Քոչարյանը փոխում է իրավիճակը. Նիկոլ Փաշինյանի կոչը

ANIMALI CELEBRI

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորության ստորագրահավաքին միացել է 45 պատգամավոր: Սողոմոնյանն ասել է, որ պատգամավորների ցանկը կհրապարակվի, երբ ստորագրահավաքը վերջանա եւ պարզ լինի ամբողջական պատկերը:

Ռոբերտ Քոչարյանին փաստորեն 8 պատգամավոր է մնում այսպես ասած խորհրդարանական մեծամասնության՝ 53 ստորագրության համար:

Մայիսի 8-ին օրինակ հենց 53 կողմ էր պետք, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ: Մայիսի 1-ին, ի դեպ, Փաշինյանի ընտրությունը չստացվեց հենց այն պատճառով, որ չհավաքվեց 53-ը: Ընդ որում, ըստ տարածված տեղեկության, դա չէր ստացվել Ռոբերտ Քոչարյանի միջամտությունից հետո, ապրիլի 30-ի գիշերը, որի մասին ահազանգել էր Նիկոլ Փաշինյանը եւ բոլորին հրավիրել մայիսի 1-ին լինել Հանրապետության հրապարակում:

Սպասվում էր, որ ՀՀԿ-ն հենց մայիսի 1-ին կանի իր քայլն ու կնպաստի, որ «ժողովրդի թեկնածուն» դառնա վարչապետ: Բայց հետո Նիկոլ Փաշինյանը ապրիլի 30-ի գիշերը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը գիշերը արտահերթ հավաք են արել ՀՀԿ-ում, եւ իրավիճակը փոխվում է: Նա կոչ արեց համակիրներին մայիսի 1-ին գալ հրապարակ:

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո միջամտել էր իրավիճակին, ակնառու էր ՆՏՎ հեռուստաընկերությանը նրա կարճ, բայց խոսուն հարցազրույցից՝ մի քանի վայրկյան, թե իշխանությունը ճամպրուկ չէ, որ հանձնես ուրիշին:

Դա իհարկե մինչեւ ապրիլի 30-նն էր: Ընդ որում հետաքրքիր է, որ դրանից հետո ՀՀԿ ճամբարից եղան դրսեւորումներ, որոնք Նիկոլ Փաշինյանին ուղղված առաջարկ էին՝ գալ, խոսել: Դա օրինակ արեց Սամվել Ֆարմանյանը, նրան հրավիրելով խմբակցություն՝ իրենց համոզելու: Փաշինյանը ապրիլի 30-ին գնաց, նույնիսկ թույլ տվեց միավոր հավաքել իր ընդդիմադիր գործունեության հետ կապված հարցերի վրա, համարելով թերեւս, որ դա իր փոխզիջումն է վարչապետի հարցում ՀՀԿ քվեարկության համար, իրավիճակը արագ հանգուցալուծելու համար:

Բայց, մի քանի ժամ անց Փաշինյանը հայտարարեց կողմնակիցներին, որ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հավաքել են ՀՀԿ-ն, եւ իրավիճակը փոխվում է: Միաժամանակ ակնհայտ էր, որ ՀՀԿ-ում տեղի է ունեցել ներքին հաշիվների պարզաբանում, գործնականում այն, ինչ Քոչարյանն ու Սարգսյանն անում էին 2008-ից հետո տասը տարի:

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանին, իսկ մայիսի 2-ին հանրապետությունը կանգնեց, ՀՀԿ-ին ստիպելով արդեն կայացնել հակառակ որոշում: Գործնականում, եթե ապրիլի 23-ը Սերժ Սարգսյանի պարտությունն էր, ապա մայիսի 2-ին պարտվեց արդեն Ռոբերտ Քոչարյանը:

ՀՀԿ-ն որպես կուսակցություն կամ միավոր պարտվեց թե Սերժ Սարգսյանի հետ, թե մի քանի օր անց նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Երկրորդ պարտությունից կուսակցությունը կարող էր խուսափել, եթե լսեր կամ ավելի շուտ ուշադիր ընթերցեր Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստն ու ըմբռներ, որ Սարգսյանն ամենեւին տեքստի գեղարվեստա-բարոյական նկարագարի համար չէ, որ հղել էր «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի» ուղերձը:

Այժմ երկու անգամ պարտված ՀՀԿ-ն մտադիր է փորձել գոնե մեկ անգամ հաղթել՝ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նրան կալանքից ազատելը ՀՀԿ-ն անկասկած կդիտարկի իր հաղթանակը: Կամ դա կլինի ՀՀԿ-ում Քոչարյանի հաղթանակը, քոչարյանական թեւի հաղթանակը: Իսկ Ռոբերտ Քոչարյանը դեռեւս մի քանի տարի առաջ արտահայտվել էր, թե 2007-ի խորհրդարանի ընտրությունից առաջ մի շարք պաշտոնյաների խորհուրդ է տվել մտնել ՀՀԿ եւ ուժեղացնել կուսակցությունը:

Ի դեպ, այդ ժամանակ պաշտոնյաներից էր Ռոբերտ Քոչարյանի կառավարության ամենահաջողված կադրերից մեկը՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, որը թողեց պաշտոնն ու դարձավ ՀՀԿ պատգամավոր: Բանն այն է, որ Հարությունյանը ներկայում ՀՀԿ ամենաակտիվ գործիչներից է, թե Ընտրական օրենսգրքի փոփոխությունների, թե նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության մասով:

Այդպիսով, 45 պատգամավորները բոլո՞րն են ՀՀԿ-ից, թե՞ կան օրինակ ՀՅԴ եւ Ծառուկյան դաշինքի պատգամավորներ: Օրինակ, հայտնի է, որ Ծառուկյան դաշինքից Վարդան Բոստանջյանը սխալ էր համարել Քոչարյանի կալանավորումը, որից հետո նա վայր դրեց մանդատը, թեեւ հերքել է, որ դա արել է հարցազրույցի պատճառով՝ Ծառուկյանի հորդորով:

Թույլ կտա՞ Ծառուկյանն իր դաշինքի պատգամավորներին ստանձնել Քոչարյանի կալանքից ազատելու պատասխանատվություն: Այս ֆոնին հետաքրքիր է, որ Ծառուկյան դաշինքում բավական նկատելի տարակարծություն ու բախում է եղել Երեւանի Ավագանու թեմայով: Պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ նախկին սոցապնախարար, կոշտ քննադատել է Ավագանու արտահերթ ընտրությանը Նաիրա Զոհրաբյանի թեկնածության առաջադրումը՝ որպես ԲՀԿ ցուցակի թիվ մեկ համար: Արդյոք ԲՀԿ ներսում եւս հասունանում է ստատուս-քվոյի փոփոխություն, ինչպես ՀՀԿ-ում:

Եթե Քոչարյանը հավաքի 53 ստորագրություն, ապա կստացվի, որ նրա կալանքից ազատվելու հարցը փաստորեն հավաքել է խորհրդարանական մեծամասնություն, ինչը կնշանակի, որ իրավիճակ է փոխվում կամ փոխվել, ինչպես ապրիլի 30-ի գիշերը:

Այդ ֆոնին էլ հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը դարձյալ դիմել է հանրությանը, օգոստոսի 17-ի համար, բայց ոչ թե հանրապետությունը կանգնեցնելու, այլ Հանրապետության հրապարակում կանգնելու եւ հեղափոխության ստատուս-քվոն պահելու կոչով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Rate article