Տղե՛րք, բոլորիցդ ներողություն ենք խնդրում այս սրբապիղծ արարքի համար:
Դուք չընկաք, որ ձեր ազատագրած երկրում իսկ անարգվեք:
Դուք չընկաք, որ անգիտակիցների թիվը շատանա Հայրենիքում:
Դուք հայոց հայրենիքի սահմանները չընդարձակեցիք, որ այստեղ ազատորեն «բուծվեն» ձեր գործն ու հայրենիքն անարգողները։
Մենք չգիտենք, թե ո՞ւմն են այս ոճրագործ ձեռքերը։ Հիմա այլեւս անկարեւոր խնդիր է դա։ Հետեւելով ձեր օրինակին՝ մենք արթուն պիտի մնանք արտաքին թշնամու առջեւ, այն թշնամու, որի դեմ ձեր պայքարն ունեցավ փառավոր ավարտ։
Ներեցեք, տղե՛րք, այս սրբապիղծները մեզնից չեն, չեն կարող լինել։ Դուք շարունակեք ձեր հավիտենական հանգիստը։ Իսկ մենք կմնանք արթուն պահակներն այն բարձրագույն արժեքին՝ Հայրենիքին, որի համար դուք նվիրաբերեցիք ձեր ամենաթանկ գանձը՝ ձեր կյանքը։
Ներեցե՛ք մեզ, տղե՛րք։ Բայց մենք պիտի չներենք։
Միգուցե դուք կարողանաք ներել։ Բայց մենք՝ երբե՛ք։