
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայում ՝ դատարանի շենքի մոտ վեճի ընթացքում, կոտրել է տարեց կնոջ ձեռքը։ Այս մասին հայտնում է տեղի Odessit.ua պորտալը։
Հաղորդվում է, որ Սաակաշվիլին իր կողմնակիցների հետ պիկետ էր կազմակերպել դատարանի շենքի մոտ, որտեղ ընթերցվում էր քաղաքապետ Գենադի Տրուխանովի կողմից «Կրայան» գործարանի անօրինական գնման մասին գործով դատավճիռը։
![]()
Ակցիայի ընթացքում Սաակաշվիլին վեճի և ծեծկռտուքի մեջ է մտել իր ընդդիմախոսների և քաղաքապետի թիկնապահների հետ՝ հարվածելով մի թոշակառու կնոջ։ Վերջինս ընկել է և կոտրել ձեռքը, ինչից հետո հոսպիտալացվել է։
Ուկրաինական մյուս ԶԼՄ-ները ևս հայտնում են Սաակաշվիլիի մասնակցությամբ դատարանի շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի մասին, սակայն տիկնոջ՝ վնասվածքներ ստանալու դրվագը չի հիշատակվում։
Հիշեցնենք, որ Զելենսկին Սաակաշվիլիին էր վերադարձրել քաղաքացիությունը մայիսի 28-ին, հաջորդ օրը քաղաքական գործիչը վերադարձել էր Ուկրաինա։







