«ՌԴ-ում հավասարակշռված և հանգիստ են վերաբերվում ԼԳԲՏ համայնքին»,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով աշխարահռչակ երգիչ Էլթոն Ջոնի քննադատությանը:
-Էլթոնը հանճարեղ երգիչ է, բայց մոլորության մեջ է,- կարծում է ՌԴ նախագահը: Նա նաև հիշեցրել է, որ Ռուսաստանում գործում է անչափահասների շրջանում հոմոսեքսուալիզմի պրոպագանդայի արգելք: Այդ օրենքն, ի դեպ, սուր քննադատվում է մի քանի երկրներում:
«Մենք ոչ մեկի դեմ չենք, մենք մեզ ենք պաշտպանում»
«Թողեք թող մարդը մեծանա, հետո որոշի, ով է ինքը: Հանգի՛ստ թողեք երեխաներին: Ես արդեն ասել եմ մի առիթով ՝ 5-6 սեռ են հորինել, ես չեմ հասկանում՝ դա ինչ է»,- ասել է Պուտինը: Նաև նկատել է, որ հասարակության այդ մասն ակտիվ քարոզում է իր տեսակետը մեծամասնությանը: Պուտինը նաև առաջարկել է ավելի հանդուժող ու բաց լինել միմյանց նկատմամբ:
Իսկ թեմայի շուրջ խոսելու առիթն անգլիացի երգիչ Էլթոն Ջոնի հրապարակավ արտահայտած կարծիքն էր Պուտինի մասին: Նա ասել էր, որ ԼԳԲՏ համայնքի մասին Պուտինը երկերեսանի վերաբերմունք ունի: Մի կողմից ՌԴ առաջնորդն ասում է, թե ԼԳԲՏ համայնքի հետ իրավական խնդիրներ չկան, մյուս կողմից երգչի մասին ֆիլմը գրաքննության ենթարկվեց հենց Էլթոնի ոչ ավանդական սեքսուալ կողմնորոշման պատճառով:
Հիշեցնենք՝ հունիսի 27-ին Վլադիմիր Պուտինը հարցազրույց էր տվել բրիտանական Financial Times թերթին և ասել, որ Ռուսաստանում դեմ չեն ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, մաղթել էր նրանց բոլորին առողջություն և խորհուրդ տվել ապրել այնպես, ինչպես գտնում են ճիշտ:
Էլթոն Ջոնի մասին պատմող «Ռոքեթմեն» կենսագրական ֆիլմը ցուցադրվում է հունիսի 6-ից: Ֆիլմի ռուսական տարբերակից անհետացել են հոմոսեքսուալիստների համբուրվելու և անկողնային տեսարաները, բացի այդ, նաև թմրամիջոցների մասին պատմող հատվածները:
«Централ Партнершип» ընկերությունը, որը զբաղվում է ռուսական շուկայում ֆիլմի վարձույթով, հիմնավորել է, թե «համապատասխանեցնում են ՌԴ օրենսդրությանը»: