Օպերայի թատրոնի շուրջ եղած սրճարանները ապամոնտաժելու Երեւանի քաղաքապետարանի քայլը մեծ աղմուկի պատճառ դարձավ մարտի 14-ին, երբ տեղում առաջացավ խիստ լարված իրավիճակ, բախում բողոքող քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ: Իրավիճակը աչքի ընկավ նաեւ քաղաքական ուժերի ներգրավումով: ԲՀԿ-ն էր դեպքի վայրում, ըստ կուսակցականների մեկնաբանության՝ բախում թույլ չտալու համար, եւ ինչպես հետո համացանցում տարբեր օգտատերեր սկսեցին տարածել՝ նախկին իշխանության տարբեր թեւերի հարող տարբեր գործիչներ եւ խմբեր: Հնչել էին նաեւ «Ռոբերտ վարչապետ» վանկարկումներ, որոնք հավանաբար վերաբերել են Ռոբերտ Քոչարյանին:
Իհարկե դա հիմք չէ եզրակացնելու, որ, օրինակ դա կազմակերպել է Ռոբերտ Քոչարյանը, որի կալանքի երկարաձգման հարցն էր ի դեպ այդ օրերին քննարկվում: Ի վերջո, ինչ որ մեկը կարող էր նաեւ այդպես բղավել, կամ ինչ որ մի քանիսը, «հետքը» Ռոբերտ Քոչարյանի վրա տանելու համար:
Այն, որ տեղի ունեցածն ուներ նաեւ քաղաքական հետք, նկատելի է: Թե հատկապես ու՞ր էին տանում դրանք, միարժեք պարզ չէ, թեեւ ամեն քաղաքացի ունի իր գնահատականը կամ եզրակացությունը: Հավանական է, որ տանում էին գուցե ոչ թե մեկ, այլ մի քանի ուղղություններով, թեեւ հնարավոր է` ի վերջո հասնում միեւնույն կետի:
Միով բանիվ, էական խնդիրը դա էլ չէ: Լայն շրջանակում տեղի է ունենում խորհրդանշական իրադարձություն: Մի քանի օր առաջ Ազատության հրապարակում «պայքար» էր Արցախի տարածքների համար, այսպես ասած դրանք չհանձնելու դեմ, եւ այդ պայքարում էլ համացանցի օգտատերերն արձանագրել էին գրեթե նույն քաղաքական հետքերը: Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի անվտանgության խորհուրդների համատեղ նիստը, եւ դրանում Հաաստանի վարչապետի ելույթը, որը գործնականում իսպառ իմաստազրկեց ոչ միայն Ազատության հրապարակում կոնկրետ օրվա ակցիան, այլ քաղաքական այդ «տրենդը» ընդհանրապես:
Այստեղ է, որ լայն շրջանակում հատկանշական է դառնում Արցախի «տարածքներից» քաղաքական «հետքի» անցումը Օպերայի սրճարանների տարածքներին, այնտեղ փնտրելով քաղաքական հավակնությունների եւ դերակատարման իմաստավորումը:
Սակայն հենց այդ հարցն է նաեւ, որ իրավիճակը հատկանշական է դարձնում ավելի լայն իմաստով: Այն, ինչ տեղի է ունեցել Ստեփանակերտում մարտի 12-ին, Հայաստանում դիտարկվել է լոկ արտաքին քաղաքական, արցախյան համատեքստում: Դա մի կողմից կարծրատիպային, մյուս կողմից թյուրըմբռնում է, որովհետեւ Արցախի հարցում արձանագրված շրջադարձային կետում չի կարող լինել միայն արտաքին քաղաքականություն: Որովետեւ Արցախի հարցը հայկական քաղաքականության «մատրիցան» է, ուզի որեւէ մեկը, ընկալի, թե ոչ:
Հնարավոր չէ փոփոխությունն այնտեղ, բայց անփոփոխությունը ներքին քաղաքական տրամաբանության մեջ: Նիկոլ Փաշինյանը փոխել է հայկական քաղաքականության «մատրիցան» եւ արձանագրել այդ փոփոխությունը մարտի 12-ին Ստեփանակերտից՝ հայկական երկրորդ պետության մայրաքաղաքից հնչեցված կոնցեպտուալ ելույթում:
Այդ համատեքստում, հայկական ավանդական քաղաքականությունն ինքն այլեւս վերածվում է սոցիալական բողոքի օբյեկտի, ուր մնաց փորձել իբրեւ սուբյեկտ իմաստավորվել այլ հանրային շերտերի սոցիալական բողոքի, առավել եւս դրա իմիտացիայի վրա: Հայկական քաղաքականության մեջ իմաստավորվելու համար այլեւս պահանջվելու են ավելի բարձր ելակետեր, քան Ստեփանակերտում մարտի 12-ին սահմանվածը: