Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բեռնափոխադրումներով զբաղվող
ռուսաստանյան ընկերությունների ներկայացուցիչներին կոչ է արել ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղի տարանցիկ ներուժին: «Այնտեղ այժմ ակտիվ աշխատանք է ընթանում ենթակառուցվածքների, ավտոճանապարհների վերականգնման ուղղությամբ, ուստի խնդրում ենք ուշադիր լինել այդ հեռանկարային տարածքին, այն, ըստ իս, կունենա ակնհայտ տնտեսական օգուտ: Կարևոր է, որ մեր անմիջական հարևանությամբ գտնվող այս հատվածի տնտեսական զարգացումն ընթանա Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ», ասել է Լավրովը Միջազգային ավտոփոխադրողների ասոցիացիայի հետ հանդիպմանը:
Ղարաբաղի տարանցիկ ի՞նչ ներուժին է Լավրովն առաջարկում ուշադրություն դարձնել: Արդյոք Լավրովը նկատի ունի այն ճանապարհները, որոնք առաջարկում են կառուցել Բաքուն և Անկարան: Եվ ընդհանրապես, ի՞նչ նկատի ունի Լավրովը «Ղարաբաղ» ասելով:
Հայաստանում այդպես էլ չեն հայտարարել այն մասին, թե ինչպես են պատկերացնում Արցախի ապագան խորհրդարան անցած ուժերը: Նրանք բոլորը հավատարմության երդում են տվել ռուս-թուրքական «եռակողմ» հայտարարությանը, որում Հայաստանը ոչ մի դերակատարություն չունի: Երեւանը չի հայտարարել Արցախում իր իրավունքների եւ իրավազորության մասին: Ահա թե ինչու է Ալիևը արտասահմանյան ընկերություններին հրավիրում Արցախ և այս հողը անվանում իրենը, իսկ Ռուսաստանը փոխադրողներին կոչ է անում օգտագործել տարանցիկ ներուժը:
Այս 9 ամիսների ընթացքում Հայաստանի ղեկավարությունը չի այցելել Արցախ: Խորհրդարանում առաջարկել են դա անել սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը: Եվ հիմա, հավանաբար, բոլորը սարսափով են մտածում մոտեցող օրվա մասին:
Հիշո՞ւմ են արցախցիները, որ 1991-ին կողմ քվեարկեցին անկախության հռչակմանը, հետո Սահմանադրությանը: Հիշու՞մ են, որ նրանք ունեն ընտրված կառավարություն, խորհրդարան, որը չպետք է զբաղվի շինարարությամբ ու ասֆալտով, այլ պաշտպանի այս տարածքի նկատմամբ արցախցիների իրավունքները: Եվ ոչ թե արտաքին պետությունների նախարարներին շողոքորթելու համար, այլ պահանջելու, որ նրանք չեն տնօրինում իրենց իրավազորությունը: