Մա՛մ, ա՛յ Մամ, կներես, հա…Կյանքում ամենաշատ ծաղկեփնջերը պիտի քոնը լինեին, բայց նվիրել եմ հազար ու մի արժան ու անարժան աղջիկների

ANIMALI CELEBRI

-Մա՛մ, ա՛յ Մամ, կներես, հա՞։
-Ինչի՞ համար, տղա՛ս։
-Ամեն ինչի, Մա՛մ, ամեն ինչի։
-Ինչ-որ վատ բան ես արել, հա՞։
-Չէ՛, Մա՛մ, վատ բան չեմ արել, բայց լավ բան էլ չեմ արել։
-Բայց ի՞նչ պիտի անեիր, որ չես արել:
-Ամեն, ամեն ինչ պիտի անեի, Մա՛մ։
Կյանքում ամենաշատ ծաղկեփնջերը պիտի քոնը լինեին, բայց նվիրել եմ հազար ու մի արժան ու անարժան աղջիկների, և երբեք չեմ գնահատվել։Իսկ քե՞զ, քեզ մեկ հատ վարդն էլ բավական է, որ ծաղկես, աչքերդ փայլեն ու դառնաս աննկարագրելի գեղեցիկ։Որ այդ օրը քեզ համար տոն դառնա, որ երջանիկ լինես քո զավակներով, որ կտրվես քո առօրյա հոգսերից, որ անցածդ կյանքից չդժգոհես ու գոհ լինես տարիների քո տանջանքից, քո այն անքուն գիշերներից, որ մեզ օրորել ու մեծացրել ես։Եվ այդ ամենի համար քեզ պետք է ընդամենը մեկ վարդ և չնչին ուշադրություն, ուրիշ ոչինչ։Ես հաճախ մոռանում եմ, որ բացի Մայր լինելը, դու կին ես` կանացի նազուտուզով, ուշադրության ծարավով ու փխրուն սրտով։


Մա՛մ, ա՛յ Մամ, այդ ինչպե՞ս է լինում, որ սիրտդ մեկը վերցնում, տեղը հազարն է տալիս։Մի՞ թե քո սիրտն այս կեղտոտ դարում ոչնչով չի վարակվում։Մի՞ թե քո Մայրական սերն այքան պինդ է,որ կարողանում է մեր օրերում այդքան ջինջ ու մաքուր մնալ։ Մի՞ թե դու չես հոնգում մեզնից…
Մա՛մ, ա՛յ Մամ, ես պիտի շուտ վերադառնայի տուն, որ դու հանգիստ քնեիր։ Փոխարենն ընկերներիս հետ մինչև ուշ գիշեր ռեստորաններում նստել ու Մայրերի կենացն եմ խմել։Իսկ դու լուսամուտի մոտ կանգնած՝ սիրտդ թրթռալով ինձ ես սպասել ։
Մա՛մ, ա՛յ Մամ, կներե՛ս, հա՞, որ չեմ նստել կողքիդ, չեմ հետաքրքրվել, թե ի՞նչ խաղեր ես խաղացել փոքր հասակում, ի՞նչ երազանքներ ես ունեցել պատանեկության տարիներին,և ի՞նչ լավ ու վատ պատմություններ ունես քո երիտասարդ տարիներից։Վստահ եմ, որ մանկությունից պատմելիս կմանկանայիր, պատանեկությունից պատմելիս կաշխուժանայիր, իսկ երիտասարդ տարիներդ հիշելիս էլ ավելի կգեղեցկանայիր ու մտովի մի պահ հետ կգնայիր այնտեղ, որտեղ դու հոգսեր չես ունեցել, երբ մեզ չես ունեցել, անվերջ երգել ու պարել ես, իսկ ժպիտը` երեսիցդ անպակաս է եղել։
Մա՛մ, ա՛յ Մամ, հավատա` ես մեղավոր չեմ,մարդն է այդպես ստեղծվել։Չկա մեկը, ով չխորտակվի մեծ սիրո մեջ, հաճախ չչարաշահի ու շատ ժամանակ չարհամարհի այն` վստահ լինելով, որ այնտեղ միշտ էլ տեղ կգտնվի ներողամտության համարվ։ Գիտեմ` դու ինձ կհասկանաս, քանի որ քո պես Մայր դու էլ ես ունեցել ու շատ հաճախ դու էլ ինձ պես գիտակցել ես, որ ամենաարժան զավակը միշտ էլ անարժան է իր Մոր սիրո դիմաց։
Սիրում եմ քեզ, Մա՛մ։Բայց մեկ է` վստահ եմ, որ այսքանը գիտակցելուց ու խոստովանելուց հետո, էլի ու էլի չարաշահելու եմ սերդ,իսկ դու` էլի ու էլի ինձ միշտ անմնացորդ սիրելու ու ներելու ես։

Ն.Բեկթաշյան
(Visited 204 times, 66 visits today)
Rate article