Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ «Հայաստանը չի կարող լիարժեք անկախ պետություն համարվել, քանի որ այդ երկիրը ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը»:
«Այսօր Հայաստանը բացահայտորեն ընդունում է, որ չի կարող ապահովել իր անվտանգությունը, պահպանել իր սահմանները եւ ի վիճակի չէ ապրել իր հաշվին: Նման իրավիճակում անկախության մասին խոսք լինել չի կարող: Հայաստանն անկախ երկիր անվանելը բոլորովին անհիմն է. նրա մոտ բացակայում է անկախ երկրին բնորոշ հատկանիշների ճնշող մեծամասնությունը», — ասել է Ալիեւը:
Նա նշել է, որ «2020 թվականի աշնանը Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ադրբեջանը ոչնչացրեց Հայաստանի մասին բոլոր առասպելները» ու ընդգծել, թե Ադրբեջանի կողմից պատերազմի ավարտը ողջամիտ քայլ էր:
«Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, եւ պատերազմն ավարտվեց: Մեզ համար ողջամիտ էր պատերազմի ավարտը: Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի եւ Լաչինի շրջանների ազատագրման հարցում: Այս տարածաշրջանների կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Ձմեռն էլ մոտենում էր», — ասել է նա: