Հայաստանում ռուսական կապիտալով ընկերությունների շուրջ իրավական գործընթացների առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին հեռավար մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հարցը հայ-ռուսական հարաբերության օրակարգում է եւ կան պայմանավորվածություններ, որոնք հաշվի են առնում երկկողմ շահը:
Հարցը վերստին արդիականացրել էր ՌԴ արտգործնախարար Լավրովն ապրիլի 21-ի իր հայտարարությամբ, իրավական գործընթացները դիտարկելով ոչ դաշնակցային:
Լավրովին արձագանքել էր Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, նշելով, որ ռուսական կապիտալով ընկերությունները, ինչպես բոլոր տնտեսվարողները, Հայաստանում ունեն հավասար իրավունքներ ու պարտականություններ, եւ կառավարությունը որեւէ տնտեսվարողի նկատմամբ չունի որեւէ դիտավորություն: Նա նշել էր, որ Հայաստանի կառավարությունն անում է ամեն ինչ բոլոր տնտեսվարողների գործունեության նպաստավոր պայմաններ ստեղծելու համար: Գրիգորյանը միաժամանակ նշել էր, որ այդ հարցը ունի հայ-ռուսական ամենաբարձր մակարդակի փոխըմբռնում:
Հարցը երկու երկրների առաջին դեմքերի մակարդակում եղել է 2018-ի սեպտեմբերի 8-ին, երբ աշխատանքային այցով Մոսկվա ժամանեց Նիկոլ Փաշինյանը, իսկ դրա նախօրեին ՊԵԿ հատուկ ստորաբաժանումը գործողություն էր իրականացրել Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունում:
Հարցն իհարկե Փաշինյան-Պուտին հանդիպումով չփակվեց եւ պարբերաբար դառնում էր հայկական մամուլի թեմա: 2019-ի ապրիլի 21-ին Լավրովը փաստորեն թեման պաշտոնականացրեց վերստին:
Վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ այդ հարցի առնչությամբ կա երկու երկրների ղեկավարների մակարդակում պայմանավորվածություն: Այդ դեպքում ինչի՞ մասին էր խոսում Լավրովը: Արդյոք դա նշանակում է, որ Ռուսաստանից կա մեծ ճնշում: Ուրեմն, Պուտինն է՞լ է ենթակա այդ ճնշմանը: Թե՞ նա խաղում է երկակի՝ պայմանավորվում է Փաշինյանի հետ, բայց մյուս կողմից սրում հարցը Լավրովի շուրթերով:
Թե՞ Պուտինն այլեւս Ռուսաստանում չի որոշում ոչինչ, պարզապես կա, քանի որ ռուսական քաղաքական վերնախավում կամ «պոլիտբյուրոյում» դեռեւս չկա որոշում նրա հետագա ճակատագրի առնչությամբ՝ պահե՞լ, թե այդուհանդերձ դիտարկել նրան փոխարինելու տարբերակ: Դա էլ իր հերթին կախված է իհարկե այն հանգամանքից, թե ինչպես կզարգանա միջազգային իրավիճակը, մասնավորապես համաշխարհային բաժանման ամերիկա-չինական «պարտիան»:
Խոշոր հաշվով, ներկայում հայ-ռուսական հարաբերությունը թողնում է հենց այդ անորոշության արտացոլանքի տպավորություն, համենայն դեպս դատելով Փաշինյանի հայտարարություններից: Տպավորություն է, որ Երեւանը Ռուսաստանում «կորցրել» է նրան, ում հետ պետք է քննարկել խնդիրները կամ ով պատասխանատու է որեւէ պայմանավորվածությունների համար: Այսինքն, կան ոչ թե խնդիրներ «պայմանավորվողի» հետ, այլ խնդիրն այն է, որ չկա պայմանավորվող, որի հետ հնարավոր է լիարժեք քննարկել առկա հարցերը: