Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի երաշխավորներ է ընդունել այն անձանց, ովքեր ուղղակի կապ ունեն սույն քրեական գործի փաստերի եւ մի շարք ապօրինի հանգամանքների հետ, գործով կարող են ներգրավվել որպես կասկածյալներ:
Այս մասին այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ներկայացնելով իր բողոքը՝ հայտարարեց տուժող Արթուր Ավագյանի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
Նա ասաց, որ գործի հատորներում բազմաթիվ ցուցմունքներ կան, որով հիմնավորվում է այն փաստը, որ 2008թ. փետրվարին մարտի 1-2-ի դեպքերին մասնակցելու համար Արցախից Երեւան են բերվել զինված զորքեր եւ կասկածահարույց զինված խմբավորումներ, որոնք մասնակցել են մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման գործընթացին: «Այսինքն ԼՂՀ նախկին եւ ներկայիս նախագահները ոչ միայն սույն գործի շրջանակում գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի հետ կապված կարող են արժեքավոր տեղեկություններ հայտնել վարույթն իրականացնող մարմնին, այլեւ, ինչու ոչ, կարող են մեղադրյալներ դառնալ՝ կախված քրեական գործի հետագա ընթացքից: Ավելին, ԼՂՀ զորքերի մասնակցությունը 2008թ. մարտիմեկյան իրադարձություններին թույլ է տալիս ենթադրել, որ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը չպետք է ցանկանան, որպեսզի բացահայտվի այս քրեական գործը, իրենց համագործակցությունը նշածս պատճառներով, որով պայմանավորված՝ նրանք իրենց պարտքը համարեցին հանդես գալ որպես երաշխավոր: ՀՀ քր. օր. 145-րդ հոդվածը սահմանում է, որ անձնական երաշխավորի կարգավիճակ կարող են ստանձնել վստահություն վայելող անձինք: Անհասկանալի է, թե ինչպես է Դատարանը Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին դիտել որպես վստահություն ունեցող, եթե այս անձինք առնչվում են Մարտի 1-ի դեպքերին, ապրում եւ իրենց գործունեությունը ծավալում են ԼՂՀ-ում եւ ոչ Հայաստանի Հանրապետությունում»,- հայտարարեց բողոքաբերը:
Նա նկատեց, որ առաջին ատյանի դատարանն Արկադի Ղուկասյանին եւ Բակո Սահակյանին հարց չի ուղղել պարզելու, թե ինչպես են նրանք պարտավորվում ապահովել Ռոբերտ Քոչարյանի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացքում, երբ իրենք են ենթարկվել նրան՝ Ղարաբաղի ուժերը սահմաններից եւ այլ վայրերից տեղափոխելով ՀՀ՝ ապօրինի գործընթացին մասնակցելու նպատակով: «Եվ եթե Ռ. Քոչարյանի երաշխավորները չարամտորեն չկատարեն իրենց պարտականությունները, ինչպես են դատարանները պատկերացնում այն հանգամանքը, որ այդ դեպքում Ղարաբաղի նախկին եւ ներկայիս նախագահները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Սաֆարյանը: Վերջինիս խոսքով՝ դատարանն անտեսել է այն փաստը, որ Քոչարյանը մեծ կարողության տեր անձ է, եւ այդ հանգամանքը հաստատվում է սույն քրեական գործի նյութերով, եղել է ՀՀ երկրորդ նախագահ, հետեւապես, ըստ ներկայացուցչի, մեծ կապեր ունի իշխանություն ունեցող անձանց շրջանակներում, որպես երկրի նախագահ աչքի է ընկել երկրի ներսում հարցերը ռեպրեսիվ մեթոդներով լուծելու կողմնակից, որը նույնպես, Սաֆարյանի խոսքով, հիմնավորվում է սույն քրեական գործով:
«Ուստի նրա ազատության մեջ մնալու փաստը ինքնին վախ է առաջացնելու գործով անցնող վկաների, փորձագետների եւ այլոց մոտ: Այն հանգամանքը, որ դատարանում Քոչարյանը հայտարարեց, որ չկա այդպիսի երկիր, որտեղ զորքը չի օգտագործվել ներքաղաքական նպատակներով, թույլ է տալիս հետեւություն անել, որ Քոչարյանը բնական է համարում զորքը մայրաքաղաք բերելը, խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելը, եւ սա ուղղակի սարսափ է առաջացնում ու հիմնավորում, որ այս անձը չի կարող ազատության մեջ մնալ եւ բացի սարսափից, մեծ հավանականություն կա, որ նա, օգտագործելով իր կապերը, գույքային միջոցները, կազդի ոչ միայն վերը նշված անձանց վրա, այլեւ վարույթն իրականացնող մարմնի վրա, որի մասին վկայում է նաեւ այն փաստը, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը որեւէ միջոց չձեռնարկեց Քոչարյանի կողմից դատախազին վիրավորելու համար»,- ասաց բողոքաբերը: Նա նաեւ դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Դավիթ Գրիգորյանի, թույլ չի տվել տուժող կողմին մասնակցել խափանման միջոցի ընտրության հարցի քննարկմանը, ունենալ կարծիք, դիրքորոշում, մինչդեռ մեղադրողներին այդ հնարավորությունը տրվել է:
«Այսինքն դատախազների լսված լինելու իրավունքը, որը բխում է մրցակցային դատավարության սկզբունքից, չի սահմանափակվել, սակայն տուժող կողմի համար այլ մոտեցում է ցուցաբերվել՝ անտեսելով այն հանգամանքը, որ տուժող կողմը եւս մեղադրանքի կողմ է»,- հայտարարեց Սեդա Սաֆարյանը: Նա նշեց, որ դատարանն ի սկզբանե ունեցել է նպատակաուղղված միտում Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցում: Ըստ նրա՝ դատարանը կայացրած դատական ակտում, ըստ էության, ոչ թե անդրադարձել է կալանքի պահպանման կամ չպահպանման նպատակահարմարության հարցին, այլ վկայակոչել է մի շարք նախկինում կայացված դատական ակտեր, որտեղից փորձել է օգտագործել բացառապես Ռոբերտ Քոչարյանի օգտին արձանագրված դիրքորոշումները, մնացած որոշումներով արտահայտված գնահատականները, այդ թվում՝ արտահայտված իրավական դիրքորոշումներն անտեսելու եղանակով:
«…Կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի պարագայում գործում է նրան ազատության մեջ թողնելու ռիսկի եւ վտանգի իրական լինելու կանխավարկածը, եւ դա հաստատվում է քրեական գործի 76 հատորներում հաստատված հանգամանքներով, 2008թ. տեղի ունեցած իրավիճակների զարգացումներում նրա ունեցած դերով, դրանց մեծածավալ բնույթը, կազմակերպվածության աստիճանը, նրա կողմից դրսեւորված հակաօրինական վարքագիծը եւ հետեւանքների նկատմամբ դրսեւորած մեծագույն ռիսկը, իշխանության տարանջատման սկզբունքի ակնհայտ խախտումների փաստը, որոնք պետք է գնահատվեին եւ Ռ. Քոչարյանի խափանման միջոցը չփոխվեր: Գործի նյութերից պարզորոշ է, որ գործով անցնող մյուս մեղադրյալները՝ հանձինս Ռ. Քոչարյանի նախաձեռնության, օգտագործել են բոլոր հնարավոր միջոցները՝ զորքը եւ այլ ուժեր ներքաղաքական կյանքին ներքաշելու եւ նման իրավաճակ ստեղծելու համար: Այդ գործընթացը միտված է եղել երկրում ռազմական դրություն հայտարարելուն, հանրահավաքի եւ ընտրությունների արդյունքների ստուգման օրինական գործընթացի իրականացումը կանխելուն իր ու իր քաղաքական թիմի համար ստեղծելու այնպիսի քաղաքական իրավիճակ, որում հնարավոր չլինի ապահովել ընտրությունների արդյունքների օրինական ստուգում: Իսկ այս բոլոր ապօրինությունները եւ գործընթացներին խոչընդոտելը բացառապես պետք է վերագրել ժողովրդի անվտանգության երաշխավորին՝ Ռոբերտ Քոչարյանին: Նման ապօրինի գողություններ կատարելու եւ սահմանադական կարգը տապալելու համար նա եղել է ապահովագրված նաեւ այլ մեծ տերությունների կողմից, որի մասին կխոսվի առանձին»,- հայտարարեց բողոքաբերը:
Ըստ նրա՝ Քոչարյանը թե՛ անցյալում՝ իր պաշտոնավարման տարիներին, թե՛ ներկայումս կապված չի եղել ՀՀ ժողովրդի, այսինքն Հայաստան երկրի հետ, աշխատում է ՌԴ ում, հիմնական բնակության վայրը Ռուսաստանի Դաշնությունն է: «Չեն կարող բարոյական հատկանիշները բարձր գնահատվել մի անձի մոտ, ով եղել է երկրի նախկին նախագահը եւ վերաբերմունքն իր կողմից կատարած հակաօրինական վարքագծի հանդեպ զուրկ է քննադատությունից, ունի նույն մտածողությամբ թիմ, ովքեր սպանվածների ծնողների մոտ տոնական տրամադրությամբ Եվրատեսիլի երաժշտության ներքո մասնակցում են Քոչարյանի խափանման միջոցի քննարկմանը՝ թույլ տալով սադրիչ գործողություններ, ինչպիսին թույլ են տվել 2008թ.-ին»,- ասաց տուժողի ներկայացուցիչը: Ամփոփելով իր բողոքը՝ Սաֆարյանը միջնորդեց վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձնական երաշխավորություն ընտրելու վերաբերյալ խափանման միջոցի որոշումը եւ խափանման միջոց ընտրել կալանավորումը:
Հիշեցնենք, որ տուժող Արթուր Ավագյանը 2008թ․ մարտի 1-ին ստացել է հրազենային ծանր վնասվածք դեմքի շրջանում: Ավագյանը պաշտոնապես տուժող էր ճանաչվել միայն 2008-ի սեպտեմբերի 2-ին՝ Մարտի 1-ի մայր գործով նախաքննության ավարտից 2 օր առաջ:
Նրա հայրը՝ Սամվել Ավագյանը սպանվել է օրեր առաջ՝ հունիսի 10-ին Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի տարածքում՝ դանակից ստացած վնասվածքներից: