Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր հրավիրել եմ աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման խնդիրների համապարփակ քննարկմանը:
Պետք է նշեմ, որ այս ընթացքում չի եղել մեկ օր, որ պատասխանատուների մասնակցությամբ քննարկումներ չկազմակերպվեն և իրավիճակը մեղմելու համար եղած հնարավորությունները լիովին չօգտագործվեն: Իրականում եղանակային անոմալ պայմանները, մասնավորապես՝ տեղումների աննախադեպ պակասը և, զուգահեռաբար, պատերազմի հետևանքով մայրաքաղաքի բնակչության թվի աճը մոտ 30 տոկոսով (Ստեփանակերտի բնակչությունը ներկայումս կազմում է ավելի քան 60 հազար մարդ) բերել են նման կրիտիկական վիճակի:
Մեկ անգամ ևս քննարկելով առկա բոլոր հնարավորությունները՝ խնդիրը լուծելու համար որոշում է կայացվել մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգը Պատարա գետին միացնող խողովակաշար կառուցել: Այն, ըստ մասնագետների, շահագործման կհանձնվի մեկ տարվա ընթացքում, և հաջորդ տարվանից
ստեփանակերտցիներն այլևս խմելու ջրի խնդիր չեն ունենա: Դրան զուգահեռ, այսօր վերջնական որոշում է կայացվել նաև առաջիկայում սկսել մեր
հանրապետության՝ իր ծավալներով ամենախոշոր տնտեսական նախագծի՝ Պատարայի ջրամբարի կառուցումը (ծրագրի ընդհանուր արժեքը նախնական հաշվարկներով կազմում է 15 մլրդ ՀՀ դրամ): Այն թույլ կտա ոչ միայն մայրաքաղաքի, այլև Ասկերանի շրջանի շուրջ մեկ տասնյակ գյուղերի
բնակչությանն ապահովել մշտական խմելու որակյալ ջրով, ինչպես նաև ոռոգովի դարձնել ավելի քան 2500 հա հողատարածք, ինչն իր էական նպաստն է բերելու գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացմանը: