Ժողովուրդ թերթը գրում է. ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, չնայած իր երիտասարդ տարիքին /նա 37 տարեկան է/, բավականին պատկառելի ունեցվածք է կուտակել:
Նախ նշենք, որ դատավորը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Իսկ ըստ 2017 թվականի տարեկան հայտարարագրի` Անի Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 27.6 մլն դրամ, 350 հազար դոլար եւ 200 հազար եվրո:
Սրան զուգահեռ նշենք, որ երիտասարդ դատավորի ամսական աշխատավարձը կազմում է 544 հազար դրամ: Անի Հարությունյանը 2017 թվականի ընթացքում նաեւ ստացել է ավելի քան 55.2 մլն դրամի եկամուտ, ըստ հայտարարագրի` վարձակալության դիմաց: Բայց սա դեռ ամենը չէ:
Պարզվում է, որ կին դատավորը 2013 թվականին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 7 հատ բնակարան, 3 հատ հասարակական նշանակության շինություն, «Volkswagen touareg 4.2» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաեւ բաժնետոմսեր` 27 մլն 900 հազար դրամ եւ 50 հազար դրամ: Բացի այս, Անի Հարությունյանը 2017-ին 31.9 մլն դրամով գնել է BMW X4, իսկ 2 մլն դրամով վաճառել է «Volkswagen touareg 4.2» մակնիշի ավտոմեքենան:
Անի Հարությունյանը, սակայն, պատահական մարդու դուստր չէ. նա Սերժ Սարգսյանի մանկական ընկերոջ դուստրն է:
Նրա հայրը ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: Իսկ նրա հորաքրոջ որդին օֆշորի գործով անցնող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է:
Տեղեկացրեք Ձեր մտերիմներին