Ապրիլյան պատերազմում ողնաշարի ծանր վնասվածք ստացած զինծառայող Հայկ Սեխլիյանի ընկերներն արդեն մի քանի օր է՝ հանգանակություն են սկսել, որպեսզի նա հնարավորություն ունենա մեկնել Գերմանիա՝ անհրաժեշտ բուժումը ստանալու համար: Կառավարությունից սպասելիքներ կարծես թե այլեւս չկան:
«Ես սովորաբար իմ կյանքում ոչ մի բան չեմ սպասում, առավելեւս կառավարությունից, պետությունից: Սա ասում եմ ոչ թե որովհետեւ հիասթափված եմ կամ ինչ-որ բան, այլ ընդհանրապես չեմ սպասում: Դրա համար ընկերներս նախաձեռնեցին այդ հանգանակությունը»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց Հայկը: Անհրաժեշտ գումարը 35 հազար եվրո է: Այս ընթացքում նրա հաշվեհամարին փոխանցվել է ընդամենը 375 դոլար:
Հայկը, որ սկզբում ինքնուրույն նույնիսկ տեղաշարժվել չի կարողացել, Հայաստանում երկու վիրահատությունից ու վերականգնողական բուժումից հետո քայլում է ձեռնափայտի օգնությամբ: Ասում է՝ ըստ գերմանացի եւ իսրայելցի բժիշկների՝ դա բացառիկ երեւույթ է վերջին 70-75 տարիներին. «Իրենք ամենամեծ հրաշքը, որ պատկերացնում են, այն է, որ ես պետք է նստեի»:
Հայկ Սելխիյանը ապրիլի 4-ին Թալիշում վիրավորվել է գրադի ականի պայթյունից: Մարմնում մնացած բեկորներ կան: Դրանցից մեկն ընդհուպ մոտեցել է ողնուղեղին: Այժմ, արդեն, ըստ նրա, հայաստանցի մասնագետները հրաժարվում են իր հետ աշխատել, որովետեւ այդ վիճակում ռիսկային է, քանի որ յուրաքանչյուր շարժում կարող է բեկորը ճակատագրան ուղղությամբ տանել:
«Երեք տարի փորձել եմ Հայաստանի պայմաններում բուժվել, բայց վերջին մի տարին մեր բժիշկներն էլ գրեցին, որ իրենք չեն կարողանում այստեղ բուժել: Անցյալ տարի նոյեմբերին գնացել եմ Գերմանիա հետազոտման, մասնագետների եզրակացությունը հետեւյալն է եղել, որ իրենք վեց շաբաթում վերականգնողական բուժման միջոցով պետք է ոտքի կանգնեցնեն, ես առանց ձեռնափայտի ազատ տեղաշարժվեմ:
Իսկ բեկորին, որը ողնուղեղիս մոտ է, ասացին՝ չենք համարձակվի դիպչել: Խորհուրդ տվեցին գնալ Շվեյցարիա՝ Ցյուրիխ քաղաքում գործող կլինիկա: Գերմանիայում ասացին՝ վերականգնողական միջոցներով քեզ կկանգնեցնենք ոտքի, հնարավոր է նաեւ օրգանիզմի վնասված ֆունկցիաներն էլ վերականգնվեն: Օրինակ տաքի ու սառի զգացողություն ընդհանրապես չունեմ»,- ասաց 33-ամյա Հայկը:
Ցյուրիխում վիրահատությունն, ըստ նրա, իհարկե նախընտրելի կլիներ, բայց տվյալ բուժհաստատությունից առաջարկել են նախ երկու օր հետազոտություն անցնել, որի համար պահանջվում է 6 680 եվրո: Իսկ թե վիրահատության գործն այստեղ ստանձնելու դեպքում որքան կարող է լինել դրա արժեքը, հայտնի չէ:
«Նոյեմբերին էլ որ գնացի Գերմանիա, իմ հրամանատարի շնորհիվ եմ գնացել»,- հավելեց պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողը: Հրամանատարը տրամադրել է երեք հազար դոլար:
Հայկ Սելխիյանը դիմել է առողջապահության նախարարություն: Գերմանիա տեղափոխվելու հարցում այստեղից, գոնե առայժմ, աջակցություն չի ստացել: Զինծառայողի փոխանցմամբ, պատասխանել են, որ Հայաստանում նույնպես վերականգնողական բուժում ստանալու հնարավորություն կա: Իսկ վիրահատական միջամտություն, փաստորեն, գերմանացի մասնագետներն էլ չեն ստանձնում:
Հայկը նկատում է, որ եղել է մեր երկրի բոլոր վերականգնողական կենտրոններում. «Ասում են՝ վերականգնողական բուժում այստեղ էլ հնարավոր է: Վերականգնողական կենտրոնը հանձնաժողով է ստեղծում, հանձնաժողովի բժիշկները ասում են՝ չենք կարող: Բժիշկները երեք անգամ թե գրավոր, թե բանավոր ասել են՝ մենք հրաժարվում ենք: Առողջապահության նախարարության գրության մեջ մերժում է, որովհետեւ այդ բուժումը Հայաստանում էլ կա:
Ասում եմ՝ երեք տարի բոլոր վերականգնողական կենտրոններում եղել եմ: Առաջընթաց ունեմ, հիմա հասել է այն ստադիային, որ այլեւս չեն կարողանում ոչ մի բան անել: Եթե ութ ամիս առաջ գնացած լինեի Գերմանիա, ես բոլորի նման հավասար կքայլեի: Ես մտածում էի՝ թող մի տարի ուշ լինի, բայց Հայաստանում լինի: Որ քայլում եմ, դա առաջընթաց է: Սրանից ավելին այստեղ հնարավոր չէր հասցնել: Ուղղակի Աստծո կամքով, իմ համառ բնավորության շնորհիվ քայլում եմ»,- ասաց Հայկը:
Հայաստանում, ըստ նրա, իր հետ չեն համարձակվել աշխատել, երբ բեկորը ողնուղեղից հեռու էր դեռ մեկ միլիմետր, իսկ Գերմանիայում աշխատելու են նորագույն տեխնոլոգիաների ու սարքավորումների միջոցով: Նա, սակայն, չի բացառվում, որ արդեն ողնուղեղին հասած բեկորի դիրքը նրանց էլ թույլ չտա վերականգնողական բուժում իրականացրել:
«Երեկ եմ անձամբ հետները խոսել: Իրենք հարցնում են՝ ցավեր կա՞ն, ես ասում եմ՝ չէ: Ասացին՝ ուրեմն դա չի խանգարում, բայց ամեն դեպքում պետք է նորից հետազոտենք»,- հույսը չի կորցնում երկու երեխաների հայրը:
Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ ուսումնասիրվում են Գերմանիայում կատարված վերջին հետազոտությունների պատասխանները` հասկանալու, թե նախարարությունն իր լիազորության սահմաններում ինչով կարող է աջակցել Հայկ Սելխիյանին: Մեր ճշտող հարցին, թե վերը նշված մերժումն արդյոք չի՞ եղել նոյեմբերին Հայկի անցած հետազոտությունից հետո, թե՞ նախարարությունը կրկնակի է ուսումնասիրում գործը, պատասխան չստացանք:
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից նույնպես փորձեցինք պարզել, թե Հայաստանում առաջարկվող վերականգնողական բուժումն ինչով է զիջում Գերմանիայում առաջարկվողին, եթե զիջում է:
Այստեղի լրատվական ծառայությունից էլ պատասխանեցին, որ Գերմանիայում Հայկ Սեխլիյանին վերականգողական բուժում տրամադրելուց առաջ պետք է որոշակի միջամտություն արվի, որը ենթադրում է պոմպի տեղադրում ողնուղեղում: Դա չի մտնում այս կենտրոնի գործառույթների մեջ, ի տարբերություն վերականգնողական բուժման: