«Ուրախ Վարդավառ»․ երկու երեխաներ 18-ամյա տղայի վրա եռացրած ջուր են լցրել
18-ամյա Վալերի Արամյանը մեկի շաբաթ առաջ գնացել էր Մեծամոր տատիկի տուն՝ բարեկամի հարսանիքին մասնակցելու։ Երեկ նա որոշել էր տատիկի հետ Վարդավառը նշել և վերադառնալ Երևան։
Բայց երիտասարդը չէր էլ պատկերացնում, թե ուրախ տոնը իր համար ինչի կարող է վերածվել։
Երեկ առավոտյան տղան գործով բակ էր իջել։ Այն, որ իրեն կարող են ջրել, սպասելի էր, բայց որ եռման ջրով՝ մտքով չէր անցնի։
Նույն բակից երկու 10-ամյա երեխա եռացրած ջուրը լցրել են Վալերիի մեջքին։ Սարսափելի ցավերի մեջ տղային հիվանդանոց են տեղափոխել։ Նա մեջքի հատվածում 3-րդ կարգի այրվածք է ստացել։
Վալերին պրոֆեսիոնալ դհոլահար է, հունվարին պատրաստվում է բանակ գնալ։
Ասում է, որ վերքերի համար շատ չի անհանգստանում՝ շուտով կլավանան։ Իսկ այն երեխաների ծնողներին խորհուրդ է տալիս զբաղվել նրանց դաստիարակությամբ։
Կամ սկզբի համար բացատրել, թե ինչ ջերմաստիճանում է մարդը այրվածքներ ստանում։
Մեկնաբանեք նյութը և կիսվեք ընկերների հետ