Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլշան Մուսաևը հայտարարել է, թե ինչ-որ պահի
Բաքուն կարող է կրկնել ապրիլյան մարտերը, քանի որ Հայաստանում չկա կայուն իշխանությունը: Այս մասին փոխանցում է Ռուսարմինֆոն:
Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո սադրանքներ են տեղի ունեցել Ադրբեջանի դեմ, որոնցից մեկն էլ ՀՀ վարչապետի կողմից Արցախում պարելն է:
Իր հերթին «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցության պատգամավոր Սահիբա Գաֆարովան կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ նպատակ ունենալով փոխել ստատուս քվոն:
Նրա խոսքերով, եթե Փաշինյանը չհասկանա «իր սխալը», լուրջ խնդիրներ կունենա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին այցելել է Արցախի Հանրապետություն, որտեղ մասնակցել է եռատոնին` Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման օրվան
նվիրված միջոցառումներին:
Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներն առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից քաղաքացիների հետ միասին երթով շարժվել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ ծաղիկներ ու ծաղկեպսակներ են դրել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Շուշիում կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ վարչապետ Փաշինյանը զրուցել է ներկաների հետ և շնորհավորել նրանց տոնական օրվա առթիվ: