Որոշել ենք քեզ խայտառակ ձևով գործից ազատել. ՀԷՑ-ի աշխատակցի խոսքով՝ իրեն ստիպում են բաժանորդների վրա ավել գումար գրի

ANIMALI CELEBRI

Այսօր ArmDaily.am-ի խմբագրությունը ահազանգ էր ստացել ՀԷՑ Արաքս մասնաճյուղի Արարատ Էլցանցի աշխատակից Սևադա Միսակյանից, ով նշում էր, որ իրեն ցանկանում են ապօրինի ազատել աշխատանքից:

«Աշխատանքի ընթացքում բոլորին տալիս էին 50 հազար դրամից ավել պարգևավճար, ինձ տալիս էին 8 հազար դրամ, 30 հազար դրամ, ու ամեն անգամ երբ հարցնում էի թե ինչու են քիչ տվել, ասում էին դա մեր ձեռքն է՝ կուզենք կտանք, կուզենք՝ չենք տա:

Իսկ վերջերս էլ ենթակայաններից մեկի հետ խնդիրներ կար՝ ցածր էր եղել, դա էլ իմ մեղքը չէ, գույքագրում եմ արել, թիվը ցածր է եղել, իրենց պետք է 94-95տոկոս գույքագրում, բայց ես հանձնել եմ 91.8 տոկոս գույքագրում, որն իմ մեղավորությունը չէ, իրենց մեղավորությունն է:

Տեղամասի պետի՝ իրացման գծով տեղակալ Արամ Գալստյանը կանչել էր ինձ իր մոտ, ասաց, որ չեն կարող իմ հետ աշխատեն, վերցնեմ տանեմ դա դզեմ բերեմ: Ասեցի եթե կիլովատը դա է՝ ես արհեստական տանեմ բնակիչների վրա ավելացնեմ բերե՞մ, ոնց որ մյուսներն են անում՝ ավել գրելով պարգևավճարներ ստանալու համար:

Ասեցի՝ եթե սխալ է, ստուգեք ենթակայանը, դզեք տոկոսը, տվեք ինձ՝ եթե կա: Իրացման բաժնի պետն ասաց՝ որ տենց ա՝ քեզ հաջողություն, ես չունեմ էլ քո հետ խոսելու: Մի քանի օր հետո Գալստյանի անունից զանգել կանչել էին ինձ, մեկ օր հետո գնացի, դռնից մտա ներս, ասում ա չասեցի՝ տար դզի բեր:

Ասեց՝ մենք եկել ենք էն եզրահանգման, որ որոշել ենք քեզ խայտառակ ձևով գործից ազատենք: Ես էլ ասեցի՝ դիմում եմ գրելու ու մեջը նշելու եմ, որ չստանալով համապատասխան պարգևավճար, ինձ ստիպում են բնակիչների վրա հավելագրում անելու, աշխատացնում են, չեն վճարում, խնդրում եմ ազատել ինձ աշխատանքից:

Գնում մյուսներին ասում է, որ ինձ խայտառակ ձևով հեռացնելու է ու անվտանգություն է կանչելու, որ գա, ծառայողական քննություն է անցկացնելու»,- ասաց Միսակյանը:

Նա նաև նշեց, որ դիմում գրել է 2019թ-ի հուլիսի 6-ին, որպեսզի ընդունվի աշխատանքի, հրամանը եկել է սեպտեմբերի 12-ին, իսկ այդ ընթացքում ինքն ապօրինի աշխատել է ու չի վարձատրվել:

ArmDaily.am-ի հետ զրույցում Արամ Գալստյանը նշեց, որ համապատասխան ինֆորմացիան ճշտելու համար դիմենք իրավաբանական բաժին, ովքեր կմանրամասնեն:

Դիտարկմանը, որ զրույցը Ձեզ հետ էր եղել ու Միսակյանը պնդում է, որ Դուք եք իրեն հորդորել դիմում գրել, այլապես խայտառակ ձևով կհեռացնեք աշխատանքից՝ Գալստյանը արձագանքեց. «Ես տեղեկացրել եմ աշխատանքային թերությունները»:

Ճշտող հարցին՝ Ձեր կողմից աշխատանքից ազատման դիմում գրելու պահանջ չի՞ եղել՝ նա նշեց.

«Մենք իր աշխատանքային թերություններն ենք ներկայացնում, որի հետևանքով ինչ է տեղի ունենում, դա ներկայացնում ենք նաև մեր ղեկավարությանը, ես չգիտեմ՝ դուք ինչեր եք խոսում, ինչեր եք ասում, ամեն դեպքում նման բաներ չի եղել»:

Մեզ հետ զրույցում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանն ասաց, որ նշված աշխատակցի աշխատանքի հետ կապված ընկերությունը թերություններ է հայտնաբերել եւ ներկա դրությամբ ընթանում է ծառայողական քննություն, իսկ արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Աղբյուր

Rate article