Տեղի է ունեցել անխուսափելին

ANIMALI CELEBRI

Իսսիկ-կուլից վերադարձին Նիկոլ Փաշինյանին Զվարթնոցում դիմավորել են ՀՀ Անվտանգության խորհրդի անդամները, շարք կանգնած։ Սա առաջին անգամն է՝ պաշտոնական լուսաբանմամբ։ ԵՏՄ վարչապետերի հերթական դատարկ հավաքից Փաշինյանի վերադարձը դժվար է անվանել «հաղթական», ոչ էլ այնտեղ որեւէ իրադարձություն էր տեղի ունեցել, որ արժանանար ԱԽ կազմի շարվածքին։

Հայտնի է դարձել նաեւ, որ պաշտոնյաները սկսում են իրենց գլխավերեւում կախել Փաշինյանի լուսանկարները։ Սա եւս մի ախտանիշ է, որ տեղի է ունենում անխուսափելին՝ ներքին կյանքի շարունակվող դեգրադացիայի, ներքին անբովանդակ «դիսկուրսի» ֆոնին։

Իրավիճակային լուծումների հակված իշխող խմբի ներկայացուցիչները տրտնջում են, թե իրենց իշխանության շրջանում կայուն ժամանակաշրջան չեն ունեցել՝ համավարակ, պատերազմ, «հեղաշրջման փորձեր», սակայն սա ոչ միայն արդարացում չէ, այլեւ անկարողության խոստովանություն։ Ունակ, երկրի զարգացման հայեցակարգեր ունեցող թիմերի համար ճգնաժամերը հնարավորություն են, ոչ թե ալիբի։ Եվ հակառակը, այդ ճգնաժամերն իրականում բացահայտում են տվյալ թիմերի էությունը։

Կառավարության ծրագիրն ու մինչեւ 2050 թ․ զարգացման ռազմավարությունն ի ցույց են դնում այս հանգամանքը, իսկ իրավիճակային քայլերը՝ իշխող թիմի կադրային, անվտանգային, սոցիալ-տնտեսական քաղաքականության ողջ դատարկությունը։ Այդ դատարկությունն էլ լցվում է պրոտոկոլային խեղկատակությամբ ու լուսանկարներ կախելով։

Իսկ մոսկովյան «պողպատը» ներսում «իրավունքի դիկտատուրայի» թույլտվությամբ՝ Հայաստանի դեմ ռուսական պլանների իրականացումն ապահովելու իշխող խմբի պարտավորությունն է՝ խաղաղ դարաշրջան, կոմունիկացիաներ բացելու, թշնամանքը կառավարելու եւ այլնի վերաբերյալ դատարկաբանությամբ։

Rate article