Քննիչ հանձնաժողովի նպատակը ոչ թե ինչ-որ մեկին պատժելն է, այլ ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքների լիարժեք ուսումնասիրումը, որպեսզի հետագայում բացառվեն դեպքերը, երբ հայկական զինուժը կարող է պատրաստ չլինել այդպիսի զարգացումների: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ փաստացի հայտարարելով ապրիլյան քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծման քաղաքական որոշման շրջանակում ամենակարևորը:
Գործնականում Նիկոլ Փաշինյանն արձանագրել է այն, ինչի մասին ընթերցողների հետ խոսել ենք նրա մայիսի 20-ի ելույթից գործնականում անմիջապես հետո՝ արձանագրելով, որ այդ ելույթն ընդհանրապես շատ ավելի լայն քաղաքական և ռազմաքաղաքական համատեքստ պարունակող գործընթացի մաս էր, և գլխավոր խնդիրը Հայաստանի ոչ միայն ռազմական, այլև քաղաքական կենսունակության և իմունային ամուր համակարգի ձևավորումն է:
Ապրիլյան քառօրյա պատերազմը, ինչպես թերևս ցանկացած պատերազմ, ունի պատճառ ոչ միայն հակառակորդի ագրեսիայի տեսքով: Ադ ագրեսիան և ռազմատենչությունն անշուշտ առաջնայինն են՝ որպես պատերազմի պատճառ, սակայն մյուս կողմից՝ Ադրբեջանը բացարձակապես զուրկ է այնպիսի աշխարհաքաղաքական կշռից, որ լինելով ագրեսիվ և ռազմատենչ, այդուհանդերձ, ինքնուրույն որոշի՝ հարձակվե՞լ Արցախի և Հայաստանի վրա, թե՞ ոչ:
Ադրբեջանն այդպիսի որոշում կարող է կայացնել ռազմաքաղաքական լայն հանգամանքների, այսպես ասած, բարեհաջող դասավորության դեպքում: Իսկ դա ներառում է բազմաթիվ գործոններ, բնականաբար այդ թվում նաև միջազգային քաղաքականության համատեքստում, ուժային կենտրոնների վարքագծի և որոշումների համատեքստում:
Այդ մասին էլ մենք բավականաչափ խոսել ենք և անկասկած դեռ կխոսենք: Սակայն տվյալ պարագայում Հայաստանի խնդիրը շատ պարզ է: Եթե եղել է պատերազմ, ապա բնականաբար ապահովվել է Ադրբեջանի ագրեսիվության պատերազմական դրսևորման ռազմաքաղաքական միջավայր:
Հետևաբար Հայաստանը՝ բնականաբար ներառյալ Արցախը, որ եղել է այդ պատերազմի, ագրեսիայի թիրախ, խնդիր ունի հասկանալու, թե արդյոք ունեցե՞լ է Ադրբեջանի պատերազմ սկսելու սանձարձակությանը լեգիտիմություն հաղորդած ռազմաքաղաքական մթնոլորտի ձևավորման հարցում իր թերացումը: Սա ներառում է թե՛ զինուժի կառավարման, թե՛ քաղաքական «ծրագրավորման» ասպեկտները:
Խորհրդարանի քննիչ հանձնաժողովն էլ այդ առումով այն ձևաչափն է, որը կարող է համադրել այդ երկու ասպեկտների զուգահեռ, փոխլրացնող ուսումնասիրությունը, պատկերը, ըստ այդմ՝ Հայաստանի հնարավոր, իսկ մեր գնահատմամբ՝ ակնառու մի շարք բացթողումներ վեր հանելու, արձանագրելու և ըստ այդմ՝ մոտ կամ հեռու ապագայում դրանք բացառելու համար:
Ապրիլյան քառօրյայից հետո անվտանգության միջազգային միջավայրն ու ռիսկերի գեներացման հանգամանքները ոչ միայն չեն նվազել, այլև թերևս բազմապատկվել են: Ըստ այդմ՝ Հայաստանի համար անվտանգության առանցքային խնդիր է դառնում դրանց կանխարգելիչ կարողությունների բարձրացումը, որին պետք է միտված լինի ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքը: Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքական նոր իրավիճակը տալիս է դրա հնարավորությունը, թեկուզ ավելի քան երեք տարի անց:
Սա այն դեպքն է, երբ տեղին է «լավ է ուշ, քան երբեք» արտահայտությունը, որպեսզի ձգտենք «երբեքի» հասցնել Ադրբեջանի ագրեսիվության պատերազմական դրսևորման ռազմաքաղաքական մթնոլորտի ձևավորման հավանականությունը: