժողովներին, եւ նրանց փոխարեն մասնակցել են վարչապետները: Երբ կայացվել են որոշումներ, բացակա նախագահները ավելի ուշ են դրել իրենց ստորագրությունը այդ որոշումների տակ:

Մյուս կողմից, սակայն, այդ բացակայությունները եղել են բացառություններ, երբ Լուկաշենկոն, Նազարբաեւը այս կամ այն պատճառով է, որ չեն ժամանել, իսկ սովորաբար նրանք մասնակցել են կանոնավոր:

Բայց այդ դեպքն այլ է, քանի որ խոսքը ոչ թե բացառիկ դեպքերի, այլ մշտական մասնակցության մասին է: Ի վերջո, չի կարող Հայաստանն անվերջ ավելի ուշ միանալ որոշումներին եւ այդպիսով ԵՏՄ վարչապետների հավաքները դադարեն տեղում որոշումներ կայացնելուց, եւ դրանց կայացումը տեւի մի քանի օր:

Տվյալ պարագայում ստացվում է, որ Հայաստանը կամ պետք է կանոնավոր արգելակի տեղում որոշումների կայացումը՝ եթե մասնակցում է ոչ թե վարչապետը, այլ առաջին փոխվարչապետը, կամ Նիկոլ Փաշինյանը պետք է ինքը մասնակցի այդ նիստերին, մինչեւ Հայաստանում լուծում ստանան այդ մասով սահմանադրական կարգավորումները, եւ առաջին փոխվարչապետը իրավասու լինի ԵՏՄ վարչապետների հավաքին ստորագրել որոշումները:

Այստեղ իհարկե հետաքրքիր է այն, թե ինչու է Հայաստանը, կամ խորհրդարանական մոդելի անցման սահմանադրական կնքահայրերը թողել այդ իրավական բացը: Նրանք չե՞ն մտածել դրա մասին, թե՞ մտածել են, եւ բացը թողել են հենց գիտակցաբար:

Բանն այն է, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը Հայաստանում ըստ էության ստեղծվել է ընդամենը վարչապետի պաշտոնը Սերժ Սարգսյանին հանձնող Կարեն Կարապետյանի դեմքը փրկելու համար: Եվ Սերժ Սարգսյանն էլ ըստ երեւույթին Կարեն Կարապետյանին չի տվել արտաքին դաշտում որոշում կայացնելու որեւէ լիազորություն, թերեւս չվստահելով նրան եւ անելով այնպես, որ Կարապետյանը ԵՏՄ եւ որեւէ մակարդակում չունենա առանց Սերժ Սարգսյանի որեւէ իրավական ուժ ունեցող պայմանավորվածության հնարավորություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Rate article